Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Ենոքյանն ի՞նչ կապ ունի Յուվեցի Կարոյի «սպանության նախապատրաստման» հետ

Մայիս 05,2015 00:07

Ձերբակալվել է ԽՍՀՄ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը: Նրա մոտից՝ Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման վայրից դուրս եկած նրա պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանն (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ Գ.Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստման մեջ մասնակցություն ունենալու համար:

Aravot.am-ի տեղեկություններով, խոսքն ԱԺ պատգամավոր, նախկին բարգավաճական Կարո Կարապետյանի «սպանության » նախապատրաստման մասին է, «Յուվեցի Կարո» անունով հայտնի պատգամավորը ոստիկանություն հաղորդում տվողն է:

«Մեր համոզմամբ ակնհայտ անհիմն են նշված կասկածները, ձերբակալման որեւէ հիմք գոյություն չունի: Հատուկ քննչական ծառայությունը թույլ է տալիս բացահայտ ապօրինություն, տեղի չունեցած դեպքով, անձին ապօրինաբար զրկում են ազատությունից, առանց բավարար հիմքերի»,-ասաց Գ. Հակոբյանը:

Ըստ Գ.Հակոբյանի՝ Գոհար Ենոքյանը որեւէ առնչություն չունի  այդ դեպքի հետ. ավելին, նման դեպք իրականության մեջ տեղի չի ունեցել: Բացի այդ, Գոհար Ենոքյանը շուրջ մեկ տարի տևող նախաքննության ընթացքում որևէ անգամ չի հրավիրվել հարցաքննության և այսօր, ծանուցագրով նշված ժամին ներկայանալով ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ապօրինաբար, առանց բավարար հիմքերի  ձերբակալվել է: Պաշտպանի գնահատմամբ, դա հորինված եւ պատվիրված սցենար է, որը ջանասիրաբար հովանավորվում է գլխավոր դատախազության և հատուկ քննչական ծառայության կողմից:

Փաստաբան Գեղամ Հակոբյանն ասաց, որ հաշվի չեն առել նաեւ, որ 73-ամյա կինը Հայաստանի համար մեծ ներդրում ունեցող գործարար է. «Նպատակը նրա ունեցվածքը ապօրինաբար զավթելն է: Այս ամենի մասին միանշանակ տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազությունը, քանի որ մեր կողմից բազմաթիվ բողոքներ և միջնորդություններ են ներկայացվել այդ մարմնին՝ հույս ունենալով, որ ի վերջո դատախազությունը վեր կկանգնի պատվերներ կատարելուց և կկանխի ապօրինությունները: Օբյեկտիվության առումով նաև մեծ հույս էինք կապում ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ, սակայն այսօր այդ մարմինը խորապես հեղինակազրկեց իր անունը, 73- ամյա բազմավաստակ կնոջն ապօրինի ձերբակալելով»:

Գ. Ենոքյանի ինքնազգացողությունը լավ չէր, նա ուներ արյան ճնշման հետ կապված խնդիր:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031