Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. «Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը ժողովրդավարական ընտրություններով ընտրված վերջին առաջնորդներն էին»

Հոկտեմբեր 27,2015 19:00

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում, ըստ էության չժխտեց այն տեսակետը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտված չէ: Պարոն Սահակյանը կարծում է, որ հանցագործության դրդապատճառները մեր երկրից դուրս են: Նա, մասնավորապես ասաց. «Աշխարհում պիտի փնտրել ու գտնել, թե որտեղից եկան այդ մոտեցումները երկրի նկատմամբ, առավել ևս առաջին դեմքերի նկատմամբ»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ միայն հզորացած Հայաստան ունենալու պարագայում կկարողանանք այդ հանցագործությունը բացահայտել: Ու այս համատեքստում պարոն Սահակյանը կրկին սկսեց սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզ անել. «Քաղաքական ուժերը գիտակցեցին, որ պիտի համակարգային փոփոխություններ իրագործել, դրա արդյունքում ծնվեց Սահմանադրությունը բարելավելու, փոփոխելու խնդիրը: Կառավարման մոդելի փոփոխությունը հնարավորություն կտա, որ բոլոր քաղաքական ուժերը միասնական խնդիրներ լուծեն»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ 16 տարի է անցել, սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվել, պարոն Սահակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել. «Եթե ավելի հզորանանք, ավելի մեծ գործիքակազմ կունենանք, աշխարհով կփնտրենք, կգտնենք, ինչ-որ մի պահի կիմանանք՝ հարցը որտեղից եկավ: Ներսից նման հարվածներ չեն գալիս: Եթե որոշ մարդիկ կան, որ կասկածում են, դա վաղուց բացահայտված կլիներ, գոնե մարդկանց ենթագիտակցության մեջ տպավորված կլիներ»:

Aravot.am-ի այն հիշեցմանը, թե ըստ էության Գալուստ Սահակյանը համաձայնել է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չի բացահայտվել, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արձագանքեց. « Ի՞նչ անեմ, ուրախանա՞մ, որ ինքը համաձայնել է մեր կարծիքի հետ: Դա արդեն թող  ինքը պատասխան տա: Ես ասացի, թե իմ ու մեր կարծիքով որտեղից է եկել հարվածը:Մենք հակված ենք մտածելու, որ իրականում տեղի է ունեցել հակակշռի վերջին զսպանակների՝ սահմանադրական զսպանակների ոչնչացում: Երկիրն այլ տեսք կունենա,  երբ իշխանություններն ընտրվեն ժողովրդի կողմից»:

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը վերջին առաջնորդներն էին, որ ընտրված էին ՀՀ-ում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»:

Aravot.am-ի հարցին՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի մասին ասում էր, թե այն «ուչաստկովի գործ է» ու արագ կբացահայտվի, ինչու՞ մինչև հիմա այն բացահայտված չէ,  պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Մինչև  ընտրակեղծարարության անիվը ՀՀ-ում ետ չպտտվի, այդ ուչաստկովի կոչված գործը չի բացահայտվի: ՀՀ-ում, երբ լինեն ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ, այդ գործը կբացահայտվի: Մեզ տրված է հնարավորություն վերջ տալ ռեժիմին, եթե ժողովուրդը միահամուռ գնա ու ոչ ասի ռեժիմին՝ հասկանալով, որ «ոչ» նշանակում է ոչ Սերժ Սարգսյանին, ռեժիմին, ոչ ընտրակեղծարարությանը: Այս դեպքում մենք ունենք շանս հաղթելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031