Լրահոս
Օրվա լրահոսը

20 րոպեում՝ 5 բեռնատար․ տխուր պատկեր վարչապետի փայփայած փողոցում (Տեսանյութ,ֆոտոշարք)

Մարտ 23,2018 18:01

Մի քանի օր է ՝սոցցանցերում գյումրեցի օգտատերերի կողմից լուսանկարներ են հրապարակվում ու մտահոգություններ հնչում առ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրով վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցի սալիկները ճաքում են, որոշ հատվածներում էլ ջարդվել են։ Այս փաստը ֆիքսել է նաև Գյումրու քաղաքապետարանը․ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը լուսանկարների մի մեծ հավաքածու ունի փողոցից․ քաղաքային իշխանությունները շինարարին հարկադրելու են վերացնել թերությունները, քանի որ ճարտարապետի ասելով, այն դեռ երաշխիքային ժամկետի մեջ է։

Երեկ մենք զննեցինք այդ փողոցը, այն ճեմելու համար պահանջվում է մոտ 20 րոպե, փողոցի որոշ հատվածներում իրոք ճաքված սալիկներ կան, սակայն ճաքերը միգուցե և չառաջանային, եթե այդ հատվածով չանցնեին բեռնատարները։ Ու չնայած բեռնատարների մուտքը փողոց արգելվում է, արգելանշանները փակցված են, սակայն ծանր մեքենաները, միմյանց հերթ չտալով, հարակից փողոցաշինության համար շինանյութ են կրում-տանում հենց Ռուսթավելու անվան փողոցով։

Ստացվում է, որ մի կողմից ահռելի ծախսեր է կատարվում՝ փողոց վերանորոգում (այն արդեն ծառայում է իր նպատակին, տուրիստների հոսքն այստեղ չի դադարում), մյուս կողմից էլ հարակից փողոցները ևս տուրիստականի վերածելու համար, վերանորոգվածն ավերում են։

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին հարցրեց՝ թե ինչի՞ց են առաջացել ճաքերը, արդյոք պատճառը ձեռք բերված սալիկների անորակ լինե՞լն է, շինարարի անփութությո՞ւնը, թե՞ բեռնատարների անարգել երթևեկելը։ Նաև հարցրեցինք՝ թե ո՞վ պիտի պատասխան տա բեռնատարների ազատ երթևեկության համար, և սա այն դեպքում, երբ գյումրեցիներից շատերն ափսոսում են անգամ փողոցով քայլել, որ հանկարծ սալիկները չմաշվեն։ Ի դեպ, փողոցի պաշտոնական բացման ժամանակ միջոցառմանը մասնակցող գյումրեցիներից շատերն առաջարկում էին այն ճեմափողոցի վերածել, որպեսզի մեքենաներն անգամ չերթևեկեն։

«Որոշ տեղամասերում որոշ թերություններ կան, բայց ընդհանուր առմամբ չէի ասի, թե վիճակը վատ է։ Սալիկներն, իրոք, հատուկ որակն ունեն, ես ձեզ ճիշտ եմ ասել, որ հատուկ տեղից ենք պատվիրել սալիկները, ուղղակի ցանկացած շինարարական աշխատանք ունենում է թերություններ։ Լինում են նաև թերացումներ՝ որոշ չափով կապված մարդկային գործոնի հետ, կապված եղանակային պայմանների հետ, իդեալական չի կարող լինել։ Երաշխիքային ժամկետի մեջ է այդ բոլորը, մենք այդ բոլոր նկատված թերությունները ֆիքսել ենք, արձանագրել ենք և ներկայացնելու ենք և՛ շինարարին, և՛ կապալառուին, պատվիրատուին։ Եվ այդ բոլորն անպայման կվերանան»,-վստահեցրեց ճարտարապետը։

Մեր դիտարկմանը՝ չմտահոգվե՞նք, չտխրե՞նք այս վիճակի համար, ճարտարապետն ասաց․ «Չէ, որովհետև մենք ավելի շուտ ենք նկատել, քան դուք՝ լրագրողներդ, և ավելի շատ մենք ենք շահագրգռված, որպեսզի մեր աշխատանքն իզուր չանցնի»։

Զրույցի ընթացքում գլխավոր ճարտարապետն ակնարկեց, որ ճանապարհային ոստիկանությունը պատշաճ չի կատարում իր պարտականությունները, այդ պատճառով էլ բեռնատարներն ազատ երթևեկում են։ Նա ասաց, որ պետք է դիմել համապատասխան ծառայություններին՝ պետավտոտեսուչներին, որպեսզի իրենք իրենց գործը լավ կատարեն։

Իրոք այնպիսի տպավորություն է, որ թանկարժեք այս փողոցը ճանապարհային ոստիկանությանն ընդհանրապես չի հետաքրքրում, նրանք բավարարվել են միայն արգելանշաններ փակցնելով։

Հ․Գ․ Ի դեպ, Գյումրու լուսանկարիչներից մեկը մեզ տրամադրեց այնպիսի լուսանկարներ, որոնցում երևում է, թե  ինչպես են որոշ բնակիչներ  իրենց մեքենաները կայանում մայթերին։ Ամենայն հավանականությամբ, սա ևս լուրջ պատճառ է դառնում, որպեսզի  շքեղ փողոցի մայթերն էլ շարքից դուրս գան, ճաճքվեն։ Այս փաստերը մեկ անգամ ևս խոսում են այն մասին, որ փողոցում անհապաղ անհրաժեշտ է տեսախցիկներ տեղադրել, հսկողություն սահմանել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031