Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական սերիալներ. դրանք մեզ վնասո՞ւմ են, թե՞ չէ

Հունվար 20,2017 13:40

Վերջին ամիսներին հայկական հեռուստաեթերը մեկը մյուսի ետևից սկսեց լցվել հնդկական սերիալներով: Եթե հաշվի առնենք, որ գոնե վերջին տասնամյակում հնդկական արտադրության ֆիլմերը հայկական եթերում ավելի ու ավելի հազվադեպ էին երևում, ապա հնդկական սերիալների «տարափը» հասարակական լայն քննարկումների, որոշ դեպքերում էլ դժգոհությունների առարկա դարձավ:

Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում հնչող դժգոհություններն ու կարծիքները՝ պայմանականորեն դրանք բաժանեցինք՝ երկու մասի. մարդիկ, ովքեր դժգոհ են, որ օրվա մեծ մասը հեռուստաալիքների մեծ մասով հնդկական սերիալներ են ցուցադրվում, և մարդիկ, ովքեր ոչինչ չունեն հնդկական սերիալների դեմ, սակայն բովանդակային առումով այնքան էլ գոհ չեն: Մի շարք գրառումներում էլ արդեն նկատվում է ակնհայտ վատ վերաբերմունք հնդիկ ժողովրդի, հնդկական մշակույթի նկատմամբ:

Այն, թե սերիալներն ընդհանրապես ինչքանով են ընդունելի կամ ոչ, հարցի մի կողմն է: Ի վերջո, մեր հասարակության միայն մի մասն է վստահ, որ դրանք վատ երևույթ են: Համաշխարհային պրակտիկան այլ բան է ասում:

Երբ Հայաստանում սկսվեց լատինամերիկյան սերիալների «բումը», հասարակության մի ստվար զանգված սկսեց դրանք քննադատել և պահանջել եթերից հեռացնել՝ պատճառաբանելով, որ դրանք մեզ համար անընդունելի բարքեր են քարոզում՝ բոլորը բոլորի հետ դավաճանում են իրենց կողակիցներին, բոլորն ունեն արտաամուսնական կապեր ու դրանցից ծնված երեխաներ, անառողջ հարաբերություններ ծնողների և երեխաների, ընտանիքի այլ անդամների միջ և այլն: Այս քննադատությունները խիստ բնական էին, քանի որ մեր և այդ սերիալները ստեղծած հասարակությունների միջև արժեհամակարգային ահռելի տարբերություններ կան:

Մինչդեռ հնդկական սերիալների դեպքում պատկերը բոլորովին այլ է: Որոշ ժամանակ հետևել եմ մեզ մոտ ցուցադրվող հնդկական սերիալներին և եկել այն եզրահանգմանը, որ այս տեսանկյունից դժգոհելու տեղ չունենք: Գուցեև իրադարձությունների զարգացման դինամիկայով դրանք զիջում են աշխարհում հայտնի այլ սերիալների, բայց վստահաբար մեզ համար խորթ արժեքներ չեն քարոզում: Ամենակարևորը՝ առանձնահատուկ ընդգծված է ընտանիքի ու դրա ամրության գաղափարը, սեփական ավանդույթների նկատմամբ հարգանքը, խիստ դրական կողմերով են ներկայացվում ծնող-երեխա հարաբերությունները, ընտանիքի ներսում դերերի բաշխումը և այլն: Չկան արյունոտ բռնության տեսարաններ, բաց տեսարաններ, որոնք հիմնականում բացասաբար են ազդում մարդու հոգեբանության վրա: Փոխարենը բարություն, ընկերասիրություն, ազնվություն սովորեցնող իրավիճակներ են:

Երբ ծաղրում ենք հնդկական կինոն, հնդկական մշակույթն ու սովորույթները (որոնց անգամ չնչին տոկոսին իրականում ծանոթ չենք), հնդիկներին, ի վերջո, չե՞նք մտածում այդ ամենը կրող մարդկանց վիրավորելու մասին: Մի պահ դուրս եկե՛ք օնլայն տիրույթից, վերադարձե՛ք իրականություն ու նայե՛ք ձեր շուրջը: Այսօր Հայաստանում հարյուրավոր հնդիկ ուսանողներ են սովորում ու բավականին լուրջ գումարներ վճարում դրա համար, Հնդկաստանի հետ օր օրի մշակութային, առևտրային, տնտեսական, գիտական կապեր են ստեղծվում ու զարգանում: Ինչքանո՞վ է ազնիվ ծաղրական կամ բացասական վերաբերմունք ունենալը մեկի նկատմամբ, ում հետ ընդհանուր շահեր ու անցնելիք ճանապարհ ունես:

Իհարկե, նախընտրելի կլիներ, եթե վերը նշված արժեքները, հետաքրքիր սյուժետային լուծումներն ու իրավիճակները տեսնեինք մեր սերիալներում, պրոֆեսիոնալ հայ դերասանների կատարմամբ, բայց եթե պիտի ընտրություն կատարենք անընդունելի արժեքներ քարոզող սերիալի ու հնդկականի միջև, ապա միանշանակ գերադասելի է 2-րդը:

Ի վերջո, պետք չէ թերագնահատել հնդկական կինոն, որն ունի շատ լավ ավանդույթներ ու իր ուրույն տեղը համաշխարհային կինոինդուստրիայում: Մի առիթով էլ ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը խոստովանել է, որ իր արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել հենց հնդկական ֆիլմերը. «Ես հիշում եմ այն սերն ու քնքշանքը, որոնցով լցված էին այդ ֆիլմերը: Դա բոլորովին այլ աշխարհ է»:

Կարինե ԹՈԽԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախ,հնդկական կինոները՝երեք տարբեր,ցուցադրում են այնպիսի ժամերին,երբ դպրոցականները պետք է դաս սովորեն՝մեծ,փոքր այդ սերիալները նայում են;երկրորդ՝կարելի էր ավելի քիչ լաց ու կոծ պարունակող ֆիլմ ցուցադրել,առանց այդ էլ մեր ժողովրդի մեծ մասի համար վաշ-վիշ անելու առիթներ շատ կան;երրորդ՝հնդկական կինոսերիալները ավելի ցանկալի են քան հայկական մի շարք սերիալներ,որոնք հիմնականում ոչինչ դրական չեն ցուցադրում,այլ միայն հիվանդանոց,կրիմինալ,,,քցոցի,,,մեյմունություն և այլն…:Մնացածը ճաշակի հարց է….

  2. henri says:

    Հետաքրքրական պիտի ըլլար իմանալ թէ մեր անհամ և անուղեղ սերիալները եթէ հնդկական հեռատեսիլները հաղորդէին ինչեր պիտի չլսէինք ,,,հնդիկներէն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031