Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Էջմիածնում պատարագիչը Տավուշի թեմի առաջնորդն էր

Մայիս 30,2016 21:33

Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մայիսի 29-ին էջմիածնի մայր տաճարում շուքով նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Հանդիսապետությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ինչպես վկայում է միջոցառմանը ներկա, դիլիջանցի լրագրող Տաթեւ Հարությունյանը, տոնի առիթով Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքապետեր, Տավուշի հոգևոր դասը, մարզի ուխտավորներ:

-Գալստանյան

Օրվա խորհրդի շուրջ քարոզելով` Բագրատ Սրբազանը մասնավորաբար ասել է. «Մեծ խորհուրդ ունի Ս. Էջմիածնի հաստատումը` որպես Կաթողիկե Մայր Եկեղեցու բաբախող սիրտ, ճառագող արեւ, որը լցնում է հայոց հոգևոր կյանքի անդաստանները, զարգացնում մեր հոգևոր մշակույթը, ոռոգում և լցնում մեր հայրենիքի սահմանների դաշտերն ու անդաստանները խաղաղության հաստատման համար: Ոգու մտքով ենք վերադառնում մեր այսօրվա կյանքը: Մայր Տաճարի շրջափակն այսօր որբերով, լքվածներով և ցեղասպանության սուրը թիկունքին կրող ժողովուրդը չէ, այլ այստեղ են ժամանել քաղաքական, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներ, զորապետեր, Տավուշ աշխարհի ժողովուրդը, ինչպես նաև հայորդիներ, որոնք իրենց մեծ նեդրումն ունեն հայրենիքի զորացման գործում, մշակութային, կրթական տարբեր ոլորտներում»:

Տավուշի թեմի առաջնորդը հայտնել է, որ Տավուշի ուխտավորներն եկել են իրենց համբույրը դրոշմելու Մայր տաճարին, ստանալու կաթողիկոսի օրհնությունը եւ վկայելու, որ կյանքի ու մահվան սահմանագծում ապրողները ողջ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն են պահում:

«Հաղթանակի հարության հույսով մեր ժողովրդի համար մահ չկա, քանի դեռ գոյություն ունի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, քանի դեռ մեզ ուղեկցում են Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը: Կաթողիկե տաճարը սոսկ պատմական հուշակոթող չէ, այլ մենք` այսօր ապրող քրիստոնյաներս ենք», – եզրափակել է իր խոսքը Բագրատ սրբազանը` մաղթելով, որ Աստված իր ներկայությամբ լցնի հայոց կյանքը:

Պատարագից հետո Ս. Տրդատի կամարի առջեւ Գարեգին Բ կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունն է բերել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին,տեղական իշխանության բոլոր ներկայացուցիչներին, Բագրատ Սրբազանին:

Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտավորներին պատգամել է համախումբ մնալ իրենց հոգևոր առաջնորդի ու մարզպետի շուրջ` զորակցելով նրանց հայրենաշեն բոլոր ծրագրերի իրագործմանը, իրենց աղոթքներում մշտապես հիշել հայրենիքն ու հայոց եկեղեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031