Համայնքային գրադարանների խնդիրներից մինչեւ գրքի վարձույթով զբաղվող ընկերությունների ստեղծում

Համայնքային գրադարանների  խնդիրներից մինչեւ գրքի վարձույթով  զբաղվող ընկերությունների ստեղծում

Մասնագետի դիտարկումները

Անկախության առաջին տարիներին Հայաստանում գործում էր շուրջ 1000 համայնքային գրադարան: Այսօր դրանց թիվը կրճատվել է մինչեւ 600-ի, որոնց մեծ մասը չի գործում եւ ինչպես գրադարանավարներն են ասում՝ դիմացը խոտ է աճում: Այս առիթով «Առավոտին» իր մտահոգությունը հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ միայն 2016-17թթ. ընթացքում իրականացվել է համայնքների խոշորացման թվով 18 ծրագիր, որի արդյունքում 140 համայնքից ձեւավորվել է 18 համայնք: Պարոն Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ համայնքների խոշորացման ծրագրով գրադարանները կանգնած են փակման եզրին եւ Դասագրքերի շրջանառու հիմնադրամն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկում են, որպեսզի դպրոցական գրադարանները սպասարկեն համայնքներին, որ հանրությունը չմնա առանց գրադարան:
«Իհարկե, կան հատուկենտ համայնքային գրադարաններ, որոնց ղեկավարները ջանք չեն խնայել համայնքապետերի «կյանքն ուտելու» արդյունքում պահպանել այդ օջախները եւ այդ գրադարաններում գրեթե ամեն օր միջոցառումներ են անցկացվում, ընթերցողների լայն շրջանակ կա: Օրերս ինձ պատմեցին Դդմաշեն գյուղի գրադարանի մասին, ինչն ըստ պատմածի՝ ծաղկեցնում է այս գործը: Որոշել եմ անպայման այցելել հենց այս գրադարան: Նման երեւույթները ցույց են տալիս, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես մենք պետք է խրախուսենք ցանկությունը, պակասեցնենք խոչընդոտները»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ի՞նչ է առաջարկում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջարկում ենք, որ հրատարակիչներին ուղղվող նախարարության բյուջեն Ազգային գրադարանի կամ այլ վստահելի խողովակի միջոցով խթան հանդիսանա համայնքային գրադարանները համալրելուն: Իհարկե, այս բյուջեն չնչին է այդ գործն իրականացնելու համար, բայց այս բյուջեից մեծ կտոր թող գնա այն համայնքներին, որոնք իրենց սեփական միջոցներից ծախսում են նման նպատակի համար, ունեն վերանորոգված, կահավորված գրադարանի շենք, ունեն պատրաստված անձնակազմ եւ ընթերցող: Պետք է հիշել, որ այն ձեւով կամ եղանակով, որով խորհրդային տարիներին աշխատել են գրադարանները, վաղուց հետաքրքիր չէ ժամանակակից քաղաքացուն»: Հավելեց նաեւ, թե գրադարանավարը պետք է դառնա համայնքի բլոգերը, գրադարանը պետք է վերածվի ինքնազարգացման կենտրոնի, այնպես, ինչպես LOFT-ն է:

Արմեն Մարտիրոսյանը հիշեցնելով, որ աշխարհը գիտելիքը շատ թանկ է գնահատում, ինչի ընդամենը մի մասն է դրված համացանցում, երազում է գյուղի, փոքր քաղաքների գրադարանները տեսնել համակարգիչներով միացված աշխարհի գիտելիքի շտեմարանին: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը եւ կրթության ու գիտության նախարարությունն առաջարկում են հետեւյալ լուծումը. յուրաքանչյուր դպրոց հզոր սերվերների միջոցով միացված լինի աշխարհի գիտելիքին, ինչը հնարավոր է միայն դպրոցի համակարգչից օգտվելու դեպքում: Մենք եւ Գրադարանավարների ասոցիացիան (նախագահ՝ Ռուզան Տոնոյան) գտնում ենք, որ այս խնդրին մոտեցումները պետք է լինեն բազմակողմանի եւ բազմատարր, եւ միայն իրական մրցակցությունը կստիպի օգտվել գիտելիքների պաշարից, ինչը գրադարանն է: Հիշո՞ւմ եք այն օրը, երբ հանրությունը հասկացավ, որ չոբանի խելացի տղան չարժե որ չոբան դառնա, այլ գիտելիքներով զինվելով՝ ավելի մեծ օգուտ կբերի հանրությանը: Հենց այդ օրը ծնվեց գրադարանը»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: (Մեր զրուցակիցը նկատի ունի, որ բոլոր ժամանակներում թանկ արժեցող գիտելիքից որպեսզի չունեւոր մարդն էլ կարողանա օգտվել, ստեղծվեցին գրադարանները՝ ունեւորների աջակցությամբ):

Դիտարկմանը՝ այսօր էլ գիրքը թանկ արժե ու փաստորեն՝ «չոբանի տղայի» կամ չունեւորի համար ճոխություն է, պարոն Մարտիրոսյանը հակադարձեց. «Մեկ նորմալ գրքի թարգմանությունն ու հրատարակումը արժե 5-10 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա կտրվածքով վաճառվում է ընդամենը 40 օրինակ գիրք… Մեր խնդիրը մեծ հաշվով գիտելիքի մատչելի լինելն է եւ գիտելիքի հանրայնացումը: Երբ ժամանակին հայաստանցիների մեծ մասը չէր կարող իրեն թույլ տալ տեսաերիզ գնել, դրանք վարձում էին, չէ՞… Կարծում եմ, որ ժամանակն է Հայաստանում ծնվեն գրքի վարձույթով զբաղվող ընկերություններ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք