Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը լրացուցիչ քարտ-բլանշ է տալիս Ադրբեջանին, գոնե պետք է լռեն, ոչ թե աջակցող հայտարարություններ անեն»․ Արտակ Բեգլարյան

Սեպտեմբեր 27,2026 16:44 Share

«1990-ականներից ի վեր եղել են ռազմավարական բացթողումներ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման եւ հակամարտության կարգավորման մասով։ Սակայն եթե ավելի կոնկրետ խոսենք, ակնհայտ է, որ եթե չքննարկենք աշխարհաքաղաքական կոնտեքստը, որը մեզնից կախված գործոն չէ, ապա 2020 թվականի պատերազմը մեր կողմից քաղաքական ու ռազմական բացթողումների հետեւանք է եղել անմիջապես այդ տարիներին։ Նաեւ 2020 թվականի պատերազմի ժամանակ ակնհայտորեն կառավարման բավականին շատ խնդիրներ են եղել, եւ կարծես թե խնդիրների մի զգալի մասը նաեւ դիտավորյալ խնդիրներ են եղել քաղաքական մակարդակում։ Եվ հաշվի առնելով Փաշինյանի ու իր վարչակազմի տարբեր հայտարարությունները, արդարացումները, այդտեղ հստակ եզրահանգումներ են արվում, որ շատ բան դիտավորյալ է արվել»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին  պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ 2022-2023 թվականների շրջափակումը եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն այս քաղաքականության ընդհանուր շարունակությունն է, որի վրա բնականաբար ազդել են աշխարհաքաղաքական զարգացումները։

«Բայց այստեղ ամենաէական գործոնը, որը մեզնից էր կախված, Հայաստանի Հանրապետության դիրքորոշման փոփոխությունն էր եւ այդ դիրքորոշումից բխող գործողություններն ու անգործությունը, որ Հայաստանի իշխանությունը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, եւ դրանով պայմանավորված իր կողմնակի հետեւանքներով մենք ստացանք այն, ինչ ստացանք»,- հավելեց Բեգլարյանը։

Հարցին՝ հնարավո՞ր էր որեւէ կերպ կանխել 44-օրյա պատերազմը, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Շատ բան հիպոթետիկ ենք մենք քննարկում, մինչեւ պատերազմի մեկնարկը ցանկացած պատերազմ հնարավոր է կանխել, այսինքն՝ սա քաղաքագիտական աքսիոմա է։ Այլ հարց, թե ինչպես պետք է կանխել՝ կոնկրետ գործողություններ կամ հայտարարություններ չանելով, ուրիշները անելով եւ այլն։ Եվ կարծում եմ, եթե ռազմավարության մասին ենք խոսում, ոչ միայն բուն 2020 թվականի պատերազմի կանխման մասին, Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը երկարաժամկետ պետք է պատրաստվեին այդ պատերազմին, որպեսզի Ադրբեջանը պատերազմը չսկսեր ու բանակցային ճանապարհով գար լուծման։ Սակայն մենք շատ դեպքերում հույս դրեցինք արտաքին գործոնների, արտաքին երաշխիքների վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը ներառյալ, բավական չափով անվտանգային առումով, քաղաքական, ազգային դիմադրողականության առումով պատրաստ չէր այդ պատերազմին։ Չհաշված, ինչպես նշեցի, գործող իշխանությունների դիտավորյալ եւ ոչ դիտավորյալ բազմաթիվ սխալներ, որոնք հանգեցրել են այդ հետևանքներին»։

Ըստ նրա՝ այս իրավիճակից ելքը կայացած, հզոր Հայաստանի Հանրապետություն եւ միասնական հայ ազգ կառուցելն է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը եւ մեր ժողովրդի ազգային դիմադրողականությունը կտրուկ կաճի, որից հետո կունենանք բավարար կապիտալ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած խնդիրները։ Բեգլարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք դա հնարավոր չէ, քանի որ իրենք հակառակ ճանապարհով են գնում եւ հակառակ գաղափարախոսությանն են դավանում։

 

Անդրադառնալով հայ գերիների խնդրին եւ հարցին, թե ՀՀ իշխանության կողմից բավարար ջանքեր գործադրվո՞ւմ են գերիների վերադարձի համար, Արտակ Բեգլարյանն ասաց․  «Ոչ, ու ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարության, սովորական գերիներին ու պատանդներին էլ է դա վերաբերում, բնականաբար՝ ոչ։ Նախ` որովհետև արդյունքները չենք տեսնում, երկրորդը՝ որովհետեւ շատ-շատ ակնհայտ գործողություններ պետք է անեն, որոնք չեն անում, այդ թվում՝ նրանց միջանկյալ պաշտպանությանն ուղղված։ Եվ երրորդը՝ որովհետեւ հաճախակի կամ երբեմն-երբեմն թիրախավորում են այնտեղ գտնվող կոնկրետ անձանց, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը տեղեկատվական-քաղաքական առումով նաեւ դրսեւորում է, որ իրենք չեն էլ ցանկանում, որ այդ մարդիկ վերադառնան։ Երբ երկու հանգամանք իրար կողքի ենք դնում՝ մեկը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հաճախակի թիրախավորումները ու կոնկրետ անձանց՝ նախագահներին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Իշխանյանին, եւ երկրորդը՝ կոնկրետ գործողություններ, որոնք միտված պետք է լինեն նրանց պաշտպանությանը, բայց դրանք չեն անում, այս երկու հանգամանքները ինձ համար առնվազն բավարար են, որպեսզի հստակ ասեմ, որ լուռ չեն էլ աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Անդրադառնալով Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին՝ Արտակ Բեգլարյանն ասաց․ «Բնականաբար, սա ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է, եւ սա սպասելի էր, այնպես չէ, որ անակնկալ է։ Ուղղակի ցավալի մասն այն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն անգործություն են ցուցաբերում դա կանխելու համար, այլ իրենք նաեւ աջակցում են այդ քաղաքականությանը՝ պարբերաբար հայտարարություններ անելով, թե դա Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանն է որոշում՝ ինչ կարող է անել։ Այն դեպքում, որ նույնիսկ եթե այդ ելակետային հանգամանքից ելնենք, որ իրենք ճանաչում են Արցախն Ադրբեջանի տարածք, որը բնականաբար այդպես չէ, նույնիսկ այդ դեպքում որեւէ մեկը իրավունք չունի եկեղեցի քանդելու։ Սա հստակ միջազգային նորմ է։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այդ հայտարարությամբ ուղղակի աջակցում են պատերազմական հանցագործություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին։ Սա արդեն նշանակում է, որ իրենք լրացուցիչ քարտ-բլանշ են տալիս։ Գոնե պետք է լռեն, առնվազն պետք է լռեն, ոչ թե աջակցող հայտարարություններ անեն»։

Ըստ Բեգլարյանի՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ հայկական գործոնի ոչնչացումն է տարածաշրջանում։ «Դա կլինի Սյունիքը գրավելով, դա կլինի Սեւանը գրավելով, դա կլինի Հայաստանի Հանրապետությունը վերջնականորեն փլուզելով, դա կլինի տնտեսական էքսպանսիայով, սա ուղղակի մեթոդների, միջոցների ընտրության հարց է։ Բայց ակնհայտորեն իրենք պահում են նույն ցեղասպանական նպատակները, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն է»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930