Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական պատվիրակությունը չի որոշում այդ հարցն օրակարգում պահե՞լ, թե՞ չպահել». Արփինե Հովհաննիսյան

Հունվար 12,2018 12:20

Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Մինսկի խմբի ձևաչափն այլ հարթություններ տեղափոխելու համար: Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հարցազրույց է տվել, որում նշել է, որ հունվարի 22-26-ը Ստրասբուրգում անցկացվելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ղարաբաղյան հակամարտության թեման պահելու են ԵԽԽՎ օրակարգում:

Ըստ Սեիդովի՝ դրան անգամ չի խանգարի հունվարի սկզբին՝ ադրբեջանական պատվիրակության երեք անդամների փոփոխությունը:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Սամադ Սեիդովի հայտարարությունները մտահոգի՞չ են: Տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Ադրբեջանական պատվիրակության համար օրակարգում միշտ էլ կա այդ հարցը. հանիրավի մեղադրանքներ են հնչեցնում, յուրաքանչյուր պատեհ ու ոչ պատեհ առիթ օգտագործում այդ հարցը շահարկելու և ՀՀ իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար: Այնպես որ, Սամադ Սեիդովն այս առումով ոչ մի նորություն չի բացահայտել: Ինչ վերաբերում է Վեհաժողովի մանդատին, ապա ադրբեջանական պատվիրակությունը չի որոշում այդ հարցը օրակարգում պահե՞լ, թե՞ չպահել: Մենք բազում առիթներով կրկնել ենք, որ խորհրդարանական վեհաժողովն, ընդհանրապես, մանդատ չունի հակամարտությունների կարգավորման հարցում: Ցավալի է, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը մինչև այս պահը դա չի հասկանում և չի ուզում ընդունել»:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն առավել պետք է մտահոգված լինի սեփական պատվիրակության և երկրի հեղինակությամբ ու վարկանիշով ոչ միայն վեհաժողովում, այլև, առհասարակ, մնացած բոլոր տեղերում՝ կապված կոռուպցիոն սկանդալների հետ, այլ ոչ թե ամեն՝ նույնիսկ զավեշտի առարկա դառնալու գնով փորձի հարցը բերել այնպիսի կառույցների օրակարգ, որոնք դրա կարգավորմանը մասնակցելու մանդատ չունեն»:

Ադրբեջանական պատվիրակության անդամներն անդրադարձել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 24-ին կայանալիք Ստրասբուրգ այցին և ելույթին վեհաժողովում: Մասնավորապես ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հայտարարել է. «Եթե Հայաստանի նախագահն իր ելույթում կրկին հանդես գա Ադրբեջանի հասցեին մեղադրանքներով, ապա մեր պատվիրակությունն արժանի պատասխան կտա դրան»:

Հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի այցելության օրը լարումներ լինեն, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ ադրբեջանական պատվիրակության կողմից սպասելի է: Սպասենք, կտեսնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031