Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է պետությունը մեղմելու թանկացումները. «Պանիրն էժան վաճառեն՝ ո՞վ է իրենց վարկը փակելու»

Հունվար 13,2018 16:30
panir

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը որոշ գյուղմթերքների թանկացումների օբյեկտիվ պատճառները կասկածի տակ է առել: Մակարյանը մասնավորապես նշել է, որ իրենց հաշվարկներով՝ դիզվառելիքի ներկայիս թանկացումը լոլիկի եւ խաղողի, կարտոֆիլի դեպքում 1-2 դրամի սահմաններում պետք է ազդի: Պանրի թանկացման վերաբերյալ էլ Մակարյանը վստահեցրել է՝ մի քանի տոկոս տատանում կա. «Պանրի թանկացումները 2017-ի դեկտեմբերին 2016-ի դեկտեմբերի նկատմամբ 10%-ի սահմաններում է, բայց կաթը ամռանն են մթերել, այդ ժամանակ կաթը եղել է բավականին էժան: Հիմիկվա կաթից ոչ ոք պանիր չի պատրաստում: Վերամշակողները պետք է պարզաբանեն սա»:

Պանրի թանկացումը, ըստ Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի, օբյեկտիվ է: Գիգոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 2017 թվականը առանձնահատուկ էր կաթվատվության առումով. կիթը մեկ ամիս ուշ սկսվեց, սովորաբար կիթի պիկ սեզոնը մայիսի սկզբից է լինում, այս տարի հուլիսին եղավ. «Բայց սա չի նշանակում, որ մեկ ամիս ուշ էլ ավարտվեց կիթը: Հակառակը՝ օգոստոսին այնպիսի չորացումներ եղան, որ այն բարձր սարերում, որտեղ խոտը գրեթե երբեք չէր չորանում, նույնիսկ այնտեղ էր չորացել: Արդյունքում քիչ ծավալի կաթ արտադրվեց»: Այսինքն՝ կովերը, այսպես ասած, «կուշտ փորով» կանաչ խոտ չեն կերել, հետեւաբար քիչ կաթ են տվել:

Ըստ Գիգոյանի՝ կաթի ծավալի պակասը 10-20% է եղել: Միության նախագահն ասաց, որ պանրագործությունն այն ոլորտն է, որտեղ ազատ մրցակցություն է, մենաշնորհ չկա, եւ ազատ շուկայական հարաբերություններ են, իսկ պանրի գինն էլ 10-20% է բարձրացել, այն էլ աշնանը, ոչ թե, ինչպես Մակարյանն էր նշել՝ դեկտեմբերին:
«Պանրի գինն այնքան բարձրացավ, որքան որ հումքի պակաս է եղել: Գնի բարձրացումը սպեկուլյացիայի հետեւանք չէր, այլ պահանջարկ-առաջարկի բալանսում եղած տարբերությունն էր պատճառը: Ինչ վերաբերում է դեկտեմբերի թանկացմանը, սա սպեկուլյացիոն էր, եւ սա միայն պանրին չի վերաբերում, շատ ապրանքատեսակներ դեկտեմբերին թանկացան: Սա բնորոշ է Հայաստանին, տոնական օրերին այլ երկրներում էժանություն է, մեզ մոտ՝ հակառակը»,- ասաց Գիգոյանը:

Չանախ տեսակի պանիրը, ինչպես Գիգոյանն ասաց, ամենաշատ սպառվողն է, այս տեսակի պանրի՝ խանութներին հանձնման գինը 1600-1800 դրամ էր, շատ քիչ դեպքերում 2000 դրամ է եղել: Գիգոյանը վստահեցրեց՝ հաճախ հանձնման գներն իջնում են, բայց խանութներում վաճառքի գինը չի իջնում. «Խանութներում պանրի գնագոյացման հիմնական գործակիցներից մեկը ավելացված արժեքի հարկն (ԱԱՀ) է: Սա պանրագործների համար ամենախոցելի խնդիրն է: Պանրագործների գերակշռող մասը՝ 80-90%-ը, շրջանառության հարկով է աշխատում, միայն մի քանի խոշորներն են ավելացված արժեքի հարկով աշխատում: Խանութը պանրի վրա 20% ԱԱՀ է դնում, արդյունքում գինը բարձրանում է: Սա օբյեկտիվ պատճառն է: Սուբյեկտիվ պատճառն էլ այն է, որ խանութների մեծ մասը հակված է բոլոր ապրանքների դեպքում գները չփոխել, երբ անգամ տվյալ ապրանքի հանձնման գնի նվազում է լինում: Խանութները գները իջեցնում են այն դեպքում, երբ խիստ մրցակցային դաշտում են, կամ ապրանքի լճացում է լինում: Այս դեպքում պանրի լճացում չի լինում, սա միշտ վաճառվող ապրանք է»:

