Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը «փոքր» մարդու մեծ ողբերգության մասին է

Հուլիս 13,2015 23:00

Արցախի Մարտակերտի շրջանում ռեժիսոր Արամ Շահբազյանը տարիներ առաջ հանդիպել է մի հայ փախստականի: Նա օրագիր է ունեցել, որտեղ գրի է առել, թե ինչպես է գումար հավաքում «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա գնելու համար:

Ահա օրագրի խունացած էջերում պահպանված երազանքը դարձել է «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի մեկնարկային սահմանը:

Իրական այս պատմությունից ֆիլմում պահպանվել են միայն օրագրի գաղափարն ու հերոսի փախստական լինելը:

«Ֆիլմը կորսված սերնդի մասին է: Մի սերնդի, որը մի օր արթնացավ նոր ժամանակներում ու հասկացավ, որ այլևս ոչ ոքի պետք չէ: Սերունդ, որը լուռ տանում է իր ողբերգությունը»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն այս տարի մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, և այսօր հենց այդ ֆիլմով էլ «Հայաստան» կինոթատրոնում բացվեց «Հայկական համայնապատկեր» ծրագիրը:

Արամ Շահբազյանը պատմում է, որ երկար ու դժվարին փնտրտուքի արդյունքում, ինչպես ինքն է ձևակերպում, շատ զգույշ ու կազմակերպված ընտրել է դերասաններին: Նրա համար էական չէ՝ դերասանը ճանաչված է, թե ոչ, անգամ կարևոր չէ՝ ընդհանրապես խաղացե՞լ է:

Գլխավոր hերոսի՝ Հմայակ Ավանեսյանի կերպարը մարմնավորում է Գավառի թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը: Իր դերի մասին խոսելիս Ղևոնդյանը պատմում է, որ սցենարին ծանոթանալիս այնպիսի զգացողություն է ունեցել, թե այդ հերոսը հենց ինքն է. «Համոն շատ նման է ինձ»,- ասում է նա:

Ֆիլմը հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության տրագիկոմեդիա է, որը պատմում է «փոքր» մարդու մեծ ողբերգության մասին:

«Փոքր» մարդիկ՝ իրենց ներաշխարհով ու աննշան թվացող երազանքներով Արամ Շահբազյանի նախընտրելի հերոսներն են: «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմում նա պատմությունը կառուցում է փոքր ու խեղճ մի մարդու շուրջ:

Գյուղում ապրող Համոն ու նրա կինը Հայաստան են գաղթել Ադրբեջանի Լենինավան գյուղից: Նրանք շատ սուղ պայմաններում են ապրում: Ամիսը մեկ անգամ Համոն մեկնում է շրջկենտրոն՝ ստանալու Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած փոքրիկ գումարը: Կյանքն անցնում է առանց արտասովոր բեկումների՝ միապաղաղ, անաղմուկ: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես էլ միապաղաղ ապրելու էին, եթե Համոն շրջկենտրոնում հանկարծ չլսեր, որ հարևան գյուղում ինչ-որ մեկը «Մոսկվիչ» է վաճառում: Համոն շտապում է տեսնելու վաճառվող մեքենան: Տերը համաձայնում է սպասել այնքան, մինչև որ Համոն կկարողանա վճարել մեքենայի գինը՝ 800 դոլարը: Երազանքն իրականություն դառնալու շեմին է: Ծերունին համակվում է «Մոսկվիչ» ունենալու ցանկությամբ և այդ գումարը ձեռք բերելը գերխնդիր դարձնում իր համար: Բայց մի օր Համոն արթնանում է ու հասկանում, որ ժամանակն անցել է, իր ապրելու ժամանակը՝ նույնպես:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031