Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 30,2008 00:00

\"\"Այս բառն է նախընտրում գործածել վարչապետ Տիգրան Սարգսյանը «բարեփոխման» փոխարեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Եվ շարադրելով «այն գոյաբանական շրջանակները, որոնց ներքո կառուցված է» ծրագիրը՝ մասնավորապես ասաց. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ բարեշրջություններ կատարելիս պետք է ի վիճակի լինենք կանխատեսել այդ փոփոխությունները ու դրանք համահունչ դարձնել արագ փոփոխվող աշխարհի ժամանակակից միտումներին»: Հետո դարձյալ գործածեց այդ բառը՝ նշելով. «Մենք պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ. այն է՝ հասկանանք, որ կրթությունը պետք է լինի ցկյանս»: Ավելի ուշ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է բարեփոխման փոխարեն գործածում այդ բառը՝ պրն Սարգսյանն ասաց. «Որովհետեւ ուզում եմ նոր տերմին մտցնել: Այն, ի դեպ, կա Աճեմյանի բառարանում»:

Ծրագրի ներկայացման ընթացքում պատասխանելով իր իսկ առաջադրած հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու կառավարության վարքագիծը՝ Տիգրան Սարգսյանն ասաց. «Մենք արդարամիտ ժողովուրդ ենք: Դա մեր ազգի ամենակարեւոր եւ առանցքային հատկանիշն է: Եթե նույնիսկ վերջին սրիկայի հետ մենք վարվենք անարդարացի՝ մեր ժողովուրդը կըմբոստանա անարդարության դեմ: Ուրեմն մենք չենք որոնելու անցյալում մեզ բաժանող հանգամանքներ, այլ փորձելու ենք ապագայի տեսլականում բացահայտել մեզ միավորող գաղափարներ: Ինքներս ենք բացահայտելու մեր թերություններն ու բացթողումները եւ խոսելու ենք դրանց մասին հրապարակավ»:

Վարչապետը որպես «հավակնոտ նպատակ» գնահատեց կառավարության առաջադրած խնդիրը՝ Հայաստանը դարձնել բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Եվ այդ նպատակի համար կարեւորեց մասնավորապես հետեւյալ պայմանների ապահովումը. «Պետք է վերացնենք բոլոր բյուրոկրատական սահմանափակումները բիզնես սկսելու եւ իրականացնելու համար, այդ թվում՝ պետք է կրճատենք լիցենզիաների, թույլտվությունների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված պահանջների քանակը, բարձր վճարները եւ ժամկետները», «պետք է կրճատենք ստուգումների քանակը՝ որակի բարձրացման հաշվին» եւ «ի վերջո, մենք թեթեւացնելու ենք հարկային բեռը»: Հարցերից մեկին պատասխանելով՝ նշեց, թե հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կա մեծ դիմադրություն ու շանտաժ, մարդիկ ունակ չեն աշխատել նորովի: Հետո, երբ «Ազգը» հետաքրքրվեց, թե ինչ շանտաժի մասին է խոսքը, պարզվեց, որ խոսքը ցույցերի մասին է. «Չափազանց կարեւոր է, թե ովքեր են դրդում այդ մարդկանց հավաքվել կառավարության շենքի դեմ եւ կազմակերպել միտինգ, որի նպատակն է, որպեսզի մենք մաքսային ծառայությունում բարեփոխումներ չանենք, այլ վերականգնենք հին ռեժիմը, երբ որ մաքսանենգ ճանապարհով կարելի էր Չինաստանից ապրանքներ ներմուծել Հայաստան»:

Տիգրան Սարգսյանն ԱԺ ամբիոնից խոստացավ. «Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակը եւ այն 1.5 անգամ բարձր է լինելու աղքատության շեմից»:

Ծրագրի հետաքրքրական դրույթներից մեկը մշակույթի առնչությամբ արված հետեւյալ հաստատումն է. «Ազգային մշակութային հիմքերի ամրապնդումը, գավառամտության հաղթահարումը, մեր աշխարհայացքի ընդլայնումը նոր տեսակի հասարակության կառուցման կարեւոր պայմաններն են»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հետաքրքրվեց, թե կա՞ն հստակ չափորոշիչներ, որոնցով հնարավոր է հստակ զատորոշել գավառամտությունը ազգայինից եւ համամարդկայինից: Ի պատասխան վարչապետը մեջբերեց Դեկարտին. «Ճշմարտությունն այն է, ինչ ակնհայտ է», հավելելով՝ «Եթե մեր հասարակության մեջ կա կոնսենսուս, որ այս կամ այն մշակութային երեւույթը մեզ համար անընդունելի է, ուրեմն՝ հենց դա էլ կլինի չափանիշը»: Տիգրան Սարգսյանն ասաց, թե ստեղծվելու է հատուկ հեռուստաալիք, որը պատշաճորեն կներկայացնի հայ մշակույթը:

Ուշագրավ արձագանքի արժանացավ վարչապետի հետեւյալ հայտարարությունը. «Կառավարությունն իր առջեւ խնդիր է դնում Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանն առաջարկեց Գյումրին էլ դարձնել մշակութային կենտրոն՝ այնտեղ տեղափոխելով մշակույթի նախարարությունը: Այս հարցին անդրադարձավ նաեւ հայտարարությունների ժամին՝ հավելելով, թե քանի որ Գյումրին ունի «Շիրակ» օդանավակայան՝ կարող է դառնալ «ալամ աշխարհի մշակութային կենտրոն»: Ի դեպ, կառավարության ծրագրում նաեւ հերթական անգամ նշված է. «Պետք է վերանա աղետի գոտի հասկացությունը, եւ ավարտին հասցվեն վերականգնման աշխատանքները»:

Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Համազգային նախագծերի, ինչպես նաեւ կառավարության ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը հրավիրում ենք նաեւ ընդդիմությանը, որը կարող է ստանձնել խստապահանջ եւ անաչառ վերահսկողի դերը»: Ի դեպ, պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը հայտարարեց, թե կուրորեն չպիտի հետեւենք եվրոպական չափանիշներին: «Առավոտի» հարցին, թե արդյոք խոսքը եվրոպական այնպիսի՞ չափանիշների մասին է, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, խոսքի եւ հավաքների ազատությանը՝ Տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մարդու իրավունքները, խոսքի ազատությունը եվրոպական չափանիշներ չեն՝ դրանք հայկական չափանիշներ են: Եվ եթե ծանոթ եք Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչներից մեկի՝ Մաղաքիա Օրմանյանի գրքի հետ, որտեղ նա բավականին խորիմաստ ամփոփումներ է կատարում Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին, կտեսնեք, որ դա մեր ազգին բնորոշ հատկանիշներից մեկն է եղել միշտ: Եվ պետք չէ կրկնօրինակել այն, ինչ կա մեր էության մեջ: Ընդամենը պետք է դա բացահայտել եւ ներդնել: Եվ այդ արհեստական մոտեցումը, որ մենք պետք է տրվենք այդ եվրոպական արժեքային համակարգին՝ վիրավորական է: Վիրավորական է իրեն հայ համարող, արժանապատվություն ունեցող մարդու համար, որովհետեւ եվրոպական արժեքային համակարգը պետք է խարսխված լինի քրիստոնեական արժեքային համակարգի վրա: Եվ այսօր մենք տեսնում ենք եվրոպական բազմաթիվ այլանդակություններ, շեղումներ այդ արժեքային համակարգից: Եվ մենք կուրորեն չենք հետեւելու այնպիսի արժեքների, որոնք մեզ համար ընդունելի չեն, հարիր չեն հայ մարդուն, քրիստոնյա մարդուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել