«Այսօր հավաքվել ենք Եվրամիության գրասենյակի առջև՝ Եվրամիությանը հիշեցնելու Մարդու իրավունքների, ազատությունների եվրոպական կոնվենցիայի նորմերի և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին: Եվ ոչ միայն այս գրասենյակին, այլև նաև այս գրասենյակի կողմից համակարգվող մի շարք եվրոպական դեսպանատներին հիշեցնելու, թե ինչ են նշանակում մարդու իրավունքները և որքանով են դրանք պաշտպանված Հայաստանում: Քիչ առաջ իմ գործընկերները խոսեցին, ներկայացրեցին այն աղետալի պատկերը, որ մենք Հայաստանում արձանագրում ենք մարդու իրավունքների համատեքստում:
Մեզ մանանայի պես, այսպես ասած, վաճառած մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և այլ խոստումները, որով իշխանության եկավ քաղաքական խումբը, բոլորովին այլ պատկերի առաջ է այսօր առերեսել հայ մարդուն: Հայտարարված արժեքները և իրականությունը բացարձակապես միմյանց հետ կապ չունեն: Կապ չունեն միմյանց հետ հայտարարված մարդու իրավունքները, Սահմանադրությունը և օրենքները, և իրականությունը: Այն, որի մեջ ապրում ենք Հայաստանում, դե ֆակտո մեկ իրականություն է, թղթի վրա՝ բոլորովին մեկ այլ իրականություն»,- Հայաստանում ԵՄ գրասենյակի առաջ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Եվ քանի որ այստեղ, այս պահին գտնվում ենք Եվրամիության գրասենյակի առաջ՝ գրասենյակ, որը նաև ունի պարտականություն միջազգային կառույցների ճանապարհով գնահատել, արժևորել, բարձրաձայնել այն իրողությունները, որոնց հետ մարդու իրավունքների համատեքստում բախվում է Հայաստանը, մատնվել են կրկնակի ստանդարտների և լռության քաղաքականության: Մեր պարագայում լռությունը նաև հանցագործություն է: Իսկ իրականում ի՞նչ ունենք. քիչ առաջ ընկերուհիս ասաց՝ 10 000-ից ավելի բանտարկյալներ կամ քրեական տարբեր գործերով անցնող մարդիկ, որոնք կարող են ԵԽԽՎ-ի 1900-րդ բանաձևի բոլոր չափանիշներով գնահատվել որպես քաղաքական բանտարկյալներ:
Կարդացեք նաև
Ահա իմ թիկունքում մի քանի նկարներ են մեր գործընկերների՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Արեգնազի, որի առիթով ենք հենց այստեղ, Սամվել Վարդանյանն է իմ թիկունքում, և տասնյակներ, հարյուրավոր նկարներ, որոնց նկարները կարող էին այստեղ լինել, բայց այս պահին այստեղ չեն: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ վաղուց Հայաստանում արդարադատությունը ծառայեցվում է ոչ թե հենց արդարությանը, այլ քաղաքական նպատակադրումներին:
Արեգնազը ուղղակի կին քաղբանտարկյալների շարքում հերթական զոհերից մեկն է, բայց մենք նաև նրանից առաջ ունեցել ենք Լիդիա Մանթաշյանի դեպքը և ունեցել ենք այս կառույցների լռությունը: Բոլորս նախընտրական շրջանում էլ ավելի ակնհայտորեն բախվեցինք այն հանգամանքին, որ առաջատար քաղաքական ընդդիմադիր ուժերի առաջնորդները կամ այսօր կալանավայրում են, կամ էլ դատապարտված են կալանքի այլ ռեժիմների: Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական մտքի լռեցում, ազատ խոսքի լռեցում: Եվ բոլորս տեսանք, թե այն ինչ հետևանք և աղետալի հետևանք ունեցավ ամբողջ հետընտրական պատկերի վրա: Հայաստանում վաղուց պիտի արձանագրենք, որ չկա օրենքի և իրավունքի գերակայություն, որը ամենակարևոր արդյունքն է: Ես ուզում եմ նաև, քանի որ այստեղ մեզ շրջապատել են բազմաթիվ ոստիկաններ, մի հանգամանքի մասին էլ խոսել․ բոլոր միջազգային կազմակերպությունները, ի դեպ, արձանագրում են, որ Հայաստանում ոստիկանության և ընդհանրապես արդարադատության մարմինները չունեն անկախության և վերահսկողության որևէ մեխանիզմ, և այդ ինստիտուտը չի գործում: Եվ ամբողջ այս մեր անցնող պայքարի, ընդդիմադիր շարժման պայքարի արդյունքում կամ ընթացքում արձանագրված ոստիկանական խոշտանգումներն ու բռնությունները այդպես էլ որևէ գնահատականի չարժանացան և չունեցան պատասխանատվության որևէ դրսևորում:
Մենք այսօր, իհարկե, այստեղ ենք հիշեցնելու մեր սիրելի ընկերոջը, գործընկերոջը՝ Արեգնազ Մանուկյանին, որ գնահատում ենք այս ամբողջ գործընթացը իբրև քաղաքական հալածանք, նաև մեր հասարակությանն ասելու, որ չկա հաղթանակ առանց պայքարի: Ես այսօր շատ եմ կարևորում թե՛ քաղաքական ուժերի, թե՛ մեր հասարակության քաղաքացիական խիզախումը, առաջնագծում լինելը, որպեսզի կարողանանք միասին ունենալ այն երկիրը (ես հավատում եմ դրան), որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, որտեղ հայ քաղաքացին իսկապես կարողանում է պաշտպանել իր արժանապատվությունը, ինչը սահմանադրական նորմ է:
Ի վերջո, ունենանք մի երկիր, որտեղ պաշտպանված են բոլորի իրավունքները, այդ թվում՝ արցախահայության վերադարձի իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում ես պիտի հատկապես շեշտեմ մեր գերիների վերադարձի հարցը, և դա մեր քաղաքական ուժի, մեր հասարակության թիվ մեկ առաջնահերթությունն է: Պայքարենք միասին, և միայն պայքարով են արձանագրվում հաղթանակները: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում անունը չհնչեցրեցի՝ Իգոր Սարգսյանը՝ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ավետիք Չալաբյանը, որից նամակ եմ ստացել բանտից, Սամվել Վարդանյանն է, քիչ այն կողմ Արմեն Աշոտյանը, Անդրանիկ Թևանյանը, Սրբազան շարժման և Սրբազան պայքարի բոլոր արդարները: Քաղաքական հալածանքի մեծագույն թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին, որը մենք չպիտի հանդուրժենք: Քաղաքական ճնշման թիրախում Հայ Առաքելական Եկեղեցու հայտնվելը մեր համազգային ամոթն է։ Եկեք բոլորս միասին «ոչ» ասենք այս իրականությանը: Ավարտում եմ խոսքս՝ ասելով, որ հաղթանակները միայն պայքարով են արձանագրվում։ Ես հավատում եմ մեր հաղթանակին» ։
Բողոքի ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































