Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար

Փետրվար 02,2015 20:01

Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինների կողմից այսօր ձերբակալված  նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության համար: Այդ են վկայում ֆիննախի հրապարակած հոդվածները:

Նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այսինքն, ըստ մեղադրանքի, Հակոբ Հակոբյանը ապօրինի ձեռնարկատիրությունը զուգորդել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:

Նրան առաջադրված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով էլ, նախկին պատգամավորը խուսափել է վճարել գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարները:

Սույն հոդվածի առաջին մասը սահմանում է. «Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը՝ հաշվապահական գրքերում կամ հարկման հիմք համարվող այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Նկատենք, որ այս հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728