Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա լավագույն ֆիլմն է «Արգո» օպերացիան» (լրացված)

Փետրվար 25,2013 09:58
Դենիել Դեյ-Լյուիսը ստացավ իր երրորդ՝ ռեկորդային «Օսկարը»

Դենիել Դեյ-Լյուիսը ստացավ իր երրորդ՝ ռեկորդային «Օսկարը»:

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջենիֆեր Լոուրենսը:

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջենիֆեր Լոուրենսը:

Լոս-Անջելեսում քիչ առաջ ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ անցկացվում էր
85-րդ անգամ:

Ինչպես տեղեկանում ենք Lenta.ru -ից՝ տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Բեն Աֆլեքի «Արգո» օպերացիան» ֆիլմը: Այս անվանակարգում ներկայացված էին նաեւ Միխայել Հանեկեի «Սերը», Թոմ Հուպերի «Թշվառները», Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն», Դեվիդ Օ. Ռասսելի «Իմ ընկերը գիժ է», Քեթրին Բիգելոուի  «Թիրախ համար մեկ», Բեն Զեյթլինի «Վայրի հարավի գազանները», Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» եւ Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմերը:

Լավագույն ֆիլմի համար մրցանակը ֆիլմը ստեղծողներին հանձնեցին դերասան Ջեք Նիքոլսոնը եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Ֆիլմի պրոդյուսերներից են Բեն Աֆլեքը եւ Ջորջ Քլունին:

Լավագույն դերասան ճանաչվեց Դենիել Դեյ-Լյուիսը՝ Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմում գլխավոր դերի համար: Նրա հետ նույն անվանակարգում առաջադրված էին Բրեդլի Քուփերը՝ «Իմ ընկերը գիժ է», Հյու Ջեքմանը՝ «Թշվառները», Խոակին Ֆենիքսը՝ «Վարպետ» եւ Դենզել Վաշինգթոնը «Անձնակազմ» ֆիլմերում ունցած գլխավոր դերերի համար:Նկատենք, որ սա Դենիել Դեյ-Լյուիսի արդեն երրորդ «Օսկարն» էր, մինչ այդ նա 1989 թվականին ստացել էր մրցանակ «Իմ ձախ ոտքը» եւ 2007-ին՝ «Նավթ» ֆիլմերի համար: Սա յուրօրինակ ռեկորդ է, քանի որ մինչ այժմ երեք «Օսկար» ստացել էր միայն Ջեք Նիքոլսոնը, այն էլ դրանցից մեկը՝ որպես երկրորդ պլանի դերակատար:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը գիժ է» ֆիլմի համար: Նրա հետ մրցակցում էին Ջեսիքա Չեսթեյնը՝ «Թիրախ համար մեկ», Քվենժանե Ուոլիսը՝ «Վայրի հարավի գազանները», Նաոմի Ուոթսը՝ «Անհնարինը» եւ Էմանուել  Ռիվան՝ «Սեր» ֆիլմերում խաղացած դերերի համար: Սա Ջենիֆեր Լոուրենսի առաջին «Օսկարն» է, մինչ այդ 2011-ին նա առաջադրվել էր «Օսկարի» «Ձմեռային ոսկոր» ֆիլմի համար, սակայն չէր հաղթել մրցակարգում: Նկատենք նաեւ, որ Քվենժանե Ուոլիսը, որն առաջադրվել էր «Լավագույն դերասանուհի» մրցակարգում, ընդամենը 9 տարեկան է: Սա նույնպես յուրօրինակ ռեկորդ է:  Նույնպիսի ռեկորդ է սահմանել նաեւ դերասանուհի Էմանուել Ռիվան, բայց՝ հակառակ առումով, նա ամենածեր դերասանուհին է, որ առաջադրվել է «Օսկարի»: Մրցանակաբաշխության պահին լրանում էր նրա 86 ամյակը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Պիի կյանքը» ֆիլմը նկարահանած ռեժիսոր  Էնգ Լին: Սա նրա երկրորդ «Օսկարն» է, մինչ այդ նա ստացել էր պատվավոր մրցանակը նաեւ «Սապատավոր լեռը» ֆիլմի համար՝ 2007թվականին:

«Լավագույն սցենարիստ» անվանակարգում հաղթեց Քվենթին Տարանտինոն՝ «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի սցենարի համար: Ի դեպ, նա մեկ անգամ էլ է արժանացել «Լավագույն սցենարիստ» կոչմանը՝ հանրահայտ «Քրեական ընթերցանյութ» ֆիլմի համար:

«Արգո» օպերացիան», որը ստացավ «Օսկարի» գլխավոր մրցանակը, հաղթող ճանաչվեց նաեւ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Այս մրցանակը ստացող սցենարիստ Քրիս Թերիոն ֆիլմի սցենարը գրելիս հիմնվել էր Ջոշուա Բիրմենի հոդվածի եւ Թոնի Մենդեսի գրքի սյուժեի վրա:

«Օսկարի» արժանացավ նաեւ «Քաջասիրտը» մուլտֆիլմը՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Երգչուհի Ադելը՝ Ջեյմս Բոնդին նվիրված կինոպատումի հերթական «007. «Սքայֆոլի» կոորդինատները» ֆիլմում «Սքայֆոլ» երգի համար ստացավ «Ֆիլմում հնչած լավագույն երգ» մրցանակը: Իսկ ֆիլմի համար գրված երաժշտության համար սահմանված մրցանակը ստացավ Մայքլ Դանան՝ «Պիի կյանքը» ֆիլմի համար ստեղծած երաժշտության համար:

Մրցանակ է ստացել նաեւ դերասանուհի Էնն Հաթուեյը՝ «Թշվառները» ֆիլմում կանացի երկրորդ պլանի դերի համար: Տղամարդու երկրորդ պլանի դերի համար մրցանակը ստացել է Քրիստոֆ Վալցը՝ «Ջանգո ազատագրվածը» ֆիլմում իր դերի համար:

Ավստրիական «Սերը» ֆիլմը, որ չհաղթեց «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, այնուամենայնիվ, մրցանակ ստացավ որպես «Տարվա լավագույն ոչ անգլիալեզու ֆիլմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728