Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերջ հերթեր ու հրմշտոց Գյումրու անձնագրայինում

Նոյեմբեր 10,2017 17:52

Մոտ 15 օր է՝ Գյումրու անձնագրային ծառայությունում վաղ առավոտից մինչև ուշ երեկո մեծ հերթեր են գոյանում՝ նույնականացման քարտ ձեռք բերելու հետ կապված։

Հերթ պահողներն ու կանգնողները պետական կառույցների աշխատակիցներն են՝ դպրոցի մանկավարժներ, պայմանագրային զինծառայողներ և այլք, որոնք երբեմն ստիպված են կտրվել աշխատանքից ու գալ անձնագրային ծառայություն՝ սոցիալական փաթեթից չզրկվելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության N 915-Ն որոշմամբ․«Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը»։

Կառավարության որոշումից շատերը նեղված են և ոչ միայն այն պատճառով, որ նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար սահմանված է 3 հազար դրամ պետական տուրք, այլ նրա համար, որ ստիպված են ժամերով կանգնել, հրմշտոցի մեջ ընկնել։ Մարդիկ երբեմն հերթ են պահում առավոտյան ժամը 7-ից, սակայն հերթը հասնում է կեսօրին միայն։ Հերթ կանգնելու ընթացքում էլ երբեմն վիճաբանություններ են լինում հերթը խախտելու փորձեր կատարող անձանց հետ։ Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ ծանոթ մեջ գցել չի լինում, ծանոթ գցելու փորձերն ավարտվում են մեծ վիճաբանությամբ։

Մի խոսքով, Գյումրու անձնագրայինում բավական ծանր վիճակ է այս առումով, ներսում գրեթե կանգնելու տեղ չկա։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի Մուշի անձնագրային բաժանմունքի պետ Արթուր Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աշխատում են սահմանված աշխատանքային ժամից շատ ավելի, առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 20-ը, 20․30 ու օրական սպասարկում են նույնականացման քարտ ստանալու համար դիմած առնվազն 100-120 քաղաքացիների։ «Բոլոր այն աշխատակիցները, որոնք օգտվում են սոցփաթեթից, օրենսդրական փոփոխություն հետ կապված պարտադիր ստանալու են նույնականացման քարտ։ Բոլոր աշխատողները իրենց հարմար օրերի, ժամերի են մոտենում, որի պատճառով էլ կուտակումներ են ստեղծվել անձնագրային ծառայությունում։ Անձնագրային ծառայությունը սպասարկումը նորմալ կատարում է, ոչ մի քաղաքացի, ինձ թվում է , դժգոհ չպետք է լինի մեր աշխատանքից, ուղղակի մի քիչ երկար սպասելու խնդիր կա։ Մենք առավոտյան ժամը 9-ից աշխատում ենք ու մինչև հերթ կանգնած վերջին մարդուն չսպասարկենք, չենք ավարտում աշխատանքը։ Եղել է, որ մինչև ժամը 20-20․30 աշխատել ենք՝ սպասարկելով մարդկանց, որպեսզի դժգոհություններ չառաջանան։

Անձնագրային ծառայությունում հերթերը հիմնականում կապված են նույնականացման քարտ ստանալու հետ, մնացած ծառայություններում այդպես չէ»,-ասաց Արթուր Վարդանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930