Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Ամատունի. «Մենք երբեք չենք մեկնաբանում ռազմագերու վիճակը»

Հոկտեմբեր 15,2014 14:23

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունքում Կարմիր խաչի կողմից գրանցված անհայտ կորածների թիվը ընդհանուր առմամբ 4610 է, որից մոտ 850-ը ՀՀ եւ ԼՂՀ բնակիչներ:

Զառա Ամատունին ասաց, որ իրենք համագործակցում են ՀՀ ՊՆ-ի հետ՝ անհայտ կորածների տվյալների բազան համալրելու կենսաբանական ԴՆԹ-ի նմուշներով. «Այսինքն, կենսաբանական նմուշները, որոնք վերցվում են ընտանիքի անդամներից, պահվելու են եւ այն ժամանակ, երբ հնարավոր լինի պատասխանները տալ արտաշիրիմի աշխատանքների արդյունքում, երկխոսություն կլինի երկրների միջեւ: Իմանալու իրավունքը անժամկետ է, պատասխանները մի օր պետք է տալ, իսկ ԴՆԹ-ի նմուշները պետք են՝ պատասխանների հստակությունն ապահովելու համար»:

Զառա Ամատունին ասաց, որ իրենց դերն է տանել եւ վարել երկխոսություն՝ պարբերաբար հիշեցնելով այն պարտավորությունների մասին, որոնք պետությունները վերցրել են իրենց վրա՝ կոնվենցիաներն ու օրենքները. «Պարբերական այցելություններ ենք անում, մեր կողմից գնահատվում է բոլոր պայմանները, որոնցում պահվում է տվյալ անձը, օրինակ՝ առողջական վիճակը եւ աջակցություն, որպեսզի իր կամքն իրականանա հայրենադարձության հետ կապված: Մեր կազմակերպությունն ունի 150 տարվա պատմություն եւ մենք այդ կերպ ենք աշխատում»: Նա ասաց, որ երբ քրեական գործ է հարուցվում, Կարմիր խաչն իրավունք ունի որեւէ ինֆորմացիա չտրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ, եթե խոսք է գնում մահվան հանգամանքների մասին. «Դրա համար կան կազմակերպություններ ու արվում է փորձաքննություն: Ինչ վերաբերում է դատարանում հանդես գալ եւ այլն, Կարմիր խաչն ունի ամբողջությամբ իմունիտետ՝ հանդես չգալու»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ պարզվեց, որ Հակոբ Ինջիղուլյանը ենթարկվել է բռնությունների, դուք ինչպե՞ս եք ուսումնասիրել ու հասկացել, որ չի ենթարկվել նա բռնությունների եւ եթե Դուք իրավասու չեք Ձեր հավաքած տեղեկատվությունը ներկայացնել դատարան, ո՞ւմ եք տալիս դա, ինչի՞ համար եք հավաքում: Զառա Ամատունին պատասխանեց. «Հակոբ Ինջիղուլյանի առողջական վիճակն, իհարկե, մեր պատվիրակության ուշադրության կենտրոնում է եղել: Ինչ վերաբերում է բռնությանը, ինչպես ենք մենք աշխատում, որպեսզի դուք պատկերացնեք ձեւաչափը կասեմ ինչպես ենք անում՝ տարեկան այցելելով կես մլն մարդու՝ ամբողջ աշխարհում: Մեր կողմից կարեւոր է գնահատել անձի առողջական վիճակը, խոսել նրա հետ՝ անձնապես, առանց վկաների»:
Լրագրողները հակադարձեցին՝ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված մենք իմանում ենք ձեզանից, որ նա լավ է, նամակ է փոխանցում ծնողներին, որ լավ է, այնուհետեւ փորձաքննությունը ցույց է տալիս, որ այդ մարդու առողջական վիճակը լավ չէ եւ հիմնական դեպքերում վերադառնալուց մեկ ամիս հետո մարդիկ մահանում են: Այդպիսի դեպքեր շատ են գրանցվել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ Դուք ասում եք լավ է, բայց իրականում գերին լավ չի լինում: Զառա Ամատունին պատասխանեց. «Պատկերացրեք, մենք երբեք չենք ասում, որ վիճակը լավ է կամ վատ: Մենք երբեք չենք մեկնաբանում ռազմագերու վիճակի մասին: Ես չեմ կարող ասել ինչ է տեղի ունեցել եւ չեմ կարող այստեղ հայտարարություններ անել: Դա մեր գործելաոճը չէ»:

Լրագրողների բազմաթիվ հակադարձումներին, որ Կարմիր Խաչն իր պարտականությունները լավ չի կատարում՝ Զառա Ամատունին պատասխանում էր, որ հայտարարություններ անել իրենք չեն կարող: Լրագրողներից մեկի հարցին՝ Կարեն Պետրոսյանի դեպքը վերցնենք, Կարմիր Խաչն իրոք չի՞ հասկանում, թե՞ այնտեղի իշխանությունների կամակատարն է՝ Զառա Ամատունին պատասխանեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչն էլ գործում է բացառապես միայն իր մանդատի շրջանակներում եւ չի կարող տեղի իշխանությունների հետ սերտ կապ կամ առնչություն ունենալ, եթե խոսքը չի գնում միայն համագործակցության եւ երկխոսության մասին»:

Ավելի ուշ՝ ասուլիսից հետո Aravot.am-ի հարցին՝ նավթային գործոնն իսկապե՞ս լուրջ դեր չի կատարում Ձեր հայտարարությունների վրա՝ Զառա Ամատունին բացատրեց, որ գերին օտար երկրում միայնակ է եւ իրենց խնդիրն է մարդասիրական օգնություն ցույց տալ մարդուն, հասնել նրան, ոչ թե քաղաքականության մեջ մտնել: Նա ասաց, որ եթե Կարմիր Խաչը, օրինակ, Ադրբեջանում պահվող ռազմագերու համար գա ու սկսի հայտարարել, որ այս այս կետերը խախտել են, սխալ են արել եւ այլն, հաջորդ օրը Ադրբեջանը թույլ չի տա Կարմիր խաչի ներկայացուցիչներին մտնել իրենց երկիր, խոսել գերու հետ, որն իրենց օգնության կարիքն ունի: Իսկ Կարմիր խաչը միակ կազմակերպությունն է, որ հակամարտող պետություններում երկխոսություն է վարում երկու կողմի հետ էլ՝ մարդկանց օգնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031