Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերի ծերունին պահած զենքերը տվել է Վարդանին. «Այս զենքերը ոչ թե մերոնց, այլ ձե՛զ է արժան ունենալ»

Մայիս 16,2016 13:30

«Այս մանկանը կարգին մարդ դաստիարակեք,
որ չհարձակվի մեր երկրի վրա, եթե ոչ, միեւնույն է,
իմ երեխան կհասցնի նրա դեմ պայքարել ու հաղթանակ տանել»

Դուշման Վարդանը 90-ականներին Արցախ էր գնացել համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսից` ուսումը թողնելով։ Այսինքն թե՝ լեգենդար Դուշման Վարդանն այլ մեկը չէր, եթե ոչ մեր հայրենիքի վաղվա լուրջ մտավորականներից։

– Իմ պատերազմում մայրեր եւ երեխաներ չե՛ն սպանվելու,– հայտարարել էր նա։
Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում հիշատակվում են Վարդանի հերոսությունների, խղճի եւ հավատի դրսեւորումները: Գրքում նշվում է, որ երբ Խոջալուն գրավեցին, ձմեռ էր, հունվար ամիսը։ Ազերի մայրերն իրենց բարուրներով անտառ էին մտել։ Ցրտին եւ սովին չէին դիմանալու։ Վարդանը գնաց անտառ, որոնեց-գտավ նրանց, բերեց, սկսեց խնամել։ Նախ՝ երեխաների համար «խտացրած կաթ» ջրով բացեց, տաքացրեց, լցրեց շիշը, մի ծծակ գտավ, ամրացրեց եւ սկսեց կերակրել։

Ապա տաք ծածկոցը կտրեց ու բաժանեց մայրերին, որ իրենց սառած ոտքերը փաթաթեն։ Եվ հոգս էր անում, վշտանում թե` այս կանանց ոտքերը երեւի բժիշկները կտրեն, որովհետեւ արդեն ասես թե ցրտահարված լինեն։ Ընկերներն անգամ որոշ ժամանակ նեղացան Վարդանից, որովհետեւ սնունդը քիչ էր, ամենքին չէր հերիքում, իսկ Վարդանն իրենց հասանելիք սննդով կերակրում էր ազերի գերի մայրերին, թշնամիներին։ Ապա ավտոբուսով ամենքին էլ ճանապարհեց մինչեւ այնտեղ, որտեղից կարողանային անվտանգ անցնել յուրայինների մոտ։

Vardan8_1

Բայց որքան են քրիստոնյա իշխանությունները տարբեր մահմեդականներից։ Բոլոր այն ազերիների անունները, որ հայեր էին փրկել, մերոնք ցուցակներով փակցնում էին պատերին, նրանց մասին շնորհակալությամբ պատմում ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, մամուլով, իսկ մեր իշխանությունները, չլսեցինք, որ արգելեին։ Սակայն ազերի այս մայրերը հասնելով յուրայիններին, ըստ իրենց թելադրած ազերի իշխանավորների, նրանց սպառնալիքի տակ, մոսկովյան հեռուստատեսությամբ բողոքել էին թե` հայերը լավ չեն վարվել իրենց հետ։ Որքան դառն ու տգեղ է սուտը` ամեն դեպքում։
Նապոլեոնն ասել է. «Ես ու Ալեքսանդր Մակեդոնացին պարտվեցինք, որովհետեւ մեր հույսը դրեցինք ուժի վրա, բայց Քրիստոս երեկ հաղթեց, այսօր հաղթում է եւ վաղն էլ է հաղթելու, որովհետեւ իր թագավորությունը հիմնեց սիրո վրա»։

Քրիստոնյայի հաղթական սիրո մասին է մեկ այլ դրվագ հիշատակվում, սեր, որ միայն հոգով զորեղները կարող են դրսեւորել։

Ազերի մի աղջկա` Վարդանի վրա կրակելիս մեր տղերքից մեկը սպանել է, թեպետ Վարդանը գոռացել է.

֊ Կին է, չսպանե՛ք դրան։ Եվ Վարդանն աղջկա դիակը ձեռքերին առած՝ մտնում է ազերիների տուն, որոնք այդ ժամանակ սովի մատնված են լինում։ Վարդանը քաղցից ճչացող երեխայի շուրթերին շոկոլադ է քսում, որովհետեւ երեխան այնքան փոքր էր, որ ուտել չէր կարող, համբուրում է երեխային, որ հանդարտվի, ապա մորն է տալիս վիտամինների տուփը թե` կեր, որ կարողանաս կաթ տալ։ Մոր երեսին զարմանք ու ժպիտ է առաջանում: Աչքերին չի հավատում։ Այ քեզ տարօրինակ թշնամի, ում զորեղության մասին լեգենդներ են պատմում, բայց եղբոր նման վարվեց։

-Այս մանկանը,-ասում է Վարդանը,-կարգին մարդ դաստիարակեք, որ չհարձակվի մեր երկրի վրա, եթե ոչ, միեւնույն է, իմ երեխան կհասցնի նրա դեմ պայքարել ու հաղթանակ տանել։ Մեր հողը մի՛ ցանկացեք գրավել, մեր հողն Աստծով մե՛զ է պատկանում։
Ասելիքն ավարտելով՝ Վարդանն ուզում էր հեռանալ, երբ ծերունին՝ տան պապը, կանչում է նրան.

– Տղա, տղա, տղա…

Եվ խնդրում, որ Վարդանն իր հետ իջնի նկուղ, նվեր ունի նրան տալու։ Այնտեղ ծերունին զենքեր է ունեցել պահած, որոնք հանձնել է Վարդանին ու
ասել.

-Տղա, քո մարդասիրությունն աստվածային է, վերմարդկային, դու ես ճշմարիտը։ Այս զենքերը ոչ թե մերոնց, որ ձեր հայրենի հողն են ուզում խլել, այլ ձե՛զ է արժան ունենալ։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
14.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031