Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայությունը կենտրոնացված չէ միայն հայությամբ». Արմենակ Աբրահամյան

Փետրվար 28,2013 13:35

«Սիրիայի հայության մեջ և բնիկ ժողովուրդ կա, և ցեղասպանությունից փրկված ժողովուրդ: Այնտեղ այսօր կա շուրջ երկու հարյուր հազար հայ, բայց պետք է նաև իմանալ, որ բազմաթիվ հայ ընտանիքներ կան քրդերի, արաբների, ասորիների մեջ, և հայությունը կենտրոնացված չէ միայն հայությամբ»,- այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում  ասաց Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:

Ըստ բանախոսի` հուլիս ամսից իրենք ստեղծել են չորս մարմիններ, որոնք հնարավորության չափով օժանդակում են սիրիահայությանը: Ստեղծվել է մարմին տեղի և մյուս բնիկ ժողովուրդների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար, երկրորդ` մարմին թաղամասերի ապահովման համար, երրորդ`շտապօգնության և ինքնապաշտպանության համար մարմին և վերջինը`  արտաքին հարաբերությունների վերաբերյալ մարմին: «Բոլոր այս մարմինները կան և գործում են Սիրիայի մեջ»,-ասաց նա:

Բանախոսի փոխանցմամբ` աշխարհի խոշոր միությունները`ԱՄՆ-ն (21 մլն դոլար) և Ֆրանսիան (10 մլն դոլար) գումար են տրամադրել Սիրիայի հայությանը օժանդակելու համար: «Մենք քաղաքական պատասխան ստացանք, որ պետք է սպասենք, որ զինադադար լինի, խաղաղություն լինի Սիրիայի մեջ, որպեսզի անմիջապես օգտվեն շենքերը վերականգնելու կամ սարքելու համար: Մենք հայտնվեցինք բավականին ծանր վիճակի մեջ, որովհետև, եթե այս գումարները անմիջապես չեն ծառայելու հայության համար, ուրեմն մենք կկարծենք, որ այստեղ ինչ- որ սխալ քայլ կա»:

Աբրահամյանը նշում է, որ հայկական ընտանիքները միայնակ  են Սիրիայի մեջ և օժանդակություն չեն ստանում. «Ժողովուրդների մեջ թշնամանք չկա` արաբները, քրդերը, հայերը միասնական են, սակայն երբ ընտանիքի մեծ պապը մահանում է, ապա մեծ մամը կարող է այդպես էլ չիմանալ, թե որտեղ են նրան թաղել, ինքն էլ մենակ մնալով, չենք կարող ասել՝ հետո ինչ կլինի: Այսպիսի դեպքերը շատ են: Քրդերի մեջ էլ հայկական ծագում կա, որի մասին իրենք էլ գիտեն: Եթե Հայաստանից օգնություն է գնում, այն կարող է օգնել ամենաշատը  չորս հարյուր ընտանիքի, բայց  հազարավոր ընտանիքներ կան: Մեր ժողովրդին ոչ միայն զենքով, այլև դիվանագիտությամբ պետք է պաշտպանենք»,-ընդգծեց նա:

Հայաստանի Ազգային խորհրդի անդամ, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը հավելեց, որ սիրիահայության առջեւ կանգնած է երկու խնդիր, առաջինը` օժանդակություն ստանալ ու կարողանալ գոյատեւել, և երկրորդը` միջոցներ ունենալ՝ իր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար. «Եթե այս երկու խնդիրները չլուծենք՝ մենք չենք կարող լուծել Սիրիայի հայության հարցը:  Համազգային և համապետական լուծում պետք է տանք այս խնդրին»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ այսօր պետք է ունենանք կամք ու վճռականություն աշխատելու, և չպետք է այս խնդիրները թողնել միայն ֆոնդերի կամ բարեգործների վրա:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728