Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ օպերային երգչուհու «ոսկե աշունը»

Նոյեմբեր 23,2026 16:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդեն խորը աշուն է, և հայաստանյան այս շրջանը հարուստ է թե՛ ավանդական գաստրոնոմիական փառատոներով, թե՛ խոշոր միջազգային երաժշտական ու թատերական իրադարձություններով: Aravot.am-ն անդրադարձել է արդեն կայացած Գրքի երևանյան, Դիլիջանի արվեստի և արհեստների, Գաթայի փառատոներին, Երևանյան երաժշտական, «Հայաստանի գույները» ջրաներկի, «Հայֆեստ» թատերական, Խաչատրյանի անվան միջազգային փառատոներին: Եվ մինչ բնությունը դանդաղում է՝ նախապատրաստվելով ձմռանը, մշակութային օրացույցը կարծես էլ ավելի արագանում է նաև ճանաչված հայ և հրավիրյալ արվեստագետների ելույթներով ու վերջիններիս մասնակցությամբ բազմաբնույթ նախագծերի ցուցադրմամբ: Աշնանային այս բազմաբնույթ ու բազմաժանր մշակութային միջոցառումներն անցկացվում են նաև տարբեր երկրներում, տարբեր ձևերով, և հաճախ դրանց մասնակիցն են դառնում հայաստանցի արվեստագետները ևս:

Վերջերս օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հրավերով, հանդես է եկել Բեռլինում՝ մասնակցելով Ումբերտո Ջորդանոյի «Անդրեա Շենիե» օպերայի համերգային կատարմանը: Երիտասարդ երգչուհին ելույթ է ունեցել միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղերի՝ Լյուդովիկ Տեզիեի, Անջելո Վիլլարիի և Կարմեն Ջիաննաստազիոյի հետ:

Բելլա Ամարյանի դեբյուտը մեր օպերային թատրոնում 2024 թվականին էր՝ Կարմենի դերերգով՝ Բիզեի համանուն օպերայում: Մինչ օրս երգչուհին արդեն մի քանի անգամ հանդես է եկել այս դերերգով՝ արժանանալով մասնագետների և հանդիսատեսի հավանությանը: Իսկ ինչո՞վ է առանձնանում նրա Կարմենը: Նախ փոխանցենք այս առիթով մեզ հետ զրույցներում մեկ-երկու մասնագետների հետևյալ բնորոշումը՝ որոշ խմբագրումներով. մեցցո-սոպրանոյի նրա ձայնն առանձնանում է խորությամբ և հզոր հնչերանգով: Երգչուհին այս դերը կերտում է ոչ միայն ձայնով, այլև բեմական մարմնավորմամբ՝ դիմախաղով, հայացքով, կեցվածքով: Կարճ ասած՝ արվեստագետը դերը կերտում է ոչ միայն ձայնով, և սա ակնհայտ է, և այստեղ՝ այս կերպարում, պարզ երևում են նրա ինքնավստահությունը, խաղաղությունն ու տարբեր էմոցիաների կտրուկ հաջորդականությունը:

Նշենք, որ երգչուհու մեկնաբանմամբ տպավորիչ է նաև առայժմ թատրոնում նրա երկրորդ դերերգը՝ Սուզուկիի՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում:

Այս աշնանը կայացավ Բելլա Ամարյանի առաջին մենահամերգը. Մադաթ Ավանեսովի կամերային նվագախմբի մասնակցությամբ հնչեցին բացառապես իսպանական սարսուելաներ և արգենտինյան տանգոներ:

Ապա երիտասարդ արվեստագետը հրավիրվել էր Ալբանիա՝ մասնակցելու Ալբանիայի և Իսպանիայի բարեկամության 40-ամյակին նվիրված երեկոյին: Այստեղ նա ելույթ է ունեցել Տիրանայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ճանաչված արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուտինի ղեկավարությամբ:

 

Կապվեցինք Բելլա Ամարյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե մինչև աշնան ավարտը կամ գուցե տարվա՝ էլ ի՞նչ ծրագրեր ունի: Երգչուհին նախ ժպիտով ասաց, թե այս աշունն իր համար ոսկե աշուն էր, հետո էլ տեղեկացրեց. «Ծրագրված է մենահամերգս Օպերային թատրոնի փոքր համերգասրահում: Կհնչեցնեմ միայն տանգոներ»:

Սամվել Դանիելյան

Լուսանկարներում՝ Բելլա Ամարյանը երևանյան և արտերկրյա տարբեր նախագծերում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել