Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱԼԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մարտ 31,2004 00:00

Վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցը թերեւս մնա ԱԺ պատմության մեջ, քանի որ առաջին անգամ ուղեկցվեց գրաֆիկական պատկերների ցուցադրմամբ:

Պատկերներին ուղեկցող տեքստի զգալի մասն այնքան էլ բովանդակալից չէր: Հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը բավական ժամանակ վատնեց՝ պատմելով, թե ինչ է ԾԻԳ-ը՝ ծրագրի իրականացման գրասենյակը, ինչպես եւ որտեղից է ջուր մատակարարվում Երեւանին, ներկայացրեց ջրաչափերի տեղադրման վերաբերյալ հարցման արդյունքներ եւ այլն: «Առավոտի» հարցին՝ արդյոք այս ամենը հանձնաժողովի ուսումնասիրման խնդիրն էր՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Բնական է, որ պատգամավորները՝ չհանդիսանալով ջրային տնտեսության ինժեներներ, էլեկտրիկներ, սանտեխնիկներ եւ այլն՝ անհրաժեշտություն ունեն իմանալու, թե ԾԻԳ-ն ինչ իրավասություններ ու պարտականություններ ունի եւ ինչպես է կատարվում Երեւանի ջրամատակարարումը»:

Վահան Հովհաննիսյանի զեկույցի բովանդակային մասում հնչեց, թե 90-ականների փաստաթղթերից շատ քիչ բան է պահպանվել, մինչդեռ ըստ ամենայնի՝ հիմնական չարաշահումները եղել են հենց այդ ժամանակ: Մեր հարցին՝ եթե կատարված չեն փաստաթղթային ուսումնասիրություններ՝ ի՞նչն է հիմք տալիս նման պնդման համար, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ապրել եմ բոլոր այդ տարիներին այս երկրում եւ շատ լավ գիտեմ այն պատկերացումները, որոնք տիրել են հասարակական կարծիքում ստացված օգնության վերաբերյալ: Բայց նաեւ ասացի, որ պահպանվել են որոշ փաստաթղթեր. դրանք հիմք տալիս են անելու նման ենթադրություն: Մեզ թույլ չենք տալիս վերջնական եզրակացություն տալ, մինչեւ չուսումնասիրենք ամբողջությամբ: Սակայն եթե հանկարծ պարզվի, որ արխիվը չի պահպանվել՝ դա ամենամեծ չարաշահումն է, քանի որ փաստորեն դա տեղեկատվությունը թաքցնել է՝ քրեորեն հետապնդելի արարք»:

Դառնանք հանձնաժողովի բացահայտումներին: Ըստ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի՝ «Վերջին օրերի սրբերի» եկեղեցու բեռների բաշխման վերաբերյալ Բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովին ներկայացված տեղեկանքը «պարունակում է իրականությանը չհամապատասխանող տվյալներ. պարզ լեզվով ասած՝ կեղծիք: Եվ ուղղակի մի հարց է առաջանում, թե ինչո՞ւ մե՛նք դա պիտի տեսնեինք, ու ոչ թե ինքը՝ հանձնաժողովը»: Սակայն առավել հանգամանալից անդրադարձ եղավ Համայնքային զարգացման ծրագրին: Պատճառների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց. «Վերջին ամիսներին ջրային ցանցերի անբարեկարգ լինելու պատճառով թունավորումները, ժողովրդի դժգոհությունը, ստացվող դիմում-բողոքները, ջրի սակագնի բարձրացման խնդիրները պարտադրում են, որ սկսես այն ծրագրերից, որոնք ամենից շատ են մտահոգում մարդկանց»:

Հանձնաժողովի նախագահը ենթադրություն հայտնեց, թե «Էյ Յութիլիթի»-ն մրցույթում ոչ իրատեսական գումար էր ներկայացրել. «Մերոնք էլ ընկել էին ավելի էժանի ետեւից ու վարձել սրանց»: Սակայն նշեց, թե «Էյ Յութիլիթի»-ի հետ կնքված կառավարման պայմանագրի համաձայն պակասելու փոխարեն՝ 3 անգամ ավելացել են Երեւանի կոյուղու համակարգում վթարները, 5 անգամ՝ ջրամատակարարման վթարները: «Ինժեներ էլ դարձանք՝ ստիպված, էս ամբողջ պատմության պատճառով»,- հոգոց հանեց Վահան Հովհաննիսյանը: Ցուցադրվեցին Երեւանի կենտրոնում գտնվող կիսամաշ պոմպակայանների, ժանգոտ խողովակների պատկերներ՝ ապացուցելու համար, թե կառավարիչն առանձնապես չի գործադրել համակարգը նորացնելու ջանքեր:

Թերեւս ամենաուշագրավն այս փաստն էր՝ ջրաչափերի մեծածախ գինը 5-6 դոլար է, իսկ բնակչությանը վաճառվել է 15-ով. հանձնաժողովին չի հաջողվել պարզել այդ գործարքի «տարբերության ճակատագիրը»:

Համայնքային զարգացման ծրագրի գրասենյակի մասին էլ ասվեց, թե ուռճացրել են աշխատակազմը: Ըստ պրն Հովհաննիսյանի՝ շինարարական աշխատանքներին գրասենյակն ավելի քիչ գումարներ է տրամադրել՝ 22%, քան գրասենյակային ծախսերին՝ 27 %, մենեջմենթի համար միջազգայնորեն ընդունված 2-5%-ի փոխարեն: Նա բնական է համարում, թե ԾԻԳ-երը պիտի նաեւ «Ջիփ»-եր գնեն, քանի որ գնում են սարերը. «Բայց «Ջիփ»-ը չի կարող օրական 400 լիտր բենզին օգտագործել: Իսկ մենք ունենք նման տվյալներ, թե «Ջիփ»-ը երկար ժամանակ ամեն օր օգտագործում է 400 լիտր բենզին»:

Եզրակացությունն այս էր. «անփութության եւ անպատասխանատվության մթնոլորտը» հանգեցրել է նրան, որ «Էյ Յութիլիթի»-ն աշխատում է «այնպես, ինչպես ուզում է, եւ ոչ թե այնպես, ինչպես պարտադրում է պայմանագիրը»: Եվ այս հանգամանքը Վահան Հովհաննիսյանն առաջարկում է հաշվի առնել հաջորդ՝ 20 մլն դոլարի չափով վարկի ճակատագիրը որոշելիս. «Կառավարությունը պիտի հասկանա՝ ում հետ գործ բռնի, ում հետ՝ չէ»:

Ի դեպ, նա նաեւ հայտնեց, թե հանձնաժողովն առաջիկայում ուսումնասիրելու է կառավարման համակարգի, նոր օրենքների ստեղծման, արդարադատության համակարգի բարեփոխումներին հատկացված վարկերի ու դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031