Սեյրան Օհանյան. «Մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում հայրենիքի պաշտպանը

Սեյրան Օհանյան. «Մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում հայրենիքի պաշտպանը

Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և  կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ երկու կարևորագույն խնդիրների՝ մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում անսասան և մարտական ոգու տեր հայրենիքի պաշտպանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարը շեշտեց մարտական պատրաստության և կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքը հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը նկատեց նաև, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում՝ պետք է լինեն ուղենիշ առաջիկա աշխատանքների ընթացքում, իսկ առկա որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հարկ է ձեռնարկել նպատակային քայլեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմայնանն իր զեկույցի շրջանակում հանգամանալից անդրադարձավ ԶՈւ մարտական պատրաստության վիճակին, ներկայացրեց անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատականն ու դրա հիման վրա արված վերլուծականը: Ներկայացվեցին նաև հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրական ձեռքբերումները և արձանագրված որոշակի բացթողումները: Զեկույցում նշվեց, որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները, առկա խնդիրները, արվեցին կոնկրետ առաջարկներ առկա բացթողումները շտկելու և զինծառայողների շրջանում առավել նպատակաուղղված ուսուցում իրականացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի անձնակազմի կարգապահական խնդիրներին նվիրված զեկույցով հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով անդրադարձավ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված կարգապահական իրավիճակին և զինծառայողների շրջանում անցկացված դաստիարակչական աշխատանքներին: Մովսես Հակոբյանը գոհունակությամբ փաստեց, որ փողոցային արատավոր բարքերի դեմ հետևողականորեն իրականացվող միասնական  պայքարի արդյունքում զինված ուժերում արդեն իսկ առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում, կարևորեց միասնական պայքարին շարունակական բնույթ հաղորդելու և պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից ուղենշված ցուցումներն ու հանձնարարականները կյանքի կոչելու  անհրաժեշտությունը:

Կոլեգիայի նիստի ընթացքում հանդես եկան մի շարք զորամասերի հրամանատարներ, ովքեր անդրադարձան մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների պլանավորմանը, կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց ընթացքում հրամանատարների և շտաբերի կողմից ենթակա ստորաբաժանումների փոխգործակցության ապահովմանը: Զեկույցներում անդրադարձ կատարվեց նաև  մարտական պատրաստության կազմակերպման գործընթացում առկա որոշակի հարցերին, դրանց լուծման ուղիներին, զորամասերի հրամանատարության և զինվորական իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությանը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է: Պաշտպանության նախարարը նկատեց նաև, որ թե մարտական պատրաստության և թե կարգապահական առումով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է բավական լուրջ աշխատանք: Մասնավորապես` վերհանվել են զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բացասական երևույթները, նախանշվել են զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման ուղիներն ու միջոցները, Միաժամանակ՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու, ժամանակակից բանակաշինությանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են վերադաս հրամանատարության կողմից տրված հանձնարարականները:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք