Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթ՝ նվիրված եզդիների ցեղասպանությանը

Սեպտեմբեր 10,2014 12:07

Սեպտեմբերի 11-ին ժամը 20.00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի «Ո’չ ցեղասպանություններին» նախաձեռնության կազմակերպած ցեղասպանությունները դատապարտող ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ, կտարածվեն նաև ուղերձներ դեսպանատներին:

Նախաձեռնության անդամ Նելլի Գիշյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության ներքո միավորվել են մի շարք երիտասարդական կազմակերպություններ և եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Նելլի Գիշյանը շեշտեց. «Առիթը Իրաքում եզդիների ցեղասպանության խնդիրն է: Մենք չենք նշում մեր կազմակերպությունների անունները, քանի որ մեզ միավորում է ցեղասպանության դատապարտման գաղափարը, ոչ թե հատ-հատ կազմակերպություններ»: Ջահերով երթին կմասնակցեն 40 ջահակիրներ. լրանում է եզդիների ցեղասպանության քառասուն օրը, ինչպես նաև 40-ը խորհրդանշանական է նաև Մուսա Լեռան առումով:

Նախաձեռնության անդամ Խդր Հաջոյանը նշեց, որ զրուցել է Թուրքիայում կռվող եզդիներից մեկի հետ ու մանրամասնեց. «Գրավել են յոթ եզդիական գյուղեր: Տարածքները ահաբեկչական խմբավորումների ներքո են գտնվում, և հնարավոր չէ կոնկրետ թիվ նշել: Զախոյի տարածքում հարյուր հազարից ավելի փախստականները գտնվում են ծայրահեղ վիճակում. ունեն սննդի պակաս, հումանիտար օգնությունը տեղ չի հասնում: Ընդհանուր զոհերի թիվը հասնում է 20.000-ի»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ` Ռուստամ Բակոյանը, օրեր առաջ եղել է թուրք-իրաքյան սահմանին, որտեղ գտնվում են բազմաթիվ եզդիական փախստական ճամբարներ. « Բաթմանում երբ գտնվում էինք, գիշերը մի քանի եզդիներ բերեցին ավտոբուսով: Թուրքիայի եզդիների սննդի և դեղորայքի խնդիրները լուծված էին: Նրանք ունեն կացարանի խնդիր: Մենք նրանց համար գնել էինք 25 վրան: Եզդիները քնում էին փողոցներում, բաց երկնքի տակ, խոնավ հողի վրա, ինչը ուղղակի հիվանդության բուն էր: Բոլորը ցանկանում էին դուրս գալ Շանգալից: Բայց եզդիները նշում են, որ միայն մեկ պայմանով կվերադառնան իրենց տարածքներ, եթե եզդիական ջոկատները պաշտպանեն եզդիական տարածքները, քանի որ հենց քրդերն ու արաբները սկսեցին ահաբեկիչների հետ կոտորել եզդիներին»:

Խդր Հաջոյանը, անդրադառնալով եզդիների՝ Հայաստան տեղափոխվելուն, նշեց, թե ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել եզդիներին, բայց քանի որ Թուրքիան չի ցանկանում համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, արդեն տարբեր միջոցներ է պետք գտնել:

Նախաձեռնության անդամներից Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ եզդի փախստականների թիվը հասնում է 600.000-ի՝ Շանգալում (Սինջարում): Այնուհետև շեշտեց. «Շատ է խոսվում, որ եզդիներին սպանում են նրա համար, որ կրոնական փոքրամասնություն են: Բայց իրականում եզդիները քաղաքական գործոն են, քանի որ հնարավոր է այնտեղ կարողանային քաղաքական հարցեր լուծել: Ոստի նաև որոշ գերտերություններ են ընկած եզդիների ցեղասպանության հիմքում. օրինակ ԱՄՆ-ն և Թուրքիան»;

Նախաձեռնության անդամները նաև հավելեցին, որ սեպտեմբերի 11-ին ջահերով երթ կկազմակերպվի նաև ԼՂՀ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930