Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից հրապարակված նոր սահմանադրության նախագծին։ Կայքը նշում է, որ սահմանադրության նախագծում տեղ չեն գտել այնպիսի հղումներ, որոնք տարածքային հավակնություններ են ենթադրում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ «Diken»-ում մասնավորապես մեջբերվել է սահմանադրության նախագծից այս հատվածը, որտեղ նշվում է.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդս, մեր պետականության շարունակականության և զարգացման նպատակով, միջազգային ճանաչում ունեցող մեր տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու վճռականությամբ առաջնորդվելով՝ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել ու վերնագրել հրապարակումը՝ «Հայաստանի նոր սահմանադրության նախագիծ. Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները վերացված են» ու շեշտվում է, որ սահմանդրության նախագծում Արարատ լեռը որպես խորհրդանիշ կա, բայց որպես տեքստային ձևակերպում չկա։ Ըստ կայքի՝ գործող Սահմանադրության 21-րդ հոդվածում դրույթներ կան երկրի զինանշանի վերաբերյալ, որում պատկերված են դրոշը, Նոյյան տապանը և Արարատ լեռը։
Նախագծում շեշտվում է, որ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը։ Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են հանրաքվեով ընդունված օրենքով»։ Ըստ կայքի՝ զինանշանի և խորհրդանիշների մանրամասները չեն ներկայացվում։
Կարդացեք նաև
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ուշագրավ մեկ այլ փոփոխություն էլ աշխարհիկության սկզբունքի ներառումն է առաջին հոդվածում։ Նախագծում այդ դրույթը ձևակերպվել է հետևյալ կերպ․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ և սոցիալական իրավական պետություն է»։
Ըստ «Diken»-ի Հայաստանի ընդդիմությունը դեմ է նոր սահմանադրության նախագծին, իսկ Ադրբեջանի արտգործնախարարն էլ այն դրական է գնահատում։ Մասնավորապես շեշտվում է, որ Հայաստանի ընդդիմությունը նախագիծը համարում է «Բաքվի թելադրանքով պատրաստված միակողմանի զիջում»։ Ընդդիմադիրները նաև պնդում են, որ նախագիծը ջնջում է երկրի պատմական և ազգային ինքնությունը։
Թուրքական լրատվամիջոցի հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի հիմնական խնդիրը Ղարաբաղի շուրջ տարածքային վեճն էր։ Իսկ 44-օրյա պատերազմից, այնուհետև 2025-ին ԱՄՆ-ում երկրների միջև ստորագրված «խաղաղության» վերաբերյալ համատեղ հռչակագրից հետո Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ պատերազմական վիճակը դադարեցնելու հարցում կողմերը համաձայնության են եկել 80 տոկոսով։
«Ստորագրության ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է։ Քանի դեռ այն չի փոխվել, խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի»,- ասել էր Ալիևը։



















