Փոխնախարարի՝ ամռանը կաթի գինը բավականին ցածր է եղել վստահեցումներին Գիգոյանը հակադարձեց. «Եթե ասում է՝ մթերվել է էժան գնով, չարաչար սխալվում է:
Երեւանում մթերվող կաթի գինը 200 դրամ է, իսկ հեռավոր մարզերում՝ 130 դրամ: Եկեք հասկանանք՝ սա թա՞նկ է, թե՞ էժան: Սա ո՛չ թանկ է, ո՛չ էժան, պարզապես կառուցվածքը ձեւավորված չէ: Մեծ քանակությամբ կաթ մթերողները Երեւանին մոտ գտնվող գործարաններն են, նրանք մարզերում էլ ցանցեր ունեն, մի տեղ էժան են գնում, մի տեղ՝ թանկ»: Պանրարտադրությունում նաեւ կաթի փոշի է օգտագործվում, արդյոք դրա գնի փոփոխությունը կարո՞ղ էր ազդեցություն ունենալ պանրի ինքնարժեքի վրա, Գիգոյանը վստահեցրեց՝ ոչ:

Գիգոյանը կասկածի տակ է առնում կաթի մթերման գյուղնախարարության ցուցանիշները: Ըստ Գիգոյանի՝ նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանում տարեկան մթերվում է մոտ 700 հազար տոննա. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայաստանում երբեք իրենց ասած քանակի կեսի չափ կաթ չի արտադրվել: Երբ հարցնում ենք՝ որտեղի՞ց եք ստացել այս թիվը, հղում են անում Ազգային վիճակագրական ծառայությանը: Վերջինս էլ ասում է՝ մարզպետարաններից է թվեր ստանում, մարզպետարաններն էլ՝ գյուղապետարաններից, գյուղապետարաններն էլ անասնագլխի քանակ են հաշվում, հետո կթվող կովերի քանակն են առանձնացնում ու մոտավոր թվեր ասում: Սա անհեթեթություն է: Մեր տարբեր տեսակի հաշվարկներով՝ 350 հազար տոննայի շեմը չենք կարողանում անցնել»::

Թանկացումներին նաեւ երկրի նախագահն էր անդրադարձել. Սերժ Սարգսյանն օրերս խորհրդակցության ժամանակ պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի՝ ներկայացնել լուծումներ: Գյուղնախարարությունն իր մասով սկսել է նախագահի հանձնարարականով աշխատել, ինչպես Մակարյանն է վստահեցրել երեկ, ուսումնասիրում են գյուղմթերքների արտադրության ոլորտում գնաճի պատճառները. «Պետք է հասկանանք՝ խնդիրը որն է, որպեսզի կարողանանք իրավիճակը վերահսկել եւ կառավարել»: Թե ինչպես եւ ինչ մեխանիզմներով է գյուղնախը վերահսկելու կամ կառավարելու ոլորտը՝ առաջիկայում այս գերատեսչության աշխատանքից պարզ կլինի: Սակայն շատ փորձագետներ մշտապես պնդում են՝ մեր երկրում նման խնդիրները ներքին կարգով ու «վերեւից» իջեցվող ներքին հրահանգներով ու միջամտությամբ են լուծվում: Հատկապես հիմա այս խնդիրը սուր է, քանի որ հանրության շրջանում դժգոհություններ կան:

Արդյոք այս դեպքում պանիր արտադրողները կարո՞ղ են «քավության նոխազ» դառնալ, եւ հնարավո՞ր է ճնշումների արդյունքում գները նվազեցնեն՝ մեր այս հարցին ի պատասխան Գիգոյանը հիշեցրեց նման մի նախադեպ: «Նման բաներով անցել ենք 2012-ին: Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ պանրի գների կտրուկ բարձրացում եղավ: Որոշ խոշոր արտադրողների կանչել էին ու մատ թափ տվել, անգամ ՊԵԿ-ն էլ էր կանչել նրանց, թե՝ էս ինչ եք անում, գներն իջեցրեք: Եվ ի՞նչ եղավ: Ընկերություններից մեկի ղեկավարը երեխայի պես նեղացավ: Այդ էժանացման պարտադրանքի արդյունքում լավ արտադրանք չէին կարող տալ, որակը վատացավ: Բիզնեսին նեղացրին, ինչը լավ բանի չբերեց: Մյուս արտադրողներն էլ փորձեցին իջեցնել գինը, բայց շատ չկարողացան: Գների կարգավորումը եղավ հաջորդ սեզոնին: Բիզնեսը վախենում է, եթե մի բան այն չէ, վախենում են, գիտեն՝ մի բան այն չանեն, կգան հերները կանիծեն: Միեւնույն է, անգամ այս վախենալու դեպքում չկարողացան պանրի գինը շատ իջեցնել: Չի աշխատելու ճնշման մեթոդը: Բիզնեսը թեթեւ միջամտությանը չի դիմանա: Հիմա պանիրն էժան վաճառեն՝ ո՞վ է իրենց վարկը փակելու»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

12.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031