Երևանի քաղաքապետը հանդիպել է Գերմանիայի Յենա քաղաքի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Գերմանիայի Յենա քաղաքի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Յենա քաղաքի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Երևանում են Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների անցկացման նպատակով: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Ընդգծելով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, որում մեծ է երկու երկրների դեսպանների դերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի նաև երկու պետությունների քաղաքների միջև գործնական կապեր հաստատելու հարցում:

«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլև էլ ավելի են ամրապնդվում կապերը տվյալ քաղաքներում ու մայրաքաղաքներում գործունեություն ծավալող հայ համայնքների հետ: Ըստ այդմ, մենք կարևորում ենք համագործակցության ծրագրերի իրականացումը նաև գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ ձեր այցելությունը կլինի հաճելի և հետաքրքիր ու Երևան քաղաքից կմեկնեք լավ տպավորություններով», – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յենա քաղաքի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ տպավորված է այն ամենով, ինչն արդեն հասցրել է տեսնել Երևանում, նաև հույս է հայտնել, որ երկու քաղաքների միջև կձևավորվի փոխշահավետ համագործակցություն:

«Յենան, անշուշտ, փոքր քաղաք է Երևանի համեմատ, բայցև հույս ունեմ, պարոն քաղաքապետ, որ կկարողանանք երկու քաղաքների միջև ձևավորել փոխշահավետ համագործակցություն: Հաշվի առնելով, որ հանդիսանում եմ նաև գերմանական 100 խոշոր քաղաքների միավորման նախագահը, իմ պատրաստակամությունն են հայտնում օժանդակել Երևանի և այդ քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում: Անչափ ուրախ կլինեմ, պարոն քաղաքապետ, եթե մի օր էլ ես առիթ ունենամ հյուրընկալելու Ձեզ Ենայում»,- նշել է Ալբրեխտ Շրյոթերը:

Հանդիպման շրջանակում Ալբրեխտ Շրյոթերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է ներկա գտնվելու հոկտեմբերի 3-ին կայանալիք համերգին՝ նկատելով, որ «Էրեբունի-Երևանին» ընդառաջ այն կլինի Գերմանիայի նվերը Երևան քաղաքին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք