Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը ձեռքը խփեց սեղանին՝ պահանջելով սոցապնախարարի հետ հանդիպում

Մայիս 04,2018 16:37

Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ցույց էին կազմակերպել: Այս օրերին մեկը մյուսի հետեւից արցախյան պատերազմի ազատամարտիկներին նամակներ են գալիս, որ նրանք զրկված են հաշմանդամության կարգից ու թոշակից: Ոմանց կարգերն էլ փոփոխվել են՝ 1-ից դառնալով 2-րդ, երկրորդից՝ 3-րդ:

Aravot.am-ի հետ զրույցում, ազատամարտիկները նշեցին, որ նման որոշում կայացվել է բժշկասոցիալական փորձաքննությունն անցնելուց հետո. «Մեկի աչքը չկա, ասում են գնա թուղթ բեր, որ աչքդ չկա, մեկն առանց թեւ է, մյուսը կոնտուզիա ստացած է եւ գտնվում է հոգեկան վիճակում: Վերցրել են մարդկանց կարգը հանել, թոշակից զրկել: Այդ գումարով գոնե դեղորայք էին գնում: Իսկ մնացած ծախսերի՝ սննդի, կոմունալների մասին էլ չենք ասում: Մարդիկ աշխատունակ չեն, որպեսզի այդ ծախսերը հոգան»:

Ազատամարտիկների խոսքով, շատերի հաշմանդամության կարգը անգամ ցմահ է եղել, բայց դա էլ հաշվի չեն առել:
Ազատամարտիկ Գալուստ Մինասյանի ներկայացմամբ, պատերազմում «փորը ցրիվ է եղել, գլուխը բացվել է» եւ արդեն 9 տարի է՝ ցմահ հաշմանդամություն ունի, սակայն ապրիլի 20-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նամակ է ստացել, որ նրան զրկում են ե՜ւ կարգից, ե՛ւ թոշակից: Նամակում ասված է, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել:

Գալուստ Մինասյանն այսօր նախարարության՝ քաղաքացիների համար ընդունելության սենյակում ձեռքը խփելով սեղանին պահանջում էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իրեն ընդունի, որ հարցնի՝ ի՞նչ խղճով են իր եւ իր նման շատերի հետ այդպես վարվում. «Ես նախարարի ու նրա ընտանիքի համար էլ եմ պատերազմ գնացել, հիմի պահանջում եմ, պատասխան տա՝ ինչո՞ւ են մեզ մի կտոր հացից էլ զրկում»:

Ազատամարտիկ Մինասյանն ասաց, որ մինչեւ հիմի բնակվում է Այգեզարդ գյուղում՝ շարժական տնակում. «Հերթագրված եմ բնակարանի համար, կարգից կտրում են, որպեսզի բնակարանն էլ չտան»:

Քաղաքացիներին ընդունել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: Նա ազատամարտիկներին խորհուրդ տվեց նամակ գրել, որպեսզի նրանց հարցը եւս մեկ անգամ ուսումնասիրվի:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաիյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով իրականացվել է վերահսկողական փորձաքննություն, որի արդյունքներից մարդիկ դժգոհ են եւ արտահայտում են իրենց բողոքը. «Ես խոստացա, որ բոլորի գործերը մեկ անգամ եւս կվերցվեն հատուկ ուշադրության ներքո՝ հաշվի առնելով խնդրի հնչեղությունը եւ այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է արցախյան ազատամարտի մասնակիցներին: Մեկ անգամ եւս կվերցվի խիստ հսկողության ներքո եւ մեկ անգամ եւս կնայվեն այդ գործերը՝ որոշելու համար՝ վերջիվերջո, որ որոշումն է իրավաչափ կամ որ որոշումն է ճիշտ: Այն որոշումը, որը որ բեկանվել է եւ առաջացրել է այս բողոքը, թե այն որոշումը, որը որ այս պահին կայացվել է»:

Մեր հարցին, թե հավանականություն կա՞, որ կվերանայվեն ազատամարտիկների վերաբերյալ կայացված որոշումները, պարոն Սաիյանն ասաց, որ այս պահին չի կարող ոչինչ ասել, քանի որ խնդիրը նոր է ծագել եւ կոնկրետ լուծումներ չկան ձեռքի տակ. «Ամեն դեպքում պետք է որեւէ կասկած որեւէ մեկի մոտ չլինի, որ կայացված որոշումներն իրավաչափ են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031