Հայաստանում ԵՄ գրասենյակի առաջ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների բողոքի ցույց է կազմակերպվել: Շուրջ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի եւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության կոչին:

«Կուզեի հիմա թվարկել քաղբանտարկյալներին անուն առ անուն, բայց ցավոք չեմ կարող, որովհետև երեկ մի հաշվարկի արդյունքի մասին իմացա, որ 2018 թվականից առ այսօր ունենք բռնաճնշումների ենթարկվող շուրջ 10000 քաղբանտարկյալներ»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նրա ձևակերպմամբ, Հայաստանի Հանրապետությունը բռնապետական երկիր է, և այստեղ մարդիկ կալանավորվում են ոչ թե հանցանք գործելու, այլ ընդամենը այլ կարծիք հայտնելու համար: «Հազարավոր մարդիկ բռնաճնշումների են ենթարկվում լոկ այն պատճառով, որ չեն ընդունում Հայաստանի ապամոնտաժման քաղաքականությունը այս իշխանությունների կողմից, որ չեն համակերպվում Արցախը որպես հայրենիք չունենալու մտքի հետ: Հետևաբար այս մարդիկ դատապարտված են, որովհետև իրենք ընդամենն ուզում են հայրենիք ունենալ»,-հավելեց նա:
Ռուզաննա Ստեփանյանը, որ ԵՄ գրասենյակի առաջ էր խորհրդանշական ծննդյան տորթով, ասաց, որ նախ ուզում է շնորհավորել Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան տարեդարձը: Նաև հիշեցրեց, որ Արեգնազի հետ աշխատել է 8-9 տարի, և երբ ՆԻկոլ Փաշինյանը ժամանակին դատապարտված էր, Արեգնազ Մանուկյանը, ունենալով փոքր երեխա, անձամբ էր նախաձեռնում գնալ Նիկոլ Փաշինյանի կնոջ ասուլիսները լուսաբանելու, որովհետև ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն անչափահաս երեխաներ ունի, նրա հարցը պետք է բարձրաձայնել: «Նիկոլ Փաշինյան, դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի և բոլոր այն կալանավորների հանդեպ, որոնց երեխաները սպասում են իրենց ծնողներին»,-ասաց Ռուզաննա Ստեփանյանը:


«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես իրավապահ համակարգի նախաձեռնությունները, Հայաստանի դատարանների կողմից արձակված որոշումները, ըստ էության, բռնության տարրեր են պարունակում»,- նշեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը, նաև ընդգծեց, որ բռնությունը ոչ միայն ֆիզիկապես է, այլև հոգեբանական, որն ավելի կոշտ ու ծանր հետևանքներ է իր մեջ ներառում։
Բողոքի ցույցն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































