Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի դիմաց ստանում է անորոշություն, իսկ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց չկա

Նոյեմբեր 23,2026 13:43 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բազմաթիվ անգամներ նաև խոսել ենք Ադրբեջանի էներգետիկ գաղութացման ռիսկի մասին։ Եթե մեծ համակարգը միացնում ես փոքր համակարգին, ակնհայտ չէ՞՝ ով է էդտեղ դառնում դոմինանտը։ Հիմա սրան գումարենք ՀԷՑ-ի ռեյդերությունը, խլումը, սրան էլ ավելացնենք վերջերս Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Ջեֆրի Սաքսին՝ 880 գիգավատանոց կանաչ միջանցքի մասին։ Այստեղ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ուղղակի էներգետիկ էքսպանսիայի, էներգետիկ կլանման քաղաքականություն է իրականացնելու»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հարցը վերաբերում էր ԹՐԻՓՓ նախագծին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր տրվելու է նաև նախագծի մեկնարկը։ Լրագրողը հիշեցրել էր, որ ընդդիմությունը մտավախություններ ուներ «ֆրոնտ օֆիսի» և «բեք օֆիսի» հետ կապված, և հետաքրքրվել՝ եթե նախագիծն այս իրավիճակով մեկնարկի, ի՞նչ կունենանք արդյունքում։

«Ինչպե՞ս են հիմնավորելու, օրինակ՝ տվյալների մշակման սերվերներով, որը իրենք մարդկանց շփոթեցնելու համար գործարան են կոչում։ Հիմա, հավանաբար, նկատել եք՝ ամբողջ աշխարհում հզոր շարժում է գնում այդ սերվերների, սերվերային տնտեսությունների դեմ։ Իրենք բերել, դա դրել են Հայաստանում, բայց խնդիրը, կրկնում եմ, շատ կարևոր է, և մենք տեսնում ենք Ադրբեջանի էներգետիկ գաղութացման հստակ նկրտումները։ Հիմա Ադրբեջանը Եվրոպայի հարավային մի քանի երկրներ շարունակաբար էներգետիկ շանտաժի է ենթարկում, պարզ է, չէ՞, որ Հայաստանի գլխին դա մի հավելյալ մահակ է լինելու, ինչպես որ եղավ 1990-91-ին, որ կոչում են «ցուրտ ու մութ» տարիներ։ Ցուրտ ու մութ էր, որովհետև Ադրբեջանը լարերն էր կտրել, խողովակներն էր պայթեցրել և մազութ բերող գնացքներն ու կամուրջներն էր պայթեցնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի մասին հարցին էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսպես պատասխանեց.

«ԹՐԻՓՓ»-ի մասին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին մենք իմացանք անցած տարվա օգոստոսի 8-ին, հայ հանրությունը իմացավ օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ստորագրվեց և նախաստորագրվեց համապատասխան խաղաղության պայմանագիրը, նաև տրվեց «ԹՐԻՓՓ»-ի անունը։ Փաստացի մեր գնահատականն այնպիսին է, որ և ընդհանուր մեր հայ իրականության մեջ բոլորի մոտ այն տեսակետն էր մինչև բոլորովին վերջերս, որ «ԹՐԻՓՓ»-ը և խաղաղության պայմանագիրը ընդհանուր մի գործընթացի երկու կարևոր բաղադրիչներն են։ Հայ իրականության մեջ «ԹՐԻՓՓ»-ը և խաղաղության պայմանագիրը նույնականացվում էին, հիմա, եթե նույնիսկ շատերի հետ էլ զրուցեք, շատ մարդիկ «ԹՐԻՓՓ» ասելով հասկանում են խաղաղության պայմանագիր, և հենց այստեղ է ամենակարևոր առանձնահատկությունը։ Այսօր «ԹՐԻՓՓ»-ը բերվել է խորհրդարան, վավերացվել է, այսօր էլ նաև արդեն շինարարության ընթացքը տրվելու է, որը որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ ճանապարհի մասին համաձայնագիր է։ Մեր իրականության մեջ մենք այս ճանապարհը տալիս ենք խաղաղության դիմաց, և փաստացի ունենք հիմա իրավիճակ, երբ որ խաղաղության պայմանագրի մասով բազմաթիվ հարցեր կան, անորոշություն կա, տեղից գործընթացը չի շարժվում։ Միևնույն ժամանակ «ԹՐԻՓՓ»-ն արդեն ընթացքի մեջ է և տարիներ հետո գործարկվելու է։

Արարատ Միրզոյանին, երբ որ մեր ընկերները հարց ուղղեցին՝ հնարավո՞ր է դեպք, երբ որ «ԹՐԻՓՓ»-ը պատրաստ լինի, այսինքն՝ անխոչընդոտ ճանապարհն արդեն տրամադրվի, իսկ խաղաղության պայմանագիրը դեռևս չստորագրվի, նա հաստատեց, ասaց՝ այո՛, հնարավոր է, որ նման դեպք կլինի։ Սա վկայում է նրա մասին, որ մենք տալիս ենք՝ Հայաստանի Հանրապետությունը տալիս է անխոչընդոտ ճանապարհ, դիմացը ստանում է անորոշություն, և այսօր Ադրբեջանից հնչող նաև այն հռետորաբանությունը առ այն, որ փոխեք ձեր Սահմանադրությունը, ինչպես նաև արդեն նոր զիջումների ակնարկ է հնչում։ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից, ինչպես նաև պարբերաբար այլ պահանջներ են հնչում այս թեմայով։ Խոսում են այն մասին, որ Ադրբեջանը առաջիկայում հնարավոր է նաև նոր զիջումների պահանջ ներկայացնի Հայաստանին, այսինքն՝ մենք չունենանք խաղաղություն, փոխարենը ունենանք նոր զիջումներ՝ «զիջումներ առանց խաղաղության» կոնցեպտն է փաստացի սա, որը որ առաջ է տանում ներկայիս իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30