Կա՞ տեսլական ու համարձակություն

Կա՞ տեսլական ու համարձակություն

Կարող են թողնել ռուսաստանաբնակ միլիոնատերերի ու միլիարդատերերի «ներդրումային բումի» ակնկալիքների հետ դեմ հանդիման

Դեռ նոր հանդարտվեցին կրքերը Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդի ներդրման հնարավորությունների մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հրապարակ նետված թեմայի շուրջ` այժմ էլ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է թեման զարգացրել:

Banks.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ ֆրանսիացի գործարարները Հայաստանի էներգետիկ ոլորտում պատրաստվում են իրականացնել ներդրումային ծրագրեր, որոնց մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին. «Ֆրանսիական խոշոր ընկերություններն այսօր ուսումնասիրում են իրենց հետաքրքրությունները ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում, հատկապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Ներդրումային ամենաառաջադեմ ծրագրերը վերաբերում են էներգետիկայի ճյուղին եւ մոտակա ամիսներին պետք է հրապարակվեն»: Դեսպանը հավելել է. «Հաղորդակից դարձնելով Հայաստանում իրենց փորձին՝ կարեւորվում է Հայաստանում արդեն իսկ գործող ֆրանսիական ընկերությունների խորհրդատվական դերն ակնկալվող ներդրողների համար: Այդ իսկ պատճառով Հայաստանի գրավչության համար շատ կարեւոր է, որ ՀՀ շուկայում հաստատված ֆրանսիական խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Carrefour-ը կամ Veolia-ն, կարողանան բարգավաճել»:

Այն, որ ԱՄՆ դեսպանի դիտարկումից հետո Ֆրանսիայի դեսպանի մակարդակով այժմ էլ ԵՄ երկիրն է Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերի մասին խոսում, վկայում է այն մասին, որ իսկապես արեւմտյան երկրները հետաքրքրված են այդ ոլորտով: Ավելին` այդ մասին բարձրաձայնելը, մտադրությունները հրապարակայնացնելը որոշակիորեն հասարակությունից պաշտպանվածություն ստանալու, ինչպես նաեւ կառավարությունից կոնկրետ քայլեր ակնկալելու նպատակ են հետապնդում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար եւ արտահայտած հույսը, թե` ՀՀ կառավարությունը կստեղծի ներդրումային հավասար պայմաններ, մեր «պատկան» մարմինները որոշեցին մեկ ամիս անց արձագանքել ու «պարզաբանել», բայց, չգիտես ինչու, ասվածի հետ կապ չունեցող «խմբագրումներով»: Նախ՝ ԱՄՆ դեսպանին որոշեցին պատասխանել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալի մակարդակով` ֆեյսբուքյան «ուղերձով»: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել է, թե 8 միլիարդ դոլարի առաջարկ չի եղել:

Ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատան կողմից մայիսին կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովում ԱՄՆ դեսպանի կարեւոր ուղերձին համահունչ արձագանք տալու հարցում, ինչպես երեւում է, մեր կառավարությունը որդեգրել է շեղելու քաղաքականությունը: Մինչդեռ դեսպանի թե՛ սկզբնական ուղերձները, թե՛ հետագայում պարզաբանումները առավել քան հստակ էին:

«Առաջին լրատվական»-ը մայիսի 22-ին Ռ. Միլսին հարցրել էր` արդյոք այդ հնարավոր ներդրումները վերաբերում են ՀՀ միայն էներգետի՞կ ոլորտին, թե՞ հեռանկարային այլ բնագավառներ էլ նկատի ունեք: «8 միլիարդ ԱՄՆ դոլարի հնարավոր ներդրումները վերաբերում են միայն ֆոտովոլտային արեւային կայաններին»: Ապա հարցրել էին` հավելյալ արտադրվող էլեկտրաէներգիան (եթե, իհարկե, դա տեղի ունենա) ի՞նչ պետք է անի ՀՀ-ն: Կամ միգուցե այս դեպքում Դուք նկատի եք ունեցել տարբեր ռեսուրսների հիմքի վրա արտադրվող էլեկտրաէներգիան արեւային էլեկտրաէներգիայով փոխարինե՞լը: Իսկ, այնուամենայնիվ, եթե արտադրությունը մեծ չափերի հասնի (չէ՞ որ Դուք 8 մլրդ դոլարի ներդրումների հնարավորության մասին եք խոսում), հավելյալ էլեկտրաէներգիան պետք է արտահանվի՞, եւ այդ առումով ո՞ր երկրները նկատի ունեք: Դեսպանը նշել էր. «Հավելյալ էներգիայի պարագայում ի հայտ է գալիս այն արտահանելու արժեքավոր հնարավորություն, սակայն որոշում կայացնողը պետք է Հայաստանը լինի: ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի միջոցով ամերիկյան օժանդակության գերակա ուղղություն է սահմանել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկ փոխկապակցելիությունն ու հոսանքի վաճառքը»:

