Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքն ալտերնատիվ ՀՀԿ-ն է». «Ելք»-ի պատգամավորի թեկնածու

Մարտ 30,2017 14:36

«Ծառուկյան» դաշինքը, ըստ էության, ալտերնատիվ ՀՀԿ-ն է»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: Նա՝ որպես հիմնավորում մի շարք անուններ տվեց. «Մի ցուցադրական դեպք կա Գյումրիում: Գյումրիում սկզբից քաղաքապետը ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանն էր, հետո քաղաքապետ դարձավ ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, հետո տեղի ունեցավ ֆանտաստիկ փոխատեղում, երբ նա դարձավ ՀՀԿ-ական, Վարդան Ղուկասյանը դարձավ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու: Նույն տրամաբանությամբ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուին՝ Խաչիկ Մանուկյանին, երբ հարցրին, ինչո՞ւ եք «Ծառուկյան» դաշինքով առաջադրվել, ասաց, որ ՀՀԿ-ում տեղ չկար: Հովիկ Աբրահամյանի որդու դեպքը ևս նկարագրական է»:

«Ելք»-ի պատգամավորի թեկնածուն կարծիք հայտնեց, թե ունենք մի իրավիճակ, երբ «Ծառուկյան» դաշինքն, ըստ էության, չի տարբերվում ՀՀԿ-ից: Նա նաև նշեց, որ նույնը կարելի է տարածել նաև ՀՎԿ-ի վրա:

Եզրափակելով այս մասին իր դիտարկումները՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ընտրությունը մի քանի ալտերնատիվ ՀՀԿ-ների և մեր միջև է: Հույս ունեմ, որ մարդիկ ոչ միայն չեն ընտրի ՀՀԿ-ին, այլև ալտերնատիվ ՀՀԿ-ներին»:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հակադարձեց. «Եթե պետք է գտնեք մի քանի դրվագներ ու մատի փաթաթան դարձնեք ամբողջ դաշինքը պիտակավորելու համար, այդտեղ ես արդեն միտում եմ տեսնում»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող քննադատություններին ու նրան՝ ՀՀԿ-ի հետ ասոցացնելու փորձերին՝ Մանուկ Սուքիասյանը հիշեցրեց. «Դաշինքի առանցքը կազմող Գագիկ Ծառուկյանը 2012-ից աստիճանաբար դիստանցավորվել է ՀՀԿ-ից, և երբ 2014-2015-ին սահմանադրական փոփոխություններ կոչվող ավանտյուրան ՀՀԿ-ն դրեց շրջանառության մեջ հենց իր վերարտադրության համար, այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի շուրջ էր համախմբվել այն համաժողովրդական շարժումը, որը փորձում էր կասեցնել դա: Իսկ այդ ժամանակ «Ելքի» ուժերը, անունը դնելով կեղծ օրակարգ, որտե՞ղ և ինչո՞վ էին զբաղված և թույլ էին տալիս, որ Սերժ Սարգսյանը փոխի սահմանադրությունը և ունենա վերարտադրման հնարավորություն: Ու հետո իրենք գալիս ասում են, որ Սերժ Սարգսյանն է մեղավոր, և ով Սերժ Սարգսյանի անունը չի տալիս, ուրեմն ՀՀԿ-2 է: Դա շատ պրիմիտիվ է»:

Այնուհետև նա հարց հղեց իր ընդդիմախոսին. «2014-2015-ին ո՞ւր էիք, ո՞ւր էր ձեր՝ ընդդիմադիր լինելը: Ձեր դաշինքի ուժերի թողտվության պատճառով է, որ հիմա ՀՀԿ-ն ուզում է վերարտադրվել»:

Մանուկ Սուքիասյանը հավաստիացրեց, թե «Ելք»-ի ուժերի որոշ առաջնորդներ բարդույթավորված վերաբերմունք ունեն Գագիկ Ծառուկյանի հանդեպ, և նա ինչ էլ անի, միևնույն է, նրանցից որևէ մեկն իրեն չի տեսնում որևէ համագործակցության մեջ:

Արձագանքելով այն հարցին, թե ուր էին 2014-2015-ին, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Կարող եմ խոսել Քաղաքացիական պայմանագրի մասին: Այն ժամանակ հստակ հայտարարել ենք՝ բացառվում է, որ ՀՀ-ում տեղի չունենա իշխանափոխություն: Այն ժամանակ էլ ասում էինք, որ չենք հավատում, որ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ գնացող է: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ներկայացրեց Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ, բայց ոչ ոք չստորագրեց: Փոխարենը տեղի ունեցավ շանտաժ, և Գագիկ Ծառուկյանը ճնշմանը չդիմացավ ու հեռացավ: Դուք չեք կարողացել մինչև վերջ հասցնել, հենց այդ պահին հայտարարել էինք, որ միանում ենք, մենք սպասում էին այդ՝ տեղի չունեցած հանրահավաքին»:

Մանուկ Սուքիասյանը միանգամից արձագանքեց. «Դուք հիմա հայտարարում եք, որ պատրաստվում էիք մասնակցել այդ հանրահավաքի՞ն»: Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ոչ, ես նման բան չասացի: Սպասում էինք այդ հանրահավաքին, որ տեսնենք, թե ինչ է անելու շարժումը: Բայց ինչո՞ւ պիտի միանայինք մի մարդու, որի վրա վստահ չէինք, թե մինչև վերջ է գնալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031