Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի մարդիկ են քաղաքական դաշտում հայտնվել, որ Ծառուկյանը ոչ կխանգարի, ոչ էլ կօգնի». Արաբոյի Մանվել

Դեկտեմբեր 03,2016 19:55

Այսօր ԲՀԿ քաղխորհուրդը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու խնդրանքով:

Քաղխորհուրդը ընդլայնված նիստի ընթացքում հայտարարություն է ընդունել, որ հաշվի առնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների պահանջն ու ցանկությունը, հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը  վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով՝ որեւէ այլ գործիչ եւ քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը, դիմում են Գագիկ  Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը։

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Դուք էլ համախմբվեք Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ պատասխանեց. «Ես դրա մասին չեմ մտածել: Բայց նայելով քաղաքական դաշտին, կասեմ, որ իմ հնարավորությունը եւ ցանկությունը շատ քիչ է; Մարդիկ կան, որ կարող է եւ համախմբվեն եւ միանան, ինչ կա որ»:

Որպես մարդ, որը տեղյակ է հայաստանյան քաղաքական կյանքի անցուդարձին՝ Մանվել Եղիազարյանն ասաց, որ ոչինչ չի բացառում այստեղ. «Կարող են համախմբվել ավելի շատ ոչ թե անձի շուրջ, այլ՝ ֆինանսի շուրջ: Որտեղ կա ֆինանս՝ այնտեղ կարող են հավաքվել կուսակցությունները, անհատները: Միանշանակ ասել այո կամ ոչ՝ չեմ կարող, որովհետեւ անալիզ չեմ արել»:

Հարցին՝ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի կարիքը զգացվո՞ւմ է, Դուք տեսնո՞ւմ եք նրա պես գործչի կարիքը՝ Արաբոյի Մանվելը պատասխանեց. «Քաղաքական դաշտն այնպիսին է, որ եւ բոլորի կարիքն է զգացվում եւ ոչ մեկի կարիքն էլ չի զգացում: Այստեղ քաղաքական դաշտ կա՞: Այնպիսի մարդիկ են այսօր քաղաքական դաշտում հայտնվել, այնպիսի մարդիկ, որ Գագիկ Ծառուկյանը ոչ կխանգարի, ոչ էլ կօգնի այս իրավիճակին: Այսօր ես նայում եմ քաղաքական դաշտին՝ քաղաքական դաշտը ոչ մեկը ոչ կարող է օգնել, ոչ էլ կարող է խանգարել, որովհետեւ այնպես է ավերված, տակնուվրա արված: Այսօր ով ում բարեկամն է, ով ինչ կարող է անել՝ շատ դժվար է ասել»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ սա իշխանության նախագիծն է՝ ընտրություններից առաջ՝ ձայն փախցնելու՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ում նախագիծն է: Ամեն մի մարդ, ամեն կուսակցություն, ամեն քաղաքական գործիչ այսօր մի մութ անկյուն է դարձել…Անընդհատ գրում են, ես չգիտեմ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Եթե հավատանք մամուլի հայտարարություններին, ըստ մամուլի, Սերժ Սարգսյանն է ասել՝ ակտիվացիր, մի ակտիվացիր: Ես իրենց հետ չեմ շփվում, միայն մամուլից կարող եմ ասել»:

Մանվել Եղիազարյանն ասաց, որ անձամբ ինքը ընտրություններում ակտիվ է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031