Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են գյումրեցիները դժգոհ «Հայփոստից»․ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատարի պարզաբանումները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 14:49

Այսօր Aravot.am-ը «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր իմաստը «Հայփոստ» ՓԲԸ-ի Շիրակի մարզում գործող փոստային մասնաճյուղերը՝ (Գյումրի, Արթիկի, Անի, Ախուրյան, Աշոցք, Ամասիա) լուծարելը ու Սպիտակ տեղափոխելը, երբ դժգոհություններ են սկսվել առ այն, որ նամակները հասցեատերերին հասնում են ուշացումներով, խափանվում է որոշ պետական կառույցների աշխատանքը, օրինակ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագրեր է ուղարկում՝ մարդկանց որպես վկա հրավիրելով, սակայն դրանք տեղ են հասնում դատական նիստերի ավարտից հետո։

Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի մասնաճյուղերը փակելու ու Սպիտակ տեղափոխելու պատճառով բավական մեծ թվով՝ մոտ 45 աշխատակիցներ են գործազուրկ դարձել, միայն «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղից 16 հոգի ազատվեցին, ու շատ քչերին են տեղավորել աշխատանքի։

«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն ասաց․«Հայփոստը» իր մասնաճյուղերը խոշորացնում է, եթե մենք ժամանակին ունեինք 41 մասնաճյուղ, ապա հիմա աշխատում ենք 4 մասնաճյուղով՝ «Հայփոստ- հյուսիս», «Հայփոստ-հարավ», «Հայփոստ Արևելք» ու «Մեծ Երևան»։ Դա զուտ նպատակահարմարության հարց էր և արդյունավետության բարձրացման։ Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր գործառույթները կարող ենք կազմակերպել ավելի քիչ մասնագետներով։ Դա տվեց ու դեռ ցույց կտա իր արդյունավետությունն այն ժամանակ, երբ որ մենք մեր աշխատակիցների մեծ մասի աշխատավարձերը, թեև վարչական մասի աշխատակիցների աշխատավարձերը մասնակիորեն բարձրացրել ենք և պայմանները բարելավել ենք։ Ինչ վերաբերում է դժգոհություններին, մենք պատրաստ ենք ցանկացած կոնկրետ դեպքեր քննարկել, նայել, ինչու ոչ․․․Մենք ունենք սահմանային ժամկետներ, որը մենք անում ենք ամեն ինչ, որ պահպանենք։ Եթե կան կոնկրետ դեպքեր, դրանք մեզ գրավոր ներկայացնում են, բոլոր ներկայացված հարցումներին պատասխանում ենք անհապաղ, ոչ մի հարցում անպատասխան չի մնացել»։

gyumri_post_2

Մեր դիտարկմանը՝ գործազուրկ մնացած մարդիկ, որոնք չեն կարող գնալ Սպիտակում աշխատել, նրանց հարցը ի՞նչ պետք է լինի, պաշտոնյան ասաց, որ իրենց նպատակը մարդկանց գործազուրկ դարձնելը չէր, փորձել են նրանց տեղավորել «Հայփոստի» բաժանմունքներում, բայց քանի որ տեղերը սահմանափակ են, ցավալիորեն ոչ բոլորին են կարողացել ապահովել աշխատանքով։ «Անձնավորված բան չկա, մի ման եկեք նման բան»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե աշխատակիցները, կոնկրետ փոստատարները, օպերատորները պնդում են, որ իրենց աշխատավարձը նույնն է մնացել՝ 50-55 հազար դրամ, նրանք այդպես էլ չեն հասկանում, թե ո՞րն էր արդյունավետ կառավարման անցնելու միտումը տվյալ դեպքում, երբ անգամ աշխատավարձը չի բարձրացել, Հայկ Ավագյանն ասաց, որ բարեփոխումները մի օրվա չեն կարող լինել, աստիճանաբար բարձրացնում են բաժանմունքներում։

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ եթե Շիրակի մարզի պետական կառույցները գրավոր բողոք ներկայացնեն ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցի անորակ աշխատանքից, հնարավո՞ր է վերանայեն որոշումը, Սպիտակից նորից տեղափոխեն Գյումրի կամ վերաբացեն փոստային մասնաճյուղերը, Հայկ Ավագյանն ասաց, որ կփորձեն եղած ռեսուրսներով բացթողումները շտկել։

«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի հետ ամբողջական զրույցը տեսանյութում։

Նկատենք, որ Գյումրու կայարան թաղամասում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղի շենքն անտերության է մատնվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031