Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը խոստանում է «ապրել մարդավարի»

Մայիս 22,2017 17:00

Նորընտիր պատգամավոր նախկին
ոստիկանապետը ընկալել է նախագահի պահանջը

– Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մեկուկես ժամանոց ելույթ ունեցավ. ի՞նչ հասկացաք այդ ելույթից:

– Հիմնավոր, հիմնադիր ելույթ էր:

– Որո՞նք էին այդ ելույթի հիմնական ուղերձները:

– Նախագահը ցույց տվեց մեր հիմնական ուղղությունները: Ինչու ոչ` նաեւ երկրի զարգացման ուղղությունները եւ հիմնական շեշտադրումները` որտե՞ղ պետք է արվի:

– Որպես երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ ի՞նչն եք ինքներդ Ձեզ համար առանձնացրել՝ իբրեւ աշխատանքի հիմնական ուղղություն:

– Ես ամբողջ ելույթն եմ ուշադիր լսել:

– Ձեր գործառույթը ո՞րն է լինելու, ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անեք:

– Որ օրենսդիր գործունեությամբ եմ զբաղվելու` փաստ է: Բայց որ կոնկրետ ուղեցույց այդ ելույթում կար, որ ամբողջ էս հետագա մի քանի տարիների ուղեցույցը, թե երկիրը որ ուղղությամբ պիտի գնա, եւ պառլամենտարիզմի հետ կապված ինքն ի՞նչ ուղղություններ մատնանշեց այդ ելույթում՝ դա փաստ ա: Ես որ հանձնաժողովում կլինեմ, էդ ուղղությամբ էլ կզարգացնեմ: Մնացածը` համընդհանուր, ոնց որ բոլորը, էնպես էլ ես:

– Ընդդիմադիր գործիչները չեն հավատում, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոն կդառնա: Ի՞նչը պիտի հանգեցնի բնակչության նման աճին:

– Ես հավատս չեմ կորցնում, երկրում լուրջ բարեփոխումներ են էս պահին նախատեսված եւ իրականանալու են: Ես դրանում որեւիցե կասկածներ չունեմ, որովհետեւ այլընտրանք, այլ ճանապարհ չունենք, բացի նրանից, ինչ ուղենիշ որ տրվեց, մոտավորապես ասվեց` ինչ պետք է արվի: Այս պարագայում, կարծում եմ, միգրացիոն պրոցեսներն անպայման դադարելու են, մարդիկ հետ են գալու, չկասկածեք: Որ Հայաստանը լավագույն երկիրն ա լինելու, ոչ մեկդ մի կասկածեք, խնդրում եմ: Ովքեր այսօր կոպեկներով տուն են ծախում, վաղը գալու են թանկ առնեն, հաստատ գիտեմ: Իզուր էլ ծախում են:

– Նախագահն արդեն տասը տարի է՝ իր ելույթներում կոռուպցիայի դեմ պայքարից է խոսում` շատ գեղեցիկ ձեւակերպումներով, բայց այսօր էլ խորհրդարանում հայտնվել են մարդիկ, որոնց անունները կոռուպցիոն սկանդալների մեջ են թաթախված:

– Եկեք այդ քննարկումը ես չանեմ, բայց կարծում եմ՝ այդ ուղղությամբ էլ բավականին բարելավման տենդենցը նկատվում է: Կարծում եմ՝ շատերն այսօր ենթադրություն, եզրակացություն կանեն, որ նախկինի պես ապրելն այսօր անհնար է: Շատերը խնդիրներ կունենան, ես չեմ կասկածում: Պարզ բացատրվեց, ասվեց, պահանջը դրվեց: Ես կոնկրետ ընկալել եմ այդ պահանջը, էդպես էլ ապրելու եմ: Մինչեւ էդ էլ առանձնապես խախտում չեմ արել, հիմա էլ շարունակելու եմ օրինապաշտ լինել ու ապրել մարդավարի:

