Լրահոս
Օրվա լրահոսը

«100 տարվա հիշողություն»

Ապրիլ 20,2015 23:10

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 21:30-ին, Փարիզի Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը:

«Այս համերգը բավականին լուրջ նշանակություն ունի արվեստի միջոցով Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու գործում,- ասում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը.- համերգին մասնակցելու են շուրջ 50 երաժիշտներ, որոնց բոլորին միավորում է հայկական ծագումը»։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո անցկացվող այս միջոցառումը բացառիկ է մեզ համար. «Շատ ուրախ եմ, որ  կարողացանք տեխնիկական լուծում գտնել ու Փարիզում ընթացող համերգը հայ  հանդիսատեսին ներկայացնել»,- ասաց Օպերային թատրոնի տնօրենը՝ նշելով, որ մուտքն ազատ է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան՝ մշակութային հարցերով  խորհրդական Ժան Միշել Գասպարյանի խոսքով՝ այս համերգը շատ կարևոր ժամանակահատվածում է տեղի ունենում. «Մենք ցանկանում ենք ցույց տալ ստեղծագործության և ապագայի կապը։ Համերգին հնչելու են ոչ միայն Կոմիտասի, Խաչատրյանի և Մոցարտի ստեղծագործությունները, այլև 2013 թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ հատուկ այս առթիվ գրված ստեղծագործությունը: Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգն ապագա ունի»,- ընդգծեց ծագումով հայ ֆրանսիացի դիվանագետը:

Նշենք, որ համերգին մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը, «Գյուլբենկյան» երգչախումբը (դիրիժոր՝ Ալեն Ալթինօղլու), մենակատարներ Հասմիկ Պապյանը, Վահան Մարտիրոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գզավիե Ֆիլիպսը, Նորա Գուբիշը, Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը և ուրիշներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930