Լրահոս
Օրվա լրահոսը

80 հազար բուժծառայողի հարցում «Ծառուկյան» խմբակցությունը չկողմնորոշվե՞ց

Նոյեմբեր 17,2017 19:15

Այսօր ԱԺ-ում քննարկվեց եւ քվեարկության դրվեց «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել էին ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանն ու Հրայր Թովմասյանը:

Այդ նախագիծը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնության կանխարգելմանը եւ 80 հազար բժշկի հարցում կողմնորոշվեցին եւ ՀՀԿ-ականների նախաձեռնությանը կողմ քվեարկեցին անգամ «Ելքի» պատգամավորները:

Մինչդեռ «Ծառուկյան» խմբակցությունը այդպես էլ ոչ դեմ, ոչ էլ կողմ չքվեարկեց, մնացին ձեռնպահ: Բժիշկներին ծեծելու խնդրին կարծես անտարբեր էին նաեւ երկու ՀՀԿ-ականներ` բռնցքամարտիկ Արթուր Գեւորգյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրանք նույնիսկ դեմ քվեարկեցին:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ ձեր խմբակցությունում էլ կան բժիշկներ, ինչպե՞ս ստացվեց, որ բժիշկներին վերաբերող այս հարցում դուք չկողմնորոշվեցիք եւ ձեռնպահ քվեարկեցիք: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք չենք առաջնորդվում՝մեր խմբակցությունում բժիշկ, փականագործ կամ կենսաբան կա՞, թե՞ ոչ: Մեզ համար կարեւորը սկզբունքն է: Որեւէ մեկը երբեւէ կողմ չի կարող լինել բռնությանը՝ անկախ նրանից, թե բռնություն ում նկատմամբ է կիրառվում՝ բժշկի, լրագրողի, թե մեկ այլ մասնագիտության տեր մարդու: Եթե ասում են, որ վերջին շրջանում բժիշկների նկատմամբ բռնության դեպքերն աճել են, ես էլ ասում եմ, որ բոլոր տարիների վիճակագրությամբ ամենառիսկային խմբում են լրագրողները: Վերջին տարիներին լրագրողների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի զգալի աճ կա: Հիմա եկեք Քրեական օրենսգրքում առանձին տող սահմանենք՝ լրագրողի նկատմամբ բռնությունը քրեական ավելի խիստ պատասխանատվության ենթարկելու: Ինձ համար հասկանալի չէ այդ մասնագիտական տարբերակումը: Բռնություն կա նաեւ ուսուցիչների նկատմամբ: Դրա համար մենք որոշեցինք լինել ձեռնպահ, որովհետեւ եթե սկսենք տարբերակել, թե որ մասնագիտության տեր մարդկանց նկատմամբ են ամենաշատը բռնություն կիրառում, ամենաառաջինը լրագրողների հարցով պետք է զբաղվենք»:

Մեր դիտարկմանը, որ այս նախագծում 80 հազար բժշկի հարցն է դրված եւ ինչպես օրենքի հեղինակներն ասացին, սա կանխարգելիչ բնույթ ունի, սա ձեզ համար հիմնավոր պատճառաբանություն չէ՞ օրենքում նման լրացում անելու՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես էլ ասում եմ՝ 100 քանի հազար ուսուցիչ կա: Բազմաթիվ են դեպքերը, որ ուսուցչի հանդեպ են նաեւ բռնություն իրականացնում: Մահվան ելքով դեպքեր կան նաեւ տաքսիստների հանդեպ բռնության պատճառով: Մենք ասում ենք՝ խնդիր չկա, մենք կարող էինք նաեւ այդ նախագծին կողմ քվեարկել, բայց սա մեզ համար սկզբունքի հարց է: Մեզ համար հասկանալի չէ մոտեցումը: Եվ քանի որ հասկանալի չէ, մենք չենք կարող կուրորեն կողմ քվեարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930