Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ որ ցորենը դառնա մասուրի չափ

Դեկտեմբեր 06,2016 10:15

Գագիկ Ծառուկյանը, իհարկե, ինքը կորոշի` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ չվերադառնալ: Որպես գործարար եւ բարեգործ՝ նա բազմաթիվ լավ գործեր է արել Հայաստանի համար: Քաղաքականության մեջ նա նույնպես կարող է օգտակար լինել, քանի որ իշխանությունից դուրս գտնվող (կամ գուցե` մասամբ դուրս գտնվող) միակ օլիգարխն է եւ, հետեւաբար, փողի աղբյուրը: Եկեք անկեղծ եւ իրատես լինենք. այսօր խոսքն այն մասին չէ, որ 2017 թվականի ընտրություններում հաղթի որեւէ այլ կուսակցություն, քան իշխանության կուսակցությունը: Խոսքն այն մասին է, որ երկրորդ տեղը գրաված ուժը լինի քիչ թե շատ ծանրակշիռ եւ ազդեցիկ, կարողանա ինչ-որ չափով այլընտրանքային լուծումներ առաջարկել: Ավելացնեմ նաեւ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի` հավաքարար լինի, թե օլիգարխ, իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, եւ նրա «զբաղվելու» գնահատականը պետք է տան քաղաքացիները, ընտրողները:

Բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով: Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է: Ճորտատիրության ժամանակն արդեն վաղուց անցել է, պարոնայք իմիջմեյքերներ եւ քաղտեխնոլոգներ: Հավանաբար, այդ գեղջկական թատրոնը որոշակի ազդեցություն թողնում է դեռեւս ֆեոդալական մտածողություն ունեցող մեր հասարակության մի մասի վրա: Բայց դուք ուզում եք ավելի առաջադեմ ու զարգացած երեւալ, եւ որ ձեր կազմակերպած միջոցառումները տարբերվեն ՀՀԿ 16-րդ համագումարից, այդպես չէ՞: Թե՞ ցանկանում եք «ավելի միջնադարյան» եւ «ավելի կռապաշտ» լինել:

Ընդհանրապես, ինձ թվում է՝ մենք շատ ենք սիրում հետ նայել` առաջ նայելու փոխարեն: «Կոմունիստներ, վերադարձե՛ք» (1990-ականներին), այնուհետեւ «Լեւոն, վերադարձի՛ր», «Քոչարյան, վերադարձի՛ր», ավելի լայն իմաստով` «Փոքր Մհեր, դո՛ւրս արի Ագռավաքարից», «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա», «Ելի՛ր, դաշնակ Դրո»: Լավ է, վերջին երեքի տների մոտ չպիտի ազգովի գնանք` չոքենք: Պարզ է, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է իր վիճակից, բայց նրանց, կարծում եմ, պետք է առաջարկել ապագայի տեսլական, ոչ թե փրկիչ սուպերհերոսներ, առավել եւս` անցյալից:
Հասկանում եմ նաեւ, որ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը նույնպես նեղության մեջ է եւ նյութական ռեսուրսներ է փնտրում` ընտրություններին ավելի արդյունավետ մասնակցելու համար: Դա նորմալ է, դրանից պետք չէ ամաչել: Պարզապես այս բնական ձգտումը չարժե քողարկել «նավթալինոտ» ձեւակերպումներով:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Հոդվածի առաջին նախադասության մեջ (…կորոշի` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ չվերադառնալ:) ես թե-ից հետո կգրեի “ոչ” բառը: Այսինքն “վերադառնալ թե ոչ”: Բայց դե ճաշակի հարց է: Սենց էլ Գագոյին սիրողները`իրենց ճաշակով են “ետ կանչում” շեֆին: Մի բան միայն չեմ հասկանում: Գողականը հարգող հայ ժողովուրդը ո՞նց է կուլ տալու “պռոշլյակ” քաղաքական գործիչի վերադարձը: “Պռոշլյակը” դա հանցագործ աշխարհում հայտնի հասկացություն է`օրենքով գողի թագից կամ հրաժարված, կամ զրկված նախկին գողը: “Прошлое” բառից առաջացած “прошляк” տերմինն է:

  2. Գեւորգ says:

    Ոնց որ լավ դիտարկում էր, սակայն մի քիչ մեղմ:
    Նայեցի Ծառուկյանի տան մոտ հավաքված ժողովրդին ու մի քիչ տարօրինակ զգացումներ ու հարցեր առաջացան: Ի՞նչ են աղաղակում էս մարդիկ՝ ,,խղճա՜մեզ Գագիկ, վերադարձիր!,, Հեր օրհնածներ, ինչու՞գնաց որ հիմա վերադառնա: Եթե, նույն խելք ու նպատակով, ապա պարզ չէ՞ որ նույն պատճառով նորից կգնա: Իսկ թե ուրիշ խելք ու նպատակ է պահանջվում, ուրեմն ուրիշ ,,Ծառուկյան,, պետք է գտնել … ու ըսենց լիքը մազալու հարցեր: Չե՜ ախպեր, հայերիս գործը աչքիս տխուր է երեւում ….

  3. Ruben says:

    Որոշ ժամանակ անց, էրեւանում, բոշի սադում, կհայտնվի եւս մեկ ժողովրդի «հովանավոր/բարերարի» բազալտե քյալլա:

  4. Նարեկ says:

    Բարեգործ???????????????????????????????????????????????

    Մի ծիծաղեցրեք պարոն Աբրահամյան

    Որ Ծառուկյանը հարկերի մեծ մասը չի վճարում, խոստովանել է նրա մայրը: Պետությանը խաբելով եկեղեցի կառուցելը գուցե եւ հաճո է Ծառուկյանի նման օլիգարխ Գարեգին Բ-ին, բայց դա չի նշանակում, որ Ծառուկյանը բարեգործ է:

    Պետությանը խաբողը չի կարող բարեգործ լինել:

  5. Լավատես says:

    Իսկական հարուստը ոչ թե իր հարստությունն է բաժանում աղքատներին, այլ ծառայում է՝ սովորեցնում ու դաստիարակում աղքատներին սեփական ունակություններով հարուստ դառնալ։ Լինել աղքատ հարազատ տանը ու ավելի լավ ապրել ուրիշի տանը արտագաղթելով՝ դա հարազատ իշխանության այլասերում է նշանակում, երբ իշխանավոր հայը հարստանում է ոչ իշխանավոր հայերի աղքատացման գնով։ Աղքատությունը անգրագիտության ու փնթիության նման մի բան է, ով ինչ հաջողության հասել է իր կյանքում պետք է սովորեցնի ու դաստիարակի մյուսներին հաջողության հասնել։ Կարճ ասած՝ ժողովրդին տալ թագավորական դաստիարակություն, իսկ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները՝ ազնվականներն ու Թագավորը պետք է լինեն թագավորական ժողովրդի դաստիարակներն ու ծառաները։

  6. henri says:

    Սա սպիտակ հագուած հսկան ,գիտենք որ շատ դրամ ունի-բայց կաթիլ մը արժանապատւութիւն չունի որ տարի մը առաջ զինք արհամարհող և խայտառակող մարդու կողքին կը քալէ իբրեւ թէ բան մը պատահած չըլլայ ,,,, ողբամ զքեզ հայոց աշխարհ և հայաստանի բարի ժողովուրդ :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031