Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերա Վիվա»-ն ակումբային կյանք է բերում բազմազանություն

Հուլիս 07,2015 17:06

Երկու օրից՝ հուլիսի 9-ին, երեւանյան ակումբային կյանքում «նորարարության» մեկնարկ է տրվելու. «ԱԶԴ» ընկերությունը նախաձեռնել է «Օպերա Վիվա» նախագիծը, որի շրջանակներում երեւանյան ակումբներում դասական երաժշտությունը կմատուցվի մատչելի, հաճելի և ժամանցային տարբերակով:

Նախագծի առաջին միջոցառումը հուլիսի 9-ին լինելու է «Մեցցո» ակումբում:
«Օպերա Վիվա»-ի պրոդյուսեր Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նմանատիպ միջոցառումների մասնակցել է Եվրոպայում եւ Ռուսաստանում. «Ինձ շատ դուր եկավ դասական երաժշտության մատուցման նման ձեւաչափը: Նպատակը հետեւյալն է. հանդիսատեսի համար ստեղծվում է օպերային եւ դասական երգեցողություն լսելու հնարավորություն՝ ոչ ավանդական միջավայրերում. մարդիկ կան, որ չեն այցելում ակադեմիական վայրեր, ուզում են ավելի լիցքաթափվել, միգուցե մի բաժակ ոգելից խմիչքով վայելել երաժշտությունը, այսինքն՝ մի կողմից հանգստանալ, մյուս կողմից էլ՝ ավելի որակյալ երաժշտություն լսել»:

Հայկ Հարությունյանը նշում է, որ նմանատիպ նախագիծը նաեւ կարեւոր է հենց կատարողների համար, նրանք կունենան նմանատիպ ակումբային բեմերգեր եւ անմիջական շփում հանդիսատեսի հետ:

Ծրագրում ընդգրկված են հայտնի դասական ստեղծագործություններ, նեոպոլիտանական և իտալական երգեր (Caruso, O sole mio, Non ti scordar di me, Torna a Surrineto, Adagio), ռուսական և հայկական սիրված ռոմանսներ (Ա.Բաբաջանյան, Վ.Կոտոյան), Կոմիտասի սիրված երգերից պոպուրի բոլոր մասնակիցների կատարմամբ, հանրահայտ օպերային արիաներ (Ռիգոլլետո, Տրավիատա): Նախագծի մասնակիցներն են` Հայկ Թոնգուրյան (տենոր), Ալին Գոյան (սոպրանո), Վիգեն Ահարոնյան (բարիտոն), Խաչիկ Բեկյան (բաս), Հասմիկ Հարությունյան (սոպրանո), Նվարդ Մարուխյան (դաշնամուր):

«Շատ անմիջական է լինելու ամեն ինչ: Օրինակ՝ երգիչը կարող է կանգնեցնել արիան եւ շփվել հանդիսատեսի հետ կամ առաջարկել իր հետ երգել»,- ասում է Հայկ Հարությունյանը եւ նշում, որ երաժշտության մատուցման այս մոտեցումը գուցե գրավի նրանց, ովքեր դասական երաժշտության հետ չեն առնչվում:

«Դասական երաժշտությունը հավերժ է: Եվ բացթողում է, որ մենք քիչ ենք անդրադառնում դրան: Դա գուցե մեր մշակութային սխալ քաղաքականության արդյունք է: Մենք փորձում ենք մեր հերթին լրացնել այդ բացը. շատ նեղ մասսա է հավաքվում տրադիցիոն հաստատություններ, դահլիճներ: Մեր ակումբային կյանքում նմանատիպ նախագիծ չի եղել, եւ այսպես բազմազանություն կմտնի նաեւ մեր ակումբային կյանք. միջոցառումների աֆիշաների վրա միշտ նույն 10-12 արտիստն են, ակումբից ակումբ են գնում, միշտ նույն միջոցառումներն են: Մենք նորություն ենք բերում այն մարդկանց համար, որոնք ուզում են իրենց համար նոր միջավայր, մթնոլորտ վայելել»,- ասում է Հայկ Հարությունյանը եւ ավելացնում, որ նախագիծը շարունակվելու է ամբողջ ամառվա ընթացքում, տարբեր ակումբներում, ապագայում գուցե արդեն կատարումներն ընդգրկվեն ավելի մեծ միջոցառումներում:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031