Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ընտրակեղծարարությունն ընդունել է համակարգային բնույթ

Հուլիս 03,2017 13:58

2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի տվյալներով՝ ամենից շատ գրանցվել են ընտրակաշառքի դեպքեր: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում ընտրակեղծարարությունն ընդունել է համակարգային բնույթ, և ինքը չի էլ ակնկալում, որ իրենց արձանագրած փաստերը կհանգեցնեն լուրջ արդյունքների:

Նաև տեղեկացրեց, որ միջազգային մոնիտորինգային մեթոդիկայից ելնելով՝ իրենք չեն ներկայացրել հաղորդումներ ընտրախախտումների դեպքերով, այլ պարզապես արձանագրել են դրանք:

Նա նշեց. «Ցավոք, իրավապահ մարմինների՝ տարիների աշխատանքը ցույց է տալիս, որ դրանք կամ չեն հաստատվում, կամ եթե հաստատվում էլ են, շատ ավելի սահմանափակ մասշտաբներով, իսկ արձանագրված խախտումների՝ իրավապահների կողմից բնութագրումը զանցանքներից այն կողմ չի գնում»:

Պարոն Հոկտանյանը տեղեկացրեց, որ կիրառել են միջազգային մեթոդաբանություն, որպեսզի արդյունքները համադրելի լինեն այլ երկրներում նմանատիպ մոնիտորինգային ծրագրերի հետ: Կիրառվել է լրատվամիջոցներից քաղված տեղեկությունների ուսումնասիրությունն ու տեղերում երիտասարդ մոնիտորների իրականացրած դիտարկումները:

Անդրադառնալով արդյունքներին՝ պարոն Հոկտանյանն ասաց. «Խախտումներից ամենատարածվածն ընտրակաշառքի դեպքերն են՝ 90 դեպք, որից 53-ը տեղական մոնիտորներն են հայտնաբերել, մնացածը ստացվել է ԶԼՄ-ներից: 59 դեպք ենք ունեցել, երբ շտաբներում տեսել ենք, որ աշխատանքային ժամին են քարոզչությամբ զբաղված: 38 դեպք ենք արձանագրել, երբ պետական կամ համայնքային մարմինների կողմից ասֆալտապատման և այլ բարեկարգման դեպքեր են եղել: Անձնագրերի հավաքագրման 14, ընտրողների ցուցակագրման 11 դեպք է գրանցվել»:

Պարոն Հոկտանյանն ասաց, որ իրենց տվյալներով՝ ընտրակաշառք հիմնականում բաժանել է ՀՀԿ-ն, ընտրակաշառք են բաժանել նաև «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն և այլ կուսակցություններ:

Ըստ պարոն Հոկտանյանի՝ հետխորհրդային երկրներից միայն Հայաստանում և Ղրղըզստանում է, որ ոչ թե ճնշումներն ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների նկատմամբ են, այլ ավելի շատ քաղաքացիների, հատկապես պետական համակարգում աշխատողների, և հենց այս առումով էլ վարչական ռեսուրսի չարաշահումը, ըստ Վարուժան Հոկտանյանի, յուրօրինակ է դառնում:

Դառնալով վարչական ռեսուրսի չարաշահման կոնկրետ տեսակներին՝ պարոն Հոկտանյանն ասաց, որ պետական պաշտոնյաների աշխատաժամանակը լրջագույն վարչական ռեսուրս է. «Որքան էլ ԿԸՀ-ն հակառակը պնդի, բայց, միևնույն է, աշխատանքի ժամին քարոզչություն անելը հենց վարչական ռեսուրսի չարաշահում է համարվում»:

Վարուժան Հոկտանյանի հավաստմամբ ՝ վարչական ռեսուրսի չարաշահման համար կանխարգելիչ քայլ կարող է լինել կուսակցությունների հզորացումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31