Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունը, Ալիեւի հետ ձեռք ձեռքի տված, մեկը մյուսին լրացնելով, փորձում են հայ ժողովրդին ծնկի բերել»

Փետրվար 19,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

-Պարոն Եղիազարյան, նախ Հայաստանի ՊՆ-ն փետրվարի 12-ին հաղորդագրություն տարածեց, այն մասին, որ «եթե պարզվի, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ է բացվել, հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»։ Դրան հաջորդեց այն, որ փետրվարի 13-ին թշնամին հրաձգային զենքերից կրակ բացեց Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ վիրավոր: Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ այս հայտարարությունը, եւ դրան հաջորդած զարգացումներն ի՞նչ են փաստում։

-Ամեն ինչ պայմանավորված է, ձեռք ձեռքի տված, մեկը մյուսին լրացնելով՝ այս ամբողջը կատարվում է։ Մենք անմասն չենք, մեր պետությունն անմասն է։ Նրանք կամավոր հասցնում են ադրբեջանցիներին՝ այսպես արեք, այնպես արեք, ժողովրդի վախը բռնեք։ Եվ դա հակառակ ռեակցիա է տալիս, վախ չի առաջանում, ժողովուրդն արդեն սկսում է ատել։ Այնքան է ատելությամբ լցված իշխանությունների հանդեպ, որ վաղը ժողովուրդն ինչ դիրք կբռնի, որտեղ կհայտնվի, դժվար է ասել։ Նրանց նպատակն է հայ ժողովրդին ծնկի բերել եւ մեկը մյուսին լրացնելով՝ կատարում են այդ ամենը։

-Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ Հայաստանի իշխանությունը ծառայում է թշնամո՞ւն։

-Ինչքան էլ ասենք՝ ոչ, չի ծառայում, բայց առաջ է գալիս այս հարցը՝ եթե նորմալ իշխանություններ լինեին, հիմա իրավիճակն ամբողջովին կփոխեին, զորահավաք կհայտարարեին, գոնե ձեւ կանեին, որ մորթվում ենք, քացի-քացի կանին։ Դա էլ չի անում, ի՞նչ է նշանակում այս ամենը։ Վախենո՞ւմ է, թող գնա։ Հայաստանն իր համար իր չէ, որ սրան-նրան նվեր տա։ Չի կարողանում անել, թող մարդկանց կանչի, լրացնեն իրեն, օգնեն։ Ուրեմն, իշխանություններն այս ամենը միտումնավոր են անում։ Եվ բոլորը պատասխանատու են, բոլորը, ովքեր լրացնում են այս իշխանություններին, ծառայում են նրանց, ովքեր պինդ պատ էին կազմում, որ Արցախը հանձնեին (խոսքս ոստիկանության մասին է)։ Այդպես պատ կազմած՝ ամեն ինչ հանձնելու են, ստամոքսը կուշտ լինի, թքած պետության ու հայրենիքի վրա։ Միայն մեզ նման անխելքներն էին, որ հավատացինք, թե զարթոնք ենք ապրում, երկիր ենք կերտում։ Մարդիկ խաղում են, մարդիկ ամեն մեկն իր խաղն է խաղում, մեկն իր փորն է լցնում, դրա համար մենք հայտնվել ենք այս իրավիճակում։

-Ներքին Հանդում թշնամին հայկական դիրքերի վրա կրակել էր Հայաստանի տարածքներից։ Այսինքն՝ նախ օկուպացրեցին Հայաստանի տարածքները, հիմա էլ այդ տարածքներից կրակում ու սպանում են մեր զինվորականներին։ Իսկ իշխանությունները հայտարարում են, որ մեր տարածքում կրակած հայ զինվորականները կպատժվեն։ Սա ի՞նչ է, որեւէ երկրում նման նախադեպ եղե՞լ է։ Այսինքն՝ իշխանության գործը պետք է լիներ նախ այդ բռնազավթված տարածքները ազատագրելը, ոչ թե զինվորականների շրջանում վախի մթնոլորտը սերմանելը, որ կրակելու համար կպատժվեն։

-Այսինքն՝ դա նշանակում է, որն ամեն ինչ անում են, որ մեր ազգի դիմադրողականությունը կոտրվի, ադրբեջանցիները հանգիստ գան մտնեն Հայաստան եւ ասեն՝ ձեր անունը փոխեք, զինանշանը փոխեք, մորդ անունն էլ փոխիր, դուրս չի գալիս։ Դա են անելու, ստորացնելու են հայերին մինչեւ վերջ։ Մեր իշխանություններն էլ ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պակասը լրացնում են, զորահավաք չեն անում։ Վերցրեք ամեն մեկդ մի բան, կանգնեք հայրենիքի համար։ Ո՞վ է ասել, որ աշխարհը թույլ է տալու, որ մենք մորթվենք։ Մենք կամավոր ենք մորթվում։ Իսկ եթե կամավոր մորթվող մարդ կա, մորթողը միշտ էլ ճարվելու է։

-Բայց հայ ժողովուրդը միշտ պայքարող է եղել, բոլոր պատերազմներում համախմբվել է, ի՞նչ է կատարվում մարդկանց հետ։

-Այս 30 տարվա արտացոլանքը Նիկոլ Փաշինյանն է։ Այս 30 տարվա կեղծիքի, ալան-թալանի, դավաճանության իսկական պատկերը հենց Նիկոլ Փաշինյանն է, եկել է, որպեսզի ավարտի այս ամենը։ Ժողովուրդն էլ՝ թեւաթափ եղած, չգիտի, թե ինչ անի։ Այնպես են արժեզրկել ամեն ինչ, այնքան արժեզրկված է հայ տղամարդը, հայ քաղաքական գործիչը, զինվորը, որ ոչ մեկի շուրջը ժողովուրդը չի կարողանում համախմբվել։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր է Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ։ Դուք պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

-Եթե դուք անպաշտպան եք, չեք ուզում զենք վերցնել, ձեր տունը պաշտպանել, պատերազմի վտանգը միշտ էլ կա։ Ասում էին՝ 21-րդ դարն է, ի՞նչ սահման, ի՞նչ պատերազմ։ Տեսեք՝ Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ամեն տեղ էլ պատերազմ լինելու է, մինչեւ մենք ինքներս մեզ չպաշտպանենք, միշտ էլ պատերազմելու ենք։ Ինչքան փախանք, փախնելու տեղ կա, փախնելու ենք, աշխարհով մեկ դառնալու ենք գաղթական, անողնաշար ժողովուրդ։ Անողնաշար, որը հավատում է ստին, որ լինելու է խաղաղություն։ Ոչ, իրենք խաղաղություն չեն ուզում, իրենք ուզում են ստրկանալ, ճզմել հայ ժողովրդին։ Դա էլ անում են հարեւան Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված։ Աշխարհն էլ ժամանակ չունի, գլուխը խառն է, չգիտի՝ ում պաշտպանի, ոնց պաշտպանի։ Անգամ մենք ընդունակ չենք մեզ պաշտպանելու, խայտառակ վիճակ է, խոսքեր չկան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Խորհրդային ԿԳԲ-ի «քթի»տակ հարյուրաէոր ջոկատներ էին ստեղծվել՝որոնց մեծ մասը դարձան ՀՀ նորաստեղծ բանակի հիմքը։Այժ մեր ԱԱԾ-ի «քթի» տակ ոչ մեկ ջոկատ էլ չենք կարող ստեղծել՝կկալանավորեն տարբեր մեղադրանքներով…..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829