Չկան չեզոք փորձագետներ

Չկան չեզոք փորձագետներ

Ուրբաթ օրը Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով Վանաձորի ավագանու նիստերն անօրինական են ճանաչվել: Նիստերը գումարում էր փոքրամասնությունը, մեծամասնությունը դրանք բոյկոտում էր, եւ նման վիճակը, պարզ տրամաբանությամբ, չի կարող նորմալ համարվել: Բայց պարզ տրամաբանությունը մի բան է, իսկ իրավական ձեւակերպումները՝ բոլորովին այլ: Դրանք «խուճուճ» են, խրթին եւ հնարավորություն են տալիս կողմերին տարբեր, տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ անելու:

Եվ այստեղ է, որ պետք է անաչառ, չքաղաքականացված մասնագետի, փորձագետի գնահատականը, որը կբացատրեր մեզ, թե ինչ է բխում ՍԴ որոշումից: Որովհետեւ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ որոշումից բխում է, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, եւ նշանակվեն նոր ընտրություններ: Իսկ գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարծում է, որ որոշումից ոչ մի բան էլ չի բխում՝ ինչպես իշխել են քաղաքում, այնպես էլ կշարունակեն իշխել:

Մենք՝ լրագրողներս, շատ արագ պարզեցինք, որ մասնագետներ չկան, իսկ եթե կան, նրանք որեւէ ցանկություն չունեն այդ թեմայով խոսելու:

Եվ իրոք, Վլադիմիր Նազարյանի (Ռուբենիչի, ինչպես բոլորն էին նրան անվանում) մահվանից հետո պետական իրավունքի ամենահայտնի մասնագետներից մեկը, որին ես, օրինակ, տարիներ շարունակ դիմում էի խորհրդատվության համար, երբ գրում էի նման թեմաներով, Հրայր Թովմասյանն էր: Բայց նա սկզբից դարձավ արդարադատության նախարար, այնուհետեւ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար, իսկ հիմա պատգամավոր է: Եվ ոչ թե սովորական պատգամավոր, այլ ՀՀԿ (այսինքն՝ Մամիկոն Ասլանյանի կուսակցության) խմբակցության անդամ եւ խորհրդարանի ամենակարեւոր՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Ասում են, դառնալու է նաեւ ՍԴ նախագահ: Այսինքն՝ շահերի բախումն ակնհայտ է:

Իսկ մյուս հայտնի մասնագետը` Վարդան Պողոսյանը, ինչպես նաեւ համապատասխան ամբիոնի պրոֆեսորներն ու դոցենտները, կրկնեմ, չեն ուզում պարզաբանել ՍԴ որոշումը: Կռահում եմ, թե ինչու:

Ընդհանրապես, ես զգում եմ քաղաքականապես չեզոք մասնագետների պակասը: Մարդկանց, որոնք ոչ մի կողմից ոչ մի շահագրգռվածություն չունեն, ոչ մի բանից ու ոչ մեկից կախված չեն, ունեն խորը գիտելիքներ ու անում են իրենց գործը: Ես ունեմ այդ մարդկանց պահանջարկը, բայց արդյո՞ք հասարակության մեծ մասն ունի: Ինձ թվում է` ոչ: Մեծամասնությունը պահանջ ունի իր մոլորությունները, նախապաշարումներն ու սնահավատությունները հաստատող տեղեկությունների եւ մարդկանց: Չկա պահանջարկ` չկա առաջարկ:

…Այնուամենայնիվ, հետաքրքիր է, ինչպե՞ս Ռուբենիչը կմեկնաբաներ վանաձորյան այս թնջուկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Կարծում եմ, այս դեպքում պահանջարկ-առաջարկի սկզբունքը նույնպես գործում է, մեր քաղաքացիների մեծ մասն ունի անաչառ մասնագետի կարծիքի պահանջ, հենց դա է պատճառը, որ տարբեր ոչ մասնագետների կարծիքներ լսում են շատ մեծ ուշադրությամբ և բերում, որպես անհերքելի ճշմարտություն՝ գիտականորեն հիմնավորված վերլուծություն: Իսկ ստեղծված իրադրության մեղավորները իրական մասնագետներն են, որոնք իրենց այդ պահի մի փոքրիկ շահն առավել են դասում, քան մասնագիտական պատվախնդրությունն ու կա՛մ տալիս են հարցերին շահագրգիռ պատասխան, կա՛մ էլ նախընտրում են լռել հնարավոր կորուստներից խուսափելու համար: Սա այն դեպքերից է, երբ հասարակական կարծիքը պետք է և կարող է ձևավորել մտավորականը՝ որոշակի ոլորտի մասնագետը, բայց նա նախընտրում է «անցավ գլուխը ցավի տակ չդնել»:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ես իրավաբան չեմ, բայց խմբագրել եմ այդ բնույթի բազմաթիվ գործեր՝ «քիթս խոթելով» (ինչպես մեկ-երկու անգամ ինձ «պարզաբանվել է») դրանց բովանդակության մեջ, և հետևելով իմ սովորությանը՝ նայեցի բոլոր այն հոդվածները, որ հիշատակվում էին ՍԴ որոշման մեջ, և ՀԱՍԿԱՑԱ, որ որոշումը գրվել և հիմնավորվել է այնպես, որպեսզի յուրաքանչյուրը մեկնաբանի ըստ իր ցանկության ու վերջում հաղթանակի պաշտոնական, այն է՝ հհկամետ մեկնաբանությունը: Եվ պայմանավորված դրանով՝ «ԵԼՔ»-ի կողմից առաջադրված խնդիրն ու դրա վերաբերյալ որոշումը, ինչպես նաև որոշման եզրակացությունն ու դրա հիմքում ընկած հոդվածները ԲԱՑԱՐՁԱԿ կապ չունեն միմյանց հետ:

  3. Ruben says:

    Դավիթ Հարությունյանը հո Սոֆի Լորենը չի, որ սիրեմ.Վլադիմիր Նազարյան

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք