Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոդերասան «Պոնչոյի» գործով ոստիկանները չէին կարողացել կատարել դատարանի բերման որոշումը

Փետրվար 24,2017 14:30

Տուժողը դիմեց դատավորին. «Ցավդ տանեմ, շան տղա լինեմ, թե սուտ եմ ասում»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են 2015 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 36 Բ շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության գործով դատավարությունները: Կինոդերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», վիճել էր իր զոքանչի հարեւանի՝ Ռուբեն Գալստյանի հետ: Նրան մեղադրում են, որ «չնչին առիթն օգտագործելով», «սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված», «ուղղակի դիտավորությամբ», «հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել տուժողի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի՝ էլեկտրահարող սարքի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ»:

Մեղադրանքի կողմը «գործով ձեռք էր բերել ապացույցներ», համաձայն որի, Վահագն Սիմոնյանը գետնից «քար» վերցնելով, հարվածել է տուժողի գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանին քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Վկաներից մեկի ցուցմունքով, Վ. Սիմոնյանը տաքսի ավտոմեքենան նստելով՝ զանգել էր ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակից վկաներից մեկն էլ նշել էր, թե՝ «Վահագնի կողքին դեպքի ժամանակ եղած փաստաբանը տեղափոխվել է ոստիկանության բաժին», վեճի ընթացքում արյունոտվել էր Վահագնի փաստաբանի՝ Գեւորգի վերնաշապիկը: Հիշեցնենք, որ ոստիկան վկաներից հետո դատարան դեռ չեն ներկայացել տուժողի մայրն ու քույրը, փաստաբան Գեւորգը, որոնք ականատես են եղել կատարվածին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ գրություն էր ստացել ոստիկանության համապատասխան բաժնից՝ դատարանի կողմից նախորդ դատական նիստին բերման ենթարկելու որոշումների հետ կապված:

Կինոդերասան Վահագն Սիմոնյանի դեմ քրեական գործով տուժող ճանաչված Ռուբեն Գալստյանի մորը՝ Ջուլիետա Գալստյանին չէին կարողացել բերման ենթարկել, քանի որ նա գտնվել է անկողնային վիճակում, իսկ դստեր՝ Դիաննայի հետ կապված էլ հայրը ոստիկաններին հայտնել էր, թե նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Հերթական անգամ զայրացավ դատավոր Գ. Պողոսյանը, որը շեշտեց, թե չի հավատում, որ հայրը դստեր գտնվելու վայրը չգիտի:

Տուժողը, որն անցյալ դատական նիստին չէր ներկայացել, եւ ինչը պատճառ էր դարձել նիստը հետաձգելուն, բերման որոշումներ կայացնելուն, դիմելով դատարանին՝ ասաց. «Ցավդ տանեմ, շան տղա լինեմ, թե սուտ եմ ասում: Մենք ընտանեկան պրոբլեմներ ունենք մեր խնամիների հետ եւ ես դստերս գտնվելու վայրը չգիտեմ»: Ի դեպ, տուժողը դատարանին սուտ տեղեկություններ էր տվել, թե դուստրը ՌԴ է տեղափոխվել, բայց դատարանի հարցմանն ի պատասխան՝ ստացվել էր պաշտոնական գրություն, համաձայն որի՝ Դիաննան անցյալ տարվա սեպտեմբերի 15-ից սահմանը չէր հատել: Այսինքն՝ գտնվում է հանրապետությունում:

Ինչ վերաբերում էր մոր անկողնային հիվանդ լինելուն, դատարանին չէր ներկայացվել որեւէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, թե նա իրոք ի վիճակի չէր տեղաշարժվել:
Դերասան Վ. Սիմոնյանի՝ նոր ներգրավված պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանն ասաց, թե տուժողի մայրը գնացել է քննչական բաժին, ցուցմունք է տվել 2015թ. օգոստոսի 30-ին: Նա ի վիճակի է եղել: Իսկ դատավորն էլ ակնարկեց, թե անցել է որոշակի ժամանակ:

Նա դիմեց տուժողին, որպեսզի բժշկական տեղեկանք բերի, իսկ տուժողը համառորեն պնդում էր, թե բժիշկը «թուղթ» չի տալիս, անգամ նշեց՝ թիվ 17 պոլիկլինիկան:
Հերթական անգամ զարմացավ դատավորը. «Ինչպե՞ս կարող են մարդու առողջությանը վերաբերող փաստաթուղթը չտալ»:

Տուժողն ակնահայտորեն լարված էր, նա բղավելով պատասխանեց. «Եթե բերեն էլ, նույնն է կրկնելու: Ոչ ուզում եմ դատարան գալ, ոչ ուզում եմ նրանք գան, ոչ ուզում եմ տեսնել, ինչո՞ւ եք դրդում, որ ասեմ՝ դժգոհ եմ: Ես ոչ մի պահանջ չունեմ»:

Լարվածությունը կոտրելու նպատակով դատարանը կարճ դադար հայտարարեց:
Դադարից հետո տուժողը խնդրեց դատարանից մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի մոր ծնկին սրսկելուց հետո նրան եւ դստերը Ղարաբաղից բերի դատարան:

Դատաքննությունը նշանակվեց փետրվարի 28-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728