Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը միշտ ճի՞շտ է

Օգոստոս 09,2016 10:10

Վերջերս համացանցում մի քանի անգամ կարդացել եմ հեղափոխականների` ինձ ուղղված սպառնալիքները` ի պատասխան նրա, որ ես դեմ եմ զինված ներքաղաքական պայքարին` «գիտե՞ս, մենք ի՞նչ կանենք քեզ հետ, երբ գանք իշխանության»: Գիտեմ, գիտեմ` այն, ինչ անում են «ազգի նվիրյալները» եւ «հրաշք հերոսները» «ներքին թուրքի» հետ: Ես, ճիշտն ասած, առանձնապես չեմ նեղվում` ինչ անում եք, արեք: (Ավելի քան 20 տարի առաջ, երբ գրեթե նույն դերակատարները նույն պայքարն էին տանում ՀՅԴ կազմում, արդեն արել եք): Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք այս առումով յուրահատուկ ազգ չենք, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պատմության մեջ այս կամ այն ձեւով արդեն եղել է:

1793 թվականի հոկտեմբերի 30-ին Մարկ Լյասուրսը կանգնել էր Ֆրանսիայի Հեղափոխական տրիբունալի առջեւ: Լյասուրսը «ժիրոնդական» էր, այսինքն` կողմ էր «հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին եւ նրան աջակցողներին» գիլյոտինի ուղարկելուն, բայց, ի տարբերություն «յակոբինականների», դեմ էր դա անել, մասնավորապես, պահպանողական հայացքներ ունեցող Ֆրանսիայի հյուսիսում ապրող գյուղացիների հետ: Մահապատժի դատավճիռը կարդալուց առաջ Լյասուրսն իր վերջին խոսքում ասաց մի նախադասություն, որն այնուհետեւ թեւավոր դարձավ. «Ես մահանում եմ այն օրը, երբ ժողովուրդը կորցրել է բանականությունը: Այն օրը, երբ նրա մեջ բանականություն կարթնանա, կմահանաք դուք»: Ինչը եւ տեղի ունեցավ «յակոբինականների» հետ:

Բայց 18-րդ դարի վերջում Ֆրանսիայում տեղի ունեցածը նույնպես եզակի եւ յուրահատուկ չէր: Մ.թ.ա. 4-րդ դարում Աթենքում վիճում էին քաղաքական գործիչ, հռետոր Դեմոսթենեսը եւ զորավար Ֆոկիոնը, ընդ որում՝ պատկերացրեք, առաջինը կողմ էր Մակեդոնիայի հետ պատերազմին, իսկ երկրորդը` դեմ: Եվ ահա հռետորը սպառնաց զինվորականին. «Աթենքի ժողովուդը կսպանի քեզ, Ֆոկիոն»: Վերջինս դրան պատասխանեց. «Այո, կսպանի, եթե խելքը կորցնի: Բայց եթե նորից խելք ձեռք բերի, կսպանի քեզ»: Իսկապես, ավելի ուշ Աթենքի ժողովուրդը որոշեց մահապատժի ենթարկել Դեմոսթենեսին, բայց մեծ հռետորը չցանկացավ հանձնվել ու ինքնասպանություն գործեց: Դրանից հետո աթենքցիները կառուցեցին Դեմոսֆենի արձանը:

Ամենաանհեթեթ բանը, որը ես լսել եմ` «ժողովուրդը միշտ ճիշտ է» ասույթն է: Եթե պատմական առումով 5 րոպեն մեկ «ժողովուրդը» կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, տարբեր՝ տրամագծորեն հակառակ բաներ են պահանջում, եթե այսօր պետք է գնդակահարել մեկին, վաղը` ճիշտ հակառակն ասողին,  մյուս օրը` դնել երկուսի արձանները, իսկ հետո քանդել դրանք, ապա «միշտ ճիշտ»-ը դառնում է չափազանց փոփոխական կատեգորիա: Ինձ համար կա միայն մեկ չափանիշ` բացառել ներքին կյանքում անօրինական բռնությունը: Իհարկե, կա տեսություն, որ առանց գիլյոտինների եւ «խելագարված ամբոխների» առաջընթաց չի լինի: Գուցեեւ այդպես է: Բայց ինչո՞ւ ես պետք է դա հավանեմ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Համաձայն եմ Ձեզ հետ: Ես էլ նույն տեսակետն էի երեկ Ձեր նյութերից մեկի տակ գրել, իհարկե մի փոքր այլ տեսակետից:
    Ես ասում եմ-գալստուկավոր-համազգեստով հոմոֆոբներին փոխարինելու են գալիս բեղմորուսավոր հոմոֆոբները: Ու դժվար ա ասել, թե վերջինններն ավելի լավն են էն պատճառով, որտև ավելի ջիգյարով են տալիս ժողովրդի անունըՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ Բայց դե ճաշակի հարց է
    Հ.Գ.Դեմոսթենես- հայերեն թարգմանության ավանդույթով:

