Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը՝ Արա Ղազարյանին. «Չեմ պատկերացնում, օրինակ` Նորվեգիայում մարդը սկզբունքորեն հրաժարվի պաշտպանից, բայց նրան պարտադրեն»

Օգոստոս 30,2017 10:46

Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է…

Արիստոտել

Երեկ 1-ին լրատվական կայքում կարդացի Արա Ղազարյանի դիտարկումները Ժիրայր Սէֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպանությունը ստանձնելու համար դատավորի կողմից ներգրաված հանրային պաշտպանի (Մարինե Թովմասյան) իրավաչափության հարցով:

Պարոն Ղազարյանը բավականին հմուտ տիրապետում է Եվրոպական իրավունքի նորմերին, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի նախադեպերին և առկա երևույթը մեկնաբանում է՝ ելնելով դրանցից, փաստորեն արդարացնելով և հիմնավորելով դատավորի որոշումը:

Կարելի էր համաձայնել Արա Ղազարյանի հետ, եթե Հայաստանը եվրոպական արդարադատության չափանիշներին համապատասխանող պետություն լիներ…

Եվրոպայի Խորհուրդը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ժողովրդավարություն (որը ենթադրում է ազատ, արդար ընտրություններ), օրենքի գերակայություն (որը ենթադրում է դատական համակարգի լիարժեք անկախություն) և վերջապես վերոնշյալ երկու արժեքներից ածանցվող ՝ մարդու իրավունքներ:

1. Արդյոք պարոն Ղազարյանն իր դատողություններն անելիս համարո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետությունը եվրոպական չափանիշներով առաջնորդվող ժողովրդավարական երկիր է, այսինքն՝ ՀՀ-ում ընտրությունները համապատասխանում են նույն եվրոպական չափանիշներին: Որպեսզի կողմնակալ չլինենք, Արա Ղազարյանի օրինակով կարելի է հղում անել եվրոպական կառույցների (ԵՄ,ԵԽ,ԵԱՀԿ ) զեկույցներին Հայաստանի բոլոր ընտրությունների վերաբերյալ:

2. Արդյոք պարոն Ղազարյանը համարո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը, մասնավորապես դատական համակարգը անկախ է: Էլի կարող եմ օրինակներ բերել և ԵԱՀԿ-2009թ. մոնիթորինգային զեկույցից, և ԵԽ-ի, ԵՄ-ի կողմից կատարված տարբեր զեկույցներից: Այս բոլոր զեկույցներում նշվում է Հայաստանի դատական համակարգի ոչ անկախ լինելը: Համոզված եմ, որ պարոն Ղազարյանը քաջատեղյակ է այս բոլոր զեկույցներում բերված փաստերին և հիմնավորումներին:

3. Արդյոք Հայաստանի դատավորների համար, ինչպես ենթադրում է պարոն Ղազարյանը գերակա՞ է արդարադատության շահը, մասնավորապես՝ քրեական դատավարության ողջ գործընթացին պաշտպանի ներգրավվածությունը: Նորից հղում անենք Եվրոպայի խորհրդին, այս անգամ այդ կառույցի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներին Հայաստանի վերաբերյալ: Սկսած 2002թ. մինչև վերջին 2016թ. զեկույցներում շեշտվում է, որ կոմիտեն հիմնավոր փաստեր ունի ոստիկանական բաժիններում բերման ենթարկվածների նկատմամբ բռնությունների մասին: Որոշ դեպքերում դրանք կարելի է բնորոշել որպես խոշտանգում: Եվ ավելացնում, որ հաճախ ազատազրկման պահից ձերբակալվածները չեն ունեցել պաշտպաններ: Արդյոք այդ նույն խոշտանգվածներին հետագայում դատելիս, Հայաստանի դատավորները, այդ թվում Սեֆիլյանին դատող դատավորը, հիշե՞լ են «արդարադատության գերակա շահի» մասին և միայն պաշտպան չունենալու պատճառով արդարացրել ամբաստանյալներին, կամ գոնե քննություն սկսել պաշտպանից զրկելու և խոշտանգման փաստերով: Իհարկե՝ ոչ:

Եվ հանկարծ այս տարի ընթացող քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններում ՀՀ դատավորները, նույն Սեֆիլյանի գործով դատավորը, հանուն այդպես կոչված «արդարադատության գերակա շահի» ամբաստանյալների և փաստաբանների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում և առանց ամբաստանյալների ցանկության՝ այլ հանրային պաշտպան ներգրավում: Եվ արդյոք ներգրավված հանրային պաշտպանները, այդ թվում Մարինե Թովմասյանը գործո՞ւմ են հանուն «արդարադատության գերակա շահի», թե՞…, փոխանակ համերաշխություն ցուցաբերելու իրենց պայքարող կոլեգաներին:

Եվ վերջապես՝ մի կողմ դնենք միջազգային, եվրոպական իրավունքների մասին պարոն Ղազարյանի մեկնաբանությունները: Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, օրինակ` Նորվեգիայում մարդը սկզբունքորեն հրաժարվի պաշտպանից, բայց նրան պարտադրեն (գուցե սխալվու՞մ եմ): Իսկ Հայաստանում, թե ինչու են պարտադրում, կարծում եմ բոլորի համար, այդ թվում և Արա Ղազարյանի, էլ պարզ է:

Հ.Գ. Բացարձակապես անընդունելի է հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին վարկաբեկումներն այն բանի համար, որ նա եղել է Հարսնաքարի գործով ամբաստանյալներից մեկի պաշտպանը: Ցանկացած, նույնիսկ ամենածանր հանցագործության մեջ կասկածվող, նաև ամենածանր հանցագործություն կատարած անձը պետք է ունենա պաշտպան, ցանկալի է որակյալ և փորձառու: Ովքեր չգիտեն այս տարրական ճշմարտությունը խորհուրդ կտայի հեռու մնալ իրավապաշտպանական գործունեությունից…

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031