Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիաները փոխարինում են պայքարի բովանդակությանը. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 17,2018 11:52

Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող ցույցերն ու երթերը արդեն իսկ բացահայտել են, որ դրանց «տեխնոլոգիական կողմը» գերակա է քաղաքական բովանդակության հանդեպ, ուստիեւ արժանի է հատուկ քննության։
Ներկա բողոքի ցույցերի ընթացքում փորձ է արվում տարբեր միջոցներով արհեստականորեն մեծացնել մասնակիցների թիվը՝ մի կողմ դնելով «ուղեղային մշակման»՝ համոզելու եւ ապացուցելու խնդիրը։ Սա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կիրառած հանրահավաքային մարտավարության ճիշտ հակառակ հնարքն է։

Վերջինս հստակորեն սահմանված որոշակի վայրում տեղի ունեցող բողոքի միջոցառումները փաստորեն վերածում էր քաղաքական դասախոսությունների երկար շարանի, իսկ միտինգավորների մեծ մասը գալիս էր ոչ թե իր բողոքը հայտնելու, այլ Լ.Տեր-Պետրոսյանի հերթական «լեկցիան» ունկնդրելու համար։

Պատահական չէ, որ եթե 2008-ի բողոքի հանրահավաքների վայրը Ազատության հրապարակից աստիճանաբար տեղափոխվեց Մատենադարանի առջեւի հարթակ, ապա ներկա հանրահավաքների կենտրոնը դարձավ նույն հրապարակին հարող Ֆրանսիայի հրապարակը։ Որովհետեւ այս վայրը ոչ թե միտինգների համար նախատեսված տարածք է, այլ դրանք քաղաքական գործողությունների վերածելու հարթակ։
Ֆրանսիայի հրապարակին տիրելու շնորհիվ միտինգավորները փակել են Մաշտոցի պողոտան, որը Երեւանի փոքր կենտրոնի երկու հիմնական շրջանցիկ ուղիներից մեկն է՝ Խանջյան փողոցի հետ միասին։ Սա նաեւ արտասահմանյան հյուրերի համար օդանավակայանը մայրաքաղաքին կապող երթեւեկի հիմնական ճանապարհն է։

Սրանով գործի դրված մայրաքաղաքի կենտրոնի կյանքը կազմալուծելու ծրագիրը բացահայտվեց երեկ, երբ բացի վերը նշված երկու մայրուղիներից՝ փակվեցին մի քանի ճանապարհների հանգույցներ։ Սրանից պարզ դարձավ, որ բողոքի միջոցառումների մասնակիցները նպատակ ունեն ոչ թե հանրությանն ուղղված ելույթների միջոցով ապացուցել իրենց ճշմարտացիությունը, այլ ստեղծել այնպիսի կացություն, երբ շարքային քաղաքացին ուղղակի ստիպված է լինելու թողնել իր առօրյա զբաղմունքները, լցվել փողոցներն ու հրապարակները եւ ապահովել անհրաժեշտ մարդաքանակ։

Այս խնդրի իրականացմանը լրացուցիչ գրավչություն ապահովելու նպատակ էին հետապնդում նաեւ կարճատեւ եւ գրեթե բովանդակությունից զուրկ միտինգներին ուղեկցող երգ ու պարը, վրանները, երթերն ու ակցիաները դեպի Երեւանի պետական ու մանկավարժական համալսարաններ։ Որովհետեւ վաղուց է հայտնի, որ մեր ուսանողության շրջանում ստվար թիվ են կազմում դասերից փախչելու առիթ փնտրող երիտասարդները, ուստի երեկ հենց նրանք էլ դարձան ցույցերի հիմնական մասնակիցները։

Մյուս գործողությունը, որով փորձ է արվում լրացուցիչ գրավչություն հաղորդել ներկայացմանը, պարբերաբար մեր փողոցներում պառկող Վարդգես Գասպարիի սովորույթի լայն ընդօրինակումն է։ Բայց եթե Գասպարին պառկում է ուր պատահի, ապա ներկա բողոքի ակցիաների մասնակիցները հիմնականում պառկում են երթեւեկելի մայրուղիների վրա, ինչը կաթվածահար է անում հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30