  2. Մարգար Մախսուդյան says:

    == «գիտե՞ս, մենք ի՞նչ կանենք քեզ հետ, երբ գանք իշխանության»: ==
    Ակնհայտորեն ֆեյք գրառում է սա, որը շատ նման է՝ ՛՛մի տաքսիստ ինձ ասաց…՛՛ խորագրի լրագրողական հնարքին:
    Իսկ ո՞վ կարող էր նման բան գրել. ՛՛հեղափոխակա՞նը՛՛, որն ուզում է անպայման հաղթել, և որին բնավ էլ անհրաժեշտ չէ հակառակորդների մեծ բանակ, թե՝ Քյառթագենի անմնացորդ պաշտպանը, որին անհրաժեշտ է հեղափոխության ՛՛բոբոյով՛՛ աջ ու ձախ սարսափ տարածել:
    Կարծում եմ՝ հեղինակին հաջողվել է տպավորիչ համեմատությունների միջոցով խուսափել անդրադառնալ ստեղծված կացության խորքային պատճառներին և հատկապես Սերժ Սարգսյանի վերջին՝ մահաշունչ մենախոսությանը:
    Անդրադառնա, որ ի՞նչ անի…

  3. gib.gibindus says:

    “Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք այս առումով յուրահատուկ ազգ չենք,…”
    Չարաչար սխալվում եք`յուրահատուկ ենք: Մեռա քրքրելով բոլոր աղբյուրները, հյուսիսային կիսագնդում հուլիս-օգոստոս ամիսներին ոչ ոք չի փորձել հեղափոխություն անի: Մենք փորձեցինք:

  4. Հ.Շ. says:

    Հետաքրքիր է նշելը թէ, Ֆրանսական Յեղափոխութեան այդ արիւնահեղ ու խելագար ժամանակամիջոցը զորս Խմբագիրը կը յիշատակէ (երբ, շինծու դատավարութիւններով եւ ամենայն կամայականութեամբ, անթիւ գլուխներ – բառացիօրէն – կը կտրէին յեղափոխականները, ներառեալ իրենք իրենց միջեւ), պատմականօրէն կոչվում է՝ La Terreur… Տեռորը… Հմմմ… (Այս հանրածանօթ տուեալը այստեղ չբացայայտելով, երեւի Խմբագիրը, իր յատուկ իմաստութեամբ եւ փափկանկատութեամբ, ուզեց խնայել վերջերս կալանավորուածները, օրինական տեսակէտից… )

    Toutes proportions gardées, Պատմութեան մէջ յորդառատ արեան գիրերով արձանագրված ամբոխային այդ հիւանդագին հոգեբանութեան պատճառով է որ այսօր լուռ է Հայութեան մեծամասնութիւնը: Եւ՝ ափ մը գերագրգռուած, նախնական յուզականութեան եւ կատղանքի յանձնուած, բանականութենէ զուրկ անձիք, իրենց անհեթեթ պոռչտուքի զիլ ու տեւական աղմուկը կը շփոթեն համայն հայ ժողովուրդի կամքին հետ:

    Սակայն ամէն մարդ չէ, որ վախից կը լռէ:

  5. Գուրգեն says:

    Կարծում եմ հայերեն Դեմոսթենես է:

  6. Լավատես says:

    Ժողովուրդը պետության մեջ նույն է ինչ երեխան՝ ընտանիքում, իսկ իսկական մտավորականը, ազնվականը պետության մեջ նույնն է, ինչ ծնողը ընտանիքում: Երեխային սիրում ու դաստիարակում են որպես ապագա ծնողի, ընտանիքում ծնողավարություն է, իսկ երեխավարությունը ընտանիքում կբերի այդ ընտանիքի՝ ուրիշ մեծերի կողմից կառավարմանը մի ինչ որ քաղցրավենիք կաշառքի դիմաց: Նմանապես, ժողովրդավարությունը պետությունում նույն էշությունն է, ինչ երեխավարությունը ընտանիքում՝ բերում է պետության ու ընտանիքի կործանման: Պետությունը պետք է ղեկավարեն բազմասերունդ ազնվականները, որոնք փողին ու իշխանությանը կակա չեն ասում ու ի ծնե պատասխանատվության բնազդ ունեն ժողովրդին որպես ազգ դաստիարակելու, այսինքն՝ ընտանիքում երեխային ազնվական դաստիարակելու բնազդ: Եթե երեխայի տուտուզին խփելը ծնողի կողմից համարվի անիրավ գործողություն, այդ րոպեից կսկսվի ընտանիքի, իսկ հետո՝ պետության կործանումը: Ծնողավարություն՝ ընտանիքում, ազնվավարություն՝ պետությունում:

  7. Ալֆրեդ says:

    Ես կարծում եմ այս պարագայում ժողովուրդ ասվածը պայմանական բան է։Ով է որոշում հավաքվածները ժոդովուրդ են թե ամբոխ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031