Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ լիցենզիաների տրամադրման գործընթացի պարզեցման վերաբերյալ հերթական նիստը

Սեպտեմբեր 09,2016 18:20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ  լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին  աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների  ներկայացուցիչներ։

Հրավիրված  էին  նաև  «ՋիՋի» և «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող   կազմակերպությունների ղեկավարները, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։

Նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ լիցենզիաների տրամադրման գործընթացը  պարզեցնելու վերաբերյալ ներկայացվեցին բազմաթիվ առաջարկներ։

Առաջարկություններով հանդես եկան «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը   և այլք։

Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, մատչելիությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին և այլն։

Քննարկման ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պատասխանեց նաև ներկաների կողմից առաջ քաշված մի շարք հարցերի, իսկ  տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը ներկայացրեց տեխնիկական զննության լիցենզավորման բնագավառում ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկությունները։

Ամփոփելով քննարկումը՝ աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության   լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը նշեց, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա 15-օրյա ժամկետում կուսումնասիրվի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին կներկայացվի տրանսպորտի և կապի ոլորտում լիցենզիաներ տրամադրելու չափանիշներն  ու պայմանները  վերանայելու և հստակեցնելու, ոլորտի օրենսդրական պահանջները հնարավորին կրճատելու և գործող մեխանիզմները պարզեցնելու վերաբերյալ առաջարկությունները:

Ա. Սահակյանն ընդգծեց, որ  նախարարության մասնագետները  պատրաստ են մինչև սեպտեմբերի 27-ը  յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել աշխատանքային խմբի անդամներին՝ ներկայացված առաջարկությունները մանրամասնելու և քննարկելու համար։

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930