Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամն ազատամարտիկ հոր ոգին է ժառանգել՝ հրամանատարին չլքելով

Ապրիլ 06,2016 15:00

Քյարամի ազատամարտիկ հայրը Արցախյան պատերազմում վիրավորվել,
բայց ողջ է մնացել՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ տարիներ հետո որդին է նույն ճանապարհներով անցնելու, սակայն այդպես էլ չի վերադառնալու:

«Հրամատարի հրահանգին, որ թողնի հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել, եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,- պատմում են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին:

Ազգությամբ եզդի զինծառայողը մարտական ոգին ժառանգել է ազատամարտիկ հորից, որը տարիներ առաջ մարտնչել է արցախյան պատերազմում: Հակառակորդի գնդակը նրան էլ է դիպչել, սակայն, բարեբախտաբար, Քյարամի հայրը ողջ է մնացել՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ տարիներ հետո որդին է նույն ճանապարհներով անցնելու, սակայն այդպես էլ չի վերադառնալու:
«Ֆիզիկապես ուժեղ, լավ երիտասարդ էր, ընտանիքում չորս եղբայր էին: Մատաղիսի մատույցներում է զոհվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Քյարամ Սլոյանը հարյուրավոր եզդիներից մեկն է, որ ծառայում էր Հայաստանի զինված ուժերում: «ՀՀ քաղաքացի են, եւ նրանց սահմանադրական պարտքն է հայոց բանակում ծառայելը»,- նկատում է Ամո Շարոյանը՝ տխրությամբ նշելով, որ եւս երկու իրենց ազգակից զինվորներից արդեն քանի օր է՝ լուր չունեն:
«Մեզ միայն մնում է, որպեսզի աղոթենք մեր ողջ մնացած զինվորների եւ մահացածների հոգիների համար, իսկ վիրավորներին շուտափույթ առողջություն ցանկանանք, որպեսզի այսուհետ ոչ մի մայր՝ անկախ ազգությունից, իր որդու մահվան լուրը չլսի»,- ասաց պարոն Շարոյանը:

Քյարամ Սլոյանը Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից էր, ծնողների երկրորդ զավակը:

Ամո Շարոյանի խոսքերով՝ հազարավոր տարիներ է՝ եզդիներն ու հայերը միասին ապրում են, որի մասին դեռեւս նախկին վարչապետներից մեկն է ասել, որ՝ եզդիներն իրենց ճակատագիրը անխզելիորեն կապեցին հայ ժողովրդի հետ. «Այսօր մեր հայրենիքին, մեր ընտանիքին վտանգ է սպառնում, եւ մենք պատրաստ ենք պայքարել մեր ընտանիքի անվտանգության համար»: Ամո Շարոյանի խոսքերով՝ չնայած երկու ժողովուրդների համատեղ խաղաղ ու բարեկամական կյանքին, թե՛ հայերը եւ թե՛ եզդիները դժվարություններով լի կյանք են ապրել՝ տեսնելով ցեղասպանություններ, կոտորածներ: Եվ այդ ամենը, «Մեդիա-Շանգալ»-ի նախագահի համոզմամբ, այն պատճառով է, որ «միջազգային գերհզոր պետություններն ու միջազգային կազմակերպությունները իրական չեն գնահատում իրավիճակը». «Կոսովոյի հարցը լուծվեց, բայց օրինակ՝ մեր Ղարաբաղը տարիներով մնում է չճանաչված ու չլուծված խնդիր, եւ ոչ ոք իրական գնահատական չի ուզում տալ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Հարգանքներս Հայաստանի եզդիներին ու էս քաջի հիշատակին: Իրենց իսկ սեփական երկրի ու պատմության մեջ բազմաթիվ հայ գործիչների բարեգործությունները մոռացած ռուս,բելոռուս, ուկրաինացի պաշտոնատարների՝ այս օրերի անտարբեր, երբեմն էլ բացահայտ ադրբեջանամետ վերաբերմունքն ասեմ, թե՞ եզդի ազգի էս նեղ պահին մեր հետ միասին կռվելը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930