Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը քննադատեց ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին

Մարտ 23,2017 22:44

Դաշնակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների նախընտրական հերթական հանդիպումն այսօր Արարատի մարզում էր:

«2018 թվականին համապետական ընտրություններով նախագահ չենք ընտրելու, նախագահ ունենալու ենք, բայց ԱԺ-ն է ընտրելու նրան: Շատ սահմանափակ լիազորություններով է օժտված լինելու նախագահը: Երկրի բոլոր կարևորագույն հարցերը՝ ներքին, արտաքին, սոցիալական, տնտեսական որոշվելու է Ազգային ժողովում»,- հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, ընտրությունը համեմատություն է. «Պետք է ձեր առջև փռեք իննը մասնակցող ուժերին, նայեք մեկ առ մեկ, ուսումնասիրեք ու հասկանաք՝ որն ինչ առավելություն կամ թերություն ունի: Այս իմաստով Դաշնակցությունը որակապես, էապես տարբերվում է մյուսներից: Ո՞ր կուսակցությունն է, որ մեր ժողովրդի կյանքում կենսագրություն, փորձառություն, անցյալ, արած գործ ունի, այո՛, նաև թերություններ, նաև վրիպումներ, նաև սխալներ, բայց, համեմատե՛ք: Դաշնակցությունն է, որ 127 տարի մեր ժողովրդի հետ է, որովհետև այս կուսակցությունը ստեղծվել է որպես հարազատ արտացոլանք մեր ժողովրդի:

Պարոն Վարդանյանը հերթով քննադատեց նաեւ մյուս քաղաքական ուժերին. «Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի, մեկ թագավորի կուսակցություն չէ: Իսկ մյուս կուսակցությունների դեպքում մեկ հոգի խոսում է ամբողջ կուսակցությունը կրկնում է նրա ասածները: Ո՞ր կուսակցությունն է, որ հավաքական ղեկավարություն ունի, որ կարող է գալ ու կանգնել ժողովրդի առջև և միասնական ներկայանալ: Վստահ եմ՝ տեսել եք այլ կուսակցությունների անդամները ինչպես են իրարից ձայն փախցնում, ինչպես են պայքարում, մուտիլովկաներ անում, բայց ո՞ր կուսակցությունն է, որ ունի ծրագիր, նպատակ, գաղափարախոսություն, սկզբունքներ, որ այս ամբողջ ընթացքում դրանից չի շեղվել: Չեք գտնի մի դեպք, որ Դաշնակցությունն ասած լինի մի բան, երկու տարի հետո ասի այլ բան: Ուրիշներն ասում են՝ գալիս ենք փոփոխություն անելու, բայց հենց Դաշնակցությունն է այս երկրում համակարգային փոփոխություն արել, կառավարման, ընտրական համակարգեր են փոխվել: Նայե՛ք մյուս ուժերին: Վեց ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողներն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք և մեղադրում են իշխանությանը բոլոր այն մեղքերի մեջ, որոնց մեջ վեց ամիս առաջ մարդիկ հենց իրենց էին մեղադրում: Մարդ քանի՞ երես կարող է ունենալ, մարդ ո՞նց կարող է իրեն թույլ տալ այսօր ասել մի բան, վեց ամիս հետո լրիվ հակառակը: Ո՞նց կարող է որևէ կուսակցություն իրեն թույլ տալ հարյուր տոկոսանոց սուտ խոստումներ տալ ու հետո նայել մարդկանց աչքերին: Անցնելո՞ւ է չէ ապրիլի 3-ը, այդ սուտ խոստումներ տվողները, ովքեր ամեն օր ձեր աչքի առաջ են, պետք է պատասխան տան: Մի օր պետք է տան, այո՛, որովհետև մինչև հիմա չեն տվել…անունները փոխում են, որ իրենց չճանաչեն, այսօր մի բան են ասում, հաջորդ օրը՝ ուրիշ»:

Պարոն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին նաեւ հարցրեց՝ ի՞նչ ԱԺ եք ուզում ունենալ.«Որ այնտեղ լինի իրական կուսակցությո՞ւն, թե՞ կուսակցություններ, որոնք երեք ամիս առաջ դաշինքներ են կազմել, իրար հասցեին ինչ ասես ասում էին, հիմա եկել, միավորվել են: Ուզում եք, որ ձեզ խաբե՞ն, թե՞ ԱԺ-ում իսկապես իրական քաղաքական ուժ լինի, որի իրական նպատակը ժողովրդի շահերը պաշտպանելն է: Ուզում եք ԱԺ-ում խմբակցություններ տեսնել, որոնք մի տարի հետո տասը մասի՞ են բաժանվելու: Քաղաքական ուժ կար, որ խմբակցությունում հինգ անդամ ուներ, այսօր հինգն էլ այդ կուսակցությունը չեն ներկայացնում, քաղաքական ուժ կար, որը 7 հոգով էր ներկայացված պառլամենտում, հիմա չորս մասի է բաժանվել, այսօր եկել են մեկը մի դաշինքի մեջ է, մյուսն ուրիշ տեղ է, խմբակցություն ունեք ԱԺ-ում, որի ղեկավարը երբ հրաժարվեց, քաղաքականությունից դուրս եկավ, այդ ֆրակցիայի մեկ երրորդը մնաց: Ի՞նչ պառլամենտ եք դուք ուզում, ուզում եք արժանապատիվ, բոլոր հարցերը բանավեճերով քննարկող պառլամե՞նտ, թե՞ ուզում եք պառլամենտ, որտեղ մի կուսակցությունը կարող է ունենալ մեծամասնություն ու էլի հերթական անգամ ասել՝ մեր դեմ խաղ չկա: Մեզ պետք է պառլամենտ, որտեղ լինի իրական քաղաքական ուժ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031