Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ մենք պարզապես հուսալուց բացի այլ ելք չունենք. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2016 12:01

Տպավորություն է, որ մենք նախկինում ավելի սթափ էինք դատում։ Թղթից մի կերպ ընթերցված կառավարության նոր ծրագրի նման ծրագրեր մենք նախկինում էլի ենք ունեցել։ Նախկինում ամեն տիպի ծրագրեր ունեցել ենք կարծես թե։ Եղել են հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացմանը արդարացիորեն չենք հավատացել, եղել են համեստ ծրագրեր, որոնք կոչել ենք «յոլա գնալու», եղել են ծանրաբեռնված, մի քանի հարյուր էջանոց ծրագրեր, համեստ ծրագրեր, ու բոլոր այդ ծրագրերին ասելու որեւէ բան գտել ենք։

Ծրագիրը, որ բերել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, ասես կենացների ու բարի ցանկությունների ժողովածու լինի. մենք պետք է անենք այս ու այն, քաղաքացին պետք է զգա, իմանա, հասկանա այս ու այն, սակայն որքան էլ զարմանալի է, ծրագիրը գրկաբաց է ընդունվել։

Այն արդեն հետաքրքիր մակդիրների է արժանացել՝ «նոր արյուն», «ծանր ծանրաձող», «տնտեսական վիճակի ճշգրիտ դիագնոզ» եւ այլն։ Այսպիսի վերաբերմունքի մեջ քիչ չէ Կարապետյանի անձնավորության նկատմամբ վերաբերմունքի դերը։ Այդ վերաբերմունքը ձեւավորվեց վարչապետի նշանակումից անմիջապես հետո՝ «նոր մարդ է, լավ մենեջեր է, դրսից պադերժկա ունի, ներսից քարտ բլանշ ունի» եւ նմանատիպ կարծիքները միտված էին հասարակությանը հույս ներշնչելու, որ փոփոխությունները հնարավոր են եւ անխուսափելի։ Իրականության մեջ ոչինչ դեռեւս խոսակցություններից այն կողմ չի անցել, մի քանի օդիոզ դեմքերի պաշտոնանկությունից բացի։ ԱԺ ամբիոնից հնչած ծրագրի մեջ, սակայն, գրեթե նորություն չկար։

Պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, պետք է վերացվեն արհեստական մենաշնորհները, քաղաքացին պետք է իրեն վստահ ու պաշտպանված զգա, պետք է այս, պետք է այն։ Պետք է։ Վաղուց էր պետք։ Պարզաբանեք, խնդրեմ, թե ինչպես եք մտադիր դրան հասնել։ Ծրագրում որեւէ կոնկրետություն չկա, չկան թվեր, տոկոսներ, ժամկետներ։ Այն կարող է իրականանալ, եթե բոլորիս բախտը բերի, կարող է եւ չիրականանալ, քանի որ այս կառավարությունը շոշափելի արդյունքների հասնելու համար գրեթե ժամանակ չունի, 6 ամիսը տնտեսական բարեփոխումները կյանքի կոչելու համար շատ քիչ է։

Սակայն հիմա ազգովի հիացած ենք. մարդն ուզում է հուսալ, որ ծրագրի կետերը անհապաղ իրականություն են դառնալու, եւ մոտ ժամանակներս քաղաքացին սկսելու է լավ ապրել։ Ի՞նչն է քաղաքացու մեջ այսպիսի վառ հույսեր առաջացնում։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք պարզապես հուսալուց բացի այլ ելք չունենք։ Մինչդեռ իրականությունը…

Ռուզան ԱԶԻԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31