– Օրինակ՝ Միհրան Պողոսյանը…

– Հիմնավորվե՞ց էդ սկանդալը: Դուք միշտ անմեղության կանխավարկածն անտեսում եք, հնարավորություն չեք տալիս պատկան մարմիններին պարզել եւ անհրաժեշտ եզրակացությամբ ներկայացնել:

– Հիմնավորվեց:

– Ես գիտեմ, որ չի հիմնավորվել: Ինձ էդպես են ներկայացրել, դրանից ավելին չեմ խորացել, չեմ հետաքրքրվել:

– Իսկ ԼՂ հարցի մասով նախագահի ուղերձները ինչպե՞ս ընկալել, հիմա մենք լայնածավալ պատերազմի՞ ենք պատրաստվում:

– Ոչ: Բայց ամեն րոպե դա կարա լինի անխուսափելի, եթե միջազգային կառույցների համապատասխան ներգործությունն ու վերաբերմունքը չլինի, եթե մեր հակառակորդ երկիրն անհրաժեշտ եզրակացություն չանի: Նախագահը շատ պարզ ասաց` մենք խաղաղությամբ, բանակցությունների միջոցով ենք ուզում այդ հարցը լուծել, բայց եթե հակառակորդն այլ դիրքորոշում ունենա, մենք պատրաստ ենք նաեւ լայնածավալ… պատրաստ ենք մեր երկիրը, մեր Արցախը պաշտպանել: Ով էլ լիներ, էդ դիրքորոշումը պիտի ունենար, մանավանդ` երկրի նախագահը: Նույն նախագահը ժամանակին ավելի կոշտ հայտարարություններ է արել` բալիստիկ հրթիռների եւ այլն, եւ այլն. հարկ եղած դեպքում դրանք կաշխատեն: Ի՞նչ եք առաջարկում, այլընտրանք մենք չունենք` կամ-կամ: Ծայրահեղությունից ծայրահեղությունն է այսօր մեր առջեւ կանգնած: Մենք պիտի որոշենք էն միջին ոսկյան, դրանով շարունակենք, մինչեւ էս մարդիկ հասկանան, որ Արցախը երբեւէ Ադրբեջանինը չի եղել, միշտ եղել է Հայաստանի պատմական տարածքը: Ինչ-որ մի սխալ թուղթ ստորագրվել է նախորդ դարասկզբին` հայտնվել է Ադրբեջանի կազմում: Հիմա ի՞նչ անենք, էս ամբողջ պայքարից հետո, հազարավոր զոհերից հետո մենք զիջման որեւիցե իրավունք ունե՞նք: Մեր սերունդը կների՞, եթե որեւիցե զիջում արվի: Իմ կարծիքով՝ հետդարձի ճանապարհ չկա, քննարկում չկա:

– Բայց Կազանյան փաստաթղթում, որը նախագահը վկայակոչեց որպես հարցի լուծման հիմնական փաստաթուղթ, խոսվում է փոխզիջումների մասին:

– Ես մինչեւ հիմա այն համոզմունքին եմ, որ այդ Կազանյան փաստաթուղթը միջանկյալ ինչ-որ փաստաթուղթ էր` մեղմացնելու համար հիմնախնդիրը, բանակցությունների սեղանին նստելու համար: Այ, դրանից հետո մի ուրիշ փուլ պիտի ծնվեր, որն արդեն նախապատրաստվում է: Կստացվի` շատ լավ, ժամանակ կշահենք մենք էլ: Ինչու` ոչ: Եթե Ադրբեջանը պնդում է, որ իրենց ժամացույցը հօգուտ իրենց է աշխատում, մեր ժամացույցն էլ է ոնց որ հօգուտ մեզ աշխատում. ամբողջ աշխարհի դիրքորոշումը տեսնում եք, կամաց-կամաց Արցախի մասին հասկացան: Ժամանակ կար, որ ասում էին` էս Հայաստանն ու Ադրբեջանը չե՞ն կարողանում միանան, Ղարաբաղի հարցը լուծեն ու վերջացնեն. էս վիճակից հասել ենք այսօրվա վիճակին: Ես կարծում եմ, որ ժամանակը մեր օգտին է աշխատում, եւ այդ հարցը կլուծվի:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031