Հունիսի 21-ին «Ազատությանը» տված հարցազրույցում դեսպան Միլսը հստակեցրել է՝ 8 միլիարդ դոլարի հաշվարկն իրականացրել է Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, իսկ ամերիկյան դեսպանատան ուսումնասիրություններն էլ փաստում են, որ նման ծավալի ներուժ առկա է. «Նշված 8 միլիարդի ներդրման մի մասը նախատեսում է ենթակառուցվածքների կառուցում, մասնավորապես՝ համապատասխան կայանների կառուցումը, որպեսզի հոսանքը փոխանցվի Վրաստան: Այդ գումարի մի մասն էլ կանաչ՝ վերականգնվող էներգետիկայի օգտագործմանը կարող է ուղղվել: Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի զարգացման համար, եւ ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա՝ այստեղ գալու եւ այդ ոլորտը զարգացնելու առումով»:

Թվում էր, թե մեր կառավարությունը պետք է հստակ արձագանքեր այս ուղերձին` ամերիկյան ներդրողների ու ամերիկյան ընկերությունների կողմից «մեծ հետաքրքրություն կա» ոլորտի նկատմամբ եւ հետեւյալ կոնկրետ պահանջին` ՀՀ կառավարությունը պետք է ստեղծի ներդրումային հավասար պայմաններ: Բայց մերոնք որոշել են հերքել մի բան, որի մասին ի սկզբանե էլ չի ասվել:

Ո՞րն է Հայաստանի կառավարության պատասխանը` պատրա՞ստ են ամերիկյան ներդրողների ու ամերիկյան ընկերությունների «մեծ հետաքրքրությունը» բավարարելու ուղղությամբ աշխատել, կամ` ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է ոլորտում ստեղծել ներդրումային հավասար պայմաններ, թե՞ մենաշնորհային «սկզբունքներից» ելնելով՝ կթելադրվեն ոչ հարմար պայմաններ: Ասվել է ընդամենը այսքանը: Ի դեպ, այստեղ հարկ է մեկ հարց-հիշեցում` ինչո՞ւ Հայաստանից հեռացավ ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը…

Եվ ընդհանրապես՝ Հայաստանի իշխանությունները նույնիսկ պետք է ուրախ լինեն, որ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության պայմաններում արեւմտյան պետությունները դեռ Հայաստանի այս կամ այն ոլորտում ներդրումների հեռանկարների ու հնարավորությունների մասին ելույթներ էլ են ունենում: Նրանք դա ամենեւին էլ պարտավոր չեն անել եւ կարող են չանել` Հայաստանը թողնելով ռուսաստանաբնակ միլիոնատերերի ու միլիարդատերերի «ներդրումային բումի» ակնկալիքների հետ դեմ հանդիման:

Հունիսի 29-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է կառավարության նիստին, որտեղ իր ելույթում նշել է. «Թափանցիկությունն ինքնանպատակ չէ եւ, անշուշտ, ինքնադրսեւորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի եւ հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր եւ բավականին ազդեցիկ միջոցներ, եւ այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ: …Մենք շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացակամ հարեւանների հետ հարաբերություններում որեւէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում»: Ապա ելույթ է ունեցել Կարեն Կարապետյանը, որը նշել է: «Պարոն նախագահ, նախ շնորհակալ ենք այցի եւ խոսքերի համար: Ուզում ենք հավաստիացնել, որ այն ծրագիրը, որ ձեւավորել է մեր թիմը, գործադիրը, իրագործելի է: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը մեզանից, շատ լավ հասկանում ենք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք տրամադրված եւ բոլոր նախատեսված մեր ծրագիրը իրագործելու ենք»: Այնուհետեւ Սերժ Սարգսյանի կողմից հնչել է ուշագրավ արձագանք. «Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչեւ հիմա արած պրծած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք»:

Հայաստանում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների կողմից հնչել են համարձակ հայտարարություններ, ուստի խառնաշփոթ հայտարարություններ տիրաժավորելու փոխարեն՝ արժե հստակ պատասխանել` ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է ՌԴ-ի մենաշնորհային դիրքերը կիսել, հնարավորություն տալ ու պայմաններ ստեղծել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետաքրքրություններին՝ ի շահ Հայաստանի զարգացման ծառայեցնելու:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք