Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը լավ պատրաստ չէ ԵՏՄ անդամակցության համար»

Հունվար 31,2015 15:25

«Հայաստանի ինտեգրումը Եվրասիական Տնտեսական Միություն ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ  միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում պատժամիջոցների պատերազմ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին: Ահա այս պայմաններում հունվարի երկուսին մեկնարկեց ԵՏՄ-ն»,- այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում անդրադառնալով այն թեմային, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից, նկատեց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Վերլուծաբանը առաջարկությամբ հանդես եկավ՝ ստեղծել վարչապետին  առընթեր Եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ, որում ներառված կլինեն երկրի առաջատար տնտեսագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները: Խորհուրդը, ըստ պրն Սաֆարյանի, կառավարության համար կկատարի որակյալ վերլուծություն եւ խորհրդատվություն ԵՏՄ տարածքում ընթացող տնտեսական եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ:  Խորհուրդը նաեւ հասարակությանը պետք է ներկայացնի ԵՏՄ տարածքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ նորությունները:

Արամ Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանը կարող է մեծացնել դեպի Ռուսաստան արտահանման ծավալները եւ մեծացնել հատկապես գյուղմթերքների արտահանման ծավալները. «Նաեւ ամենառեալը, որ այսօր կարող է Հայաստանը արտահանել, մեր բարձր տեխնոլոգիաներն են, քանի որ Արեւմուտքից Ռուսաստանը տեւական ժամանակ կարող է եւ չստանալ»:

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ ասուլիսին նշեց, որ տնտեսական առումով քայլերը ԵՏՄ տարածքում լիարժեք կատարվում են, սակայն քաղաքական առումով հետեւանքները կարող են բացասական լինել: Պրն Թավադյանն ասում է, որ դժբախտաբար Հայաստանը լավ պատրաստ չէ ԵՏՄ անդամակցության համար. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեխնիկական խնդիրները լավ լուծեց: Սակայն մենք հիմա պետք է մշակենք այն բոլոր հնարավորությունները, որ ունենք»:  Պրն Թավադյանը ներկայացրեց մի քանի հակաճգնաժամային քայլեր,որոնք ընդունել է Ռուսաստանը եւ առաջարկեց, որ Հայաստանում էլ պետք է ընդունվեն այս քայլերը: «Առաջինն այն է, որ պետք է աջակցել ներմուծման ապրանքներին փոխարինող արտադրանքի արտահանմանը, աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, սուբսիդավորել այն վարկերը, որոնք վերցնում են ձեռնարկությունները եւ որոնք ուղղված են արտահանմանը եւ ներմուծվող ապրանքները փոխարինմանը»:

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի ծանր տնտեսական դրությունը ԵՏՄ կազմում Հայաստանի վրա եւ ինչպիսի տնտեսական էֆեկտ կլինի Հայաստանում հաշվի առնելով այդ գործոնը, տնտեսագետը պատասխանեց. «Դե ֆակտո մենք փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ եւ մտնում ենք ԵՏՄ, թե չենք մտնում, միեւնույն է սանկցիաներից այդ հարվածը մենք ստանում ենք: Ենթադրենք՝ Ռուսաստանում տնտեսական անկումը կլինի 5 տոկոս, Հայաստանում մենք կստանանք նույն հարվածը գրեթե նույն ուժգնությամբ: ԵՏՄ լիարժեք անդամ լինելը հնարավորություն է տալիս օգտվել էժան ռեսուրսներից եւ լուծել պաշտպանության համար մեր անհրաժեշտ խնդիրները»:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանն էլ ներկայացրեց սոցիոլոգիական տեսակետից տվյալներ, եւ նշեց, որ Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է հասարակության կոնսոլիդացումը՝ խուսափելու համար այն հասարակական անկայությունից, որը տեղի է ունենում աշխարհի այլ երկրներում. «Հիմա հասարակության լայն շերտերի եւ վերնախավի միջեւ  անհամաձայնություն կա ինչպես աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի մոտ 80 տոկոսը բացասական դիրքորոշում ունի ոչ միայն քաղաքական վերնախավի, այլեւ տնտեսական համակարգերի նկատմամբ:  Վերջին տասը տարիների կարեւորագույն բոլոր որոշումները ընդունելի չեն եղել հասարակության համար, մինչդեռ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը  միակ խոշոր աշխարհաքաղաքական որոշումն է, որին կողմ է քաղաքացիների մոտ 80 տոկոսը: Սա հսկայական ռեսուրս է, որպեսզի կառավարությունը կարողանա կատարել հսկայական քայլեր կոնսոլիդացնելու հասարակությունը եւ վերացնելու վերնախավերի եւ հասարակության միջեւ անջրպետը»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031