Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը վախկոտների երկիր չէ

Օգոստոս 02,1994 21:23

«Առավոտի» զրուցակիցն է Ստեփանակերտի քաղաքագլուխ Սերգեյ Միրլոյանը

– 1988-ից ի վեր, հասկանալի պատճառով, Ստեփանակերտում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել, բայց հիմա, գրեթե ամեն օր, քաղաքի տարբեր թաղամասերում բնակարանամուտ է լինում…

– Այո, այս տարվա առաջին կիսամյակում 158 ընտանիք նոր բնակարան է տեղափոխվել, բայց, իհարկե, ոչ նորակառույց շենքերում։ Դրանք մեր նախկին՝ Արցախը լքած քաղաքացիների բնակարաններն են, որոնք քաղաքային իշխանության կողմից առգրավվել են՝ համաձայն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993թ. դեկտեմբերի 14-ի հրամանագրի, ուր նշված է. «Առանց տերերին դրամական փոխհատուցում վճարելու իբրեւ պետության սեփականություն առգրավել ԼՂՀ տարածքում գտնվող այն բնակելի տները, որոնք անձնական սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանն ուղղված պայքարի սրման ժամանակաշրջանում (1989թ. հունվարի 1-ից) ԼՂՀ սահմաններից դուրս բնակության մեկնած զինապարտ անձանց այն պայմանով, եթե նրանք հանրապետություն չվերադառնան մինչեւ 1994թ. ապրիլի 15-ը»։ Միեւնույն ժամանակ նշված անձինք, ինչպես նաեւ նրանց զավակները, զրկվում են ԼՂՀ տարածքում գտնվող որեւէ գույք, ներառյալ բնակելի տունը, ժառանգելու (անկախ ժառանգորդի ազգակցական կապերից) իրավունքից։ Ընդ որում, ռազմական դրության ներկա ժամանակաշրջանում չի թույլատրվում բնակարանի որեւէ օտարում, նվիրաբերում, վաճառք, ինչպես նաեւ՝ կողմնակի անձանց գրանցում։

– Զինապարտ ասելով ի՞նչ տարիք նկատի ունեք։

– Պահեստի սպաները մինչեւ 50 տարեկան, շարքայինները՝ 45:

– Իսկ եթե Արցախը լքածը զինապարտ չէ՞։

– Նախկին սեփականատերի ընտանիքի անդամները, որոնք շարունակում են ապրել այդ տներում, օգտվում են դրանցից պետական բնակելի ֆոնդի բնակտարածքի վարձակալման պայմաններով, ինչի մասին կառավարման տեղական մարմինները վարձակալողի հետ կնքում են համապատասխան պայմանագիր՝ հանձնելով օրդեր։ Իսկ տան սեփականատիրոջ ու նրա ընտանիքի անդամների՝ ԼՂՀ սահմաններից դուրս վեց ամսից ավելի բնակության մեկնելու եւ անհարգելի պատճառով բացակայելու դեպքում՝ այդպիսի տները պետության սեփականություն են դառնում։ Ի դեպ, այս օրենքը կիրառվում էր եւ առաջներում, տարբերությունը միայն այն է, որ, ելնելով ռազմական իրավիճակից, այդ իրավունքն այժմ վերապահված է տեղական իշխանություններին եւ ոչ թե դատական մարմիններին։

– Ձեզ չի՞ թվում, որ, ընդհանուր առմամբ, հիշյալ հրամանագիրը շատ է խիստ։

– Ամենեւին։ Արցախը վախկոտների երկիր չէ: Խիզախների երկիր է Արցախը։ Մենք հիանալի գիտենք, որ միջազգային նորմերով մերժվում են սեփականության նկատմամբ այսպիսի մոտեցումները, բայց ստիպված ենք այդ քայլին դիմում, դա մեր վզին փաթաթած անողոք պատերազմն է պարտադրում։ Հիմա դեմոկրատիա խաղալու համար ոչ ժամանակ ունենք, ոչ՝ հնարավորություն։ Կամենում եմ ավելացնել, որ Գերագույն խորհրդի

նախագահության նշված հրամանագրի նպատակը ոչ թե մարդկանց իրենց օջախներից զրկելը կամ վռնդելն է, ինչպես կարող է թվալ ոմանց, այլ, ընդհակառակը, նրանց հետ վերադարձնելը։ ԳԽ-ի հրամանագրով այդ հնարավորությունը՝ ժամանակի առումով, նրանց ընձեռվում էր: Այսուհանդերձ, այն բնակարանատերերը, որոնց տները դեռեւս չեն առգրավվել, եթե նույնիսկ հիմա էլ վերադառնան ու ցանկություն հայտնեն բնակվելու իրենց տներում, մենք կընդառաջենք նրանց, թեկուզ դա վերադասի որոշման կոպիտ խախտում կլինի։

– Գաղտնիք չէ, որ շատերը, լքելով հայրենիքը, ինչպես ժողովուրդն է սրամտորեն նկատել, իրենց տներում իբրեւ բնակող են թողել զառամյալ տատին կամ պապին։

– Նման, ինչպես եւ պետական բնակելի ֆոնդի տներում եղած բնակտարածքի գործող նորմերով տրված ավելցուկներն առանձին սենյակի (սենյակների) տեսքով, առգրավվում են ու տրամադրվում կարիքավոր անձանց, իսկ տեխնիկական հնարավորությունների բացակայության դեպքում ավելցուկային բնակտարածքի համար վճարումը գանձվում է տասնապատիկ չափով կամ վարձակալողի ընտրությամբ նրա ընտանիքին, ըստ գործող նորմերի, փոխարենը պետական բնակֆոնդից հատկացվում է այլ բնակարան։

– Ի՞նչ սկզբունքով են բաժանվում ազատված բնակարանները։

– Պետության կողմից առգրավված բնակելի տները առաջին հերթին տրամադրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի բնակտարածք չունեցող զինծառայողներին, զոհվածների ու հաշմանդամների ընտանիքներին, ինչպես նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակարանների տերերին եւ Ադրբեջանի տարբեր քաղաքներից բռնագաղթածներին՝ սահմանված հերթականության համաձայն: Մինչեւ հիմա, օրինակ, բաշխված բնակարաններից 41-ը տրվել է զոհված մարտիկների, 11-ը՝ հաշմանդամների, 67-ը՝ զինծառայողների, մնացածը՝ խիստ կարիքավոր ու փախստական ընտանիքներին։

– Մի քանի խոսք էլ, խնդրեմ, մայրաքաղաքի՝ հրետակոծություններից ու ռմբակոծություններից տուժած բնակարանների վերանորոգման ու վերականգնման մասին։

– Ստեփանակերտում լրիվությամբ կամ մասնակիորեն ավերվել են 756 առանձնատուն, 480 բնակարան, ինչպես նաեւ ժողկրթության համակարգի 15, առողջապահական 6, արտադրական բնույթի 8 շինություն եւ այլն։ Արդեն վերականգնվել ու վերանորոգվել են պետական բնակֆոնդի 60 տոկոսը, բժշկական 3 շինություն, դպրոցական շենքերի վերանորոգման աշխատանքները կձգտենք ավարտել նոր ուսումնականի շեմին, որից հետո ձեռնամուխ կլինենք նախադպրոցական հիմնարկների վերականգնմանը։ Միաժամանակ բարենորոգման զգալի աշխատանքներ են տարվել քաղաքի փողոցներում: Մտահոգիչ է, սակայն, ավերված առանձնատների հարցը։ Դեռեւս անցյալ տարի անօթեւան մնացած 43 ընտանիքի դրամական որոշակի օգնություն է տրվել, հոգացել ենք 15 զոհված ազատամարտիկների՝ հիմնովին ավերված տների վերակառուցման ծախսերը, առանձին ընտանիքների 20 տարով անտոկոս վարկ է տրամադրվել՝ երկրորդ տասնամյակում այն մարելու պայմանով, բայց եւ այնպես, այդքանը բավարար համարել չի կարելի:

Ամեն ինչ իր հունի մեջ կմտնի պատերազմի ավարտից հետո, որը, իմ խորին համոզմամբ, ամենեւին էլ յոթ սարի հետեւում չէ։

 

Հարցազրույցները վարեց Կ. ՏԵՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Մեր սեփական թղթակից,

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031