«Հրապարակի» զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
– ՏԻՄ ընտրություններին իշխանությունները հիմնավոր են պատրաստվում՝ տարատեսակ ու բազմազան ճնշումների գործիքակազմ են կիրառում։ «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, ի՞նչ ճնշումների եք բախվում, ինչպե՞ս են փորձում խոչընդոտել ձեզ։
– ՏԻՄ մակարդակով ճնշումների մասին, կարծում եմ, նորություն չի, որ խոսում ենք։ 2021 թվականից ներդրված համամասնական համակարգը, երբ կուսակցություններն են մասնակցում, մենք բազմաթիվ տեղեր մասնակցել ենք ընտրություններին եւ որոշ ժամանակ հետո ականատես ենք եղել` այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել է, բազմաթիվ ապօրինությունների գնով փորձել են իշխանությունը խլել։ Նույնը մեր հանդեպ Ալավերդիում տեղի ունեցավ, այլ դեպքեր, նաեւ ընդդիմադիր մի շարք համայնքապետերի կալանավորումներ, Վանաձորում 5 տարի է՝ համայնքի ղեկավար չի լինում ընտրել՝ պաշտոնակատար են նշանակել։
Ինչ վերաբերում է այս ընթացքին, այնտեղ, որտեղ մենք ենք նախատեսում մասնակցել, նաեւ ընդդիմադիր այլ գործընկերներ, ականատես ենք լինում այնպիսի դրվագների, երբ մարդիկ նույնիսկ քննարկման պահից են խուսափում ընտրական պրոցեսներում ներգրավվել՝ ի սկզբանե վախեր ունենալով, որ ընտանիքի անդամին, բարեկամին աշխատանքից կազատեն, կվախեցնեն։
Կարդացեք նաև
Մենք տեսանք ԱԺ ընտրություններում, թե ինչ մեծ ռեպրեսիաներ կիրառեցին ընդդիմադիր գործիչների, համակիրների, աջակիցների նկատմամբ, մարդիկ վախենում են նաեւ կալանավորումներից: Իսկ փոքր համայնքներում այդ մթնոլորտը շատ ավելի ցցուն է դրսեւորվում։
Բայց ունենք այն իշխանությունը, ինչ որ ունենք, եւ մենք պայքարելու ենք, որ ժողովրդի վստահությունը ստանանք, համայնքներում եղած խնդիրները բարձրաձայնելով` անել առավելագույնը, որ իշխանությունը քիչ ձայն ստանա եւ քիչ ազդեցություն ունենա։ Տարբեր մեծ ու փոքր խոչընդոտներ հաղթահարելով՝ գնում ենք առաջ։
– Իսկ որո՞նք են ամենախնդրահարույց համայնքները, որտեղ ճնշումներն ուժեղ են, եւ թեկնածուների հետ կապված խնդիրները` շատ։
– Տարբեր համայնքներում տարբեր են խնդիրները։ Ընդ որում՝ այդ ճնշումներում ուժայիններն էլ են ներգրավված։ Կարեւոր մի փաստ արձանագրենք. այս փուլում տեղի է ունենում հետեւյալը, երբ թեկնածուներն անձնագրայինից տեղեկանք են վերցնում` վերջին վեց ամսում հաշվառված լինելու վերաբերյալ, բազմաթիվ տեղերից ստանում ենք ահազանգեր, որ դիմումը գրելուց բառացիորեն մի քանի րոպե հետո այդ ինֆորմացիան հասնում է իշխանություններին, ՔՊ-ականներն իմանում են։ Մարդկանց սկսում են զանգել, հորդորում են ընկերաբար, թե բա` ինչի՞դ է պետք, ինչի՞ ես մասնակցում եւ այլն, եւ այլն։ Սա ուղղակի ակնհայտ օրենքի խախտում է, մարդը պետական կառույցին դիմում է գրում, ու այդ տվյալը միանգամից ոստիկանության անձնագրային բաժնից ինչ-որ ճանապարհով` լոկալ համայնքային, մարզային մակարդակով, թե ամբողջական իշխանության, հասնում է տեղ, սկսում են, այսպես ասած, այդ մարդկանցով զբաղվել։ Ցավով եմ արձանագրում, որ հերթական անգամ մեր ուժային կառույցները, այս պարագայում` նաեւ ՆԳՆ-ի ենթակայության տակ է անձնագրային ստորաբաժանումը, ներգրավված են իշխանության պահպանման գործում